Դատարանն անօրինական է համարել Թրամփի՝ նաև Հայաստանին վերաբերող որոշումը
Sat, 22 Aug 2026 21:16:01 +0400
ԱՄՆ դաշնային դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրներից կասեցնելու որոշումը, այդ թվում՝ Հայաստանից դիմողներին։
Reuters-ի տվյալներով՝ Նյու Յորքի Հարավային շրջանի դատավոր Ջանեթ Վարգասը քաղաքականությունը համարել է «ակնհայտորեն անօրինական»՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները և խախտել դաշնային ներգաղթային օրենքը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպը հունվարին հայտարարել է ներգաղթային վիզաների մշակման կասեցման մասին։
Դատավորը նշել է, որ արգելքը գործնականում սահմանափակում է վիզաների տրամադրումը միայն դիմորդի քաղաքացիության հիման վրա և հակասում է ներգաղթային վիզաների մշակման օրենսդրական գործընթացին։
Քաղաքականության դեմ հայցը ներկայացրել են մարդու իրավունքների կազմակերպությունները, ներգաղթային վիզաների դիմորդները և ԱՄՆ քաղաքացիները, որոնք հովանավորել են իրենց հարազատների տեղափոխությունը։
Պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանել դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ սահմանափակումներ են կիրառվել հետևյալ երկրներում՝ Աֆղանստան, Ալբանիա, Ալժիր, Անտիգուա և Բարբուդա, Հայաստան, Ադրբեջան, Բահամյան կղզիներ, Բանգլադեշ, Բարբադոս, Բելառուս, Բելիզ, Բութան, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Կամբոջա, Կամերուն, Կաբո Վերդե, Կոլումբիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կուբա, Դոմինիկա, Եգիպտոս, Էրիթրեա, Եթովպիա, Ֆիջի, Գամբիա, Վրաստան, Գանա, Գրենադա, Գվատեմալա, Գվինեա, Հայիթի, Իրան, Իրաք, Կոտ դ’Իվուար, Ճամայկա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Քուվեյթ, Ղրղզստան, Լաոս, Լիբանան, Լիբերիա, Լիբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մոնղոլիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Մյանմա, Նեպալ, Նիկարագուա, Նիգերիա, Պակիստան, Կոնգոյի Հանրապետություն, Ռուսաստան, Ռուանդա, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Գրենադիններ, Սենեգալ, Սիեռա Լեոնե, Սոմալի, Հարավային Սուդան, Սուդան, Սիրիա, Տանզանիա, Թաիլանդ, Տոգո, Թունիս, Ուգանդա, Ուրուգվայ, Ուզբեկստան և Եմեն։