Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել
Mon, 24 Aug 2026 21:15:32 +0400
«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունման օրը, կազմակերպել էր հանրային քննարկում` «Քաղաքական հետապնդումները` որպես միահեծան իշխանության հետևանք» թեմայի շուրջ: Քննարկման առանցքում ներկայիս իշխանության կողմից իրականացվող քաղաքական տեռորի, դրա հիմք հանդիսացող խորքային խնդիրները և դրանց լուծմանը վերաբերող հարցերն էին:
Բանախոս-կազմակերպիչներից ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով հանրային քննարկմանը, նկատեց. «Այս քննարկումների հիմնական առանցքն այն է, որպեսզի ցույց տանք հանրությանը, թե ինչպես է միահեծան իշխանությունն այնպիսի պայմաններ ստեղծում, որ մեկ կուսակցությունն անի այն, ինչ ուզում է, և թե դա ինչպես է ազդում կյանքի տարբեր ոլորտների վրա: Այս անգամ քննարկման թեման քաղաքական բանտարկյալներն էին, թե ինչպես է միահեծան իշխանության գործողությունների արդյունքում այսքան քաղաքական բանտարկյալ գոյացել: Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հայկական շահերի դեմ օրակարգ է վարում: Նրա ձեռքերում են հայտնվել բոլոր ուժային կառույցները, անգամ անկախ ՄԻՊ-ը, այդ պատճառով էլ այսքան քաղաքական բանտարկյալներ ունենք: Բայց քաղաքական բանտարկյալները Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Բելառուսում իրարից շատ են տարբերվում: Օրինակ` Ադրբեջանում մարդուն ազատազրկում են 15 տարով այն բանի համար, որ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղություն է քարոզել, իսկ Հայաստանում պատկերը հակառակն է: Մարդկանց բանտարկում են հայկական շահը սպասարկելու համար: Նիկոլ Փաշինյանի նպատակը Հայաստանը թուրքական աշխարհի մեջ տարրալուծելն է: Կետ առ կետ քայլեր են կատարում, օրինակ, ընտրություններ են կեղծում, այսօր էլ ԱԺ-ում Փաշինյանը խոսեց Անկախության հռչակագրի մասին, և այսպես շարունակ: Այս պրոցեսը ունի նաև ենթանպատակներ, ինչի արդյունքում գոյանում են քաղբանտարկյալներ: Նա բանտարկում է բոլոր նրանց, ովքեր խանգարում են իր նպատակներն իրագործելուն: Պատահական չէ, որ ընտրություններից առաջ բանտարկեցին Անդրանիկ Թևանյանին, Ավետիք Չալաբյանին տարան կալանքի հետընտրական շրջանում, որպեսզի «ՀայԱքվեն» չկարողանա այդ ընթացքում կազմակերպչական հարցերով զբաղվել, չկարողանա պայքարել ընտրակեղծիքների դեմ, այլ զբաղվի Չալաբյանի ազատության հարցով: Կամ եթե հիշենք, թե Արցախը հանձնելուց առաջ ովքեր էին կալանավորվում, ապա նույնպես կհասկանանք, որ այդ ամենը պատահականություն չէր. Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, ինչու չէ` Մանվել Գրիգորյան և այլն: Այս բոլոր գործողություններն ապօրինի են: «Հանրային դաշինք»-ը քաղաքական խոսույթի փոփոխության խնդիր է տեսնում, մենք կարծում ենք, որ խնդիրը միահեծան համակարգն է: Անկախության հռչակագրի ընդունման օրը հատուկ էինք ընտրել: Այսօր Անկախության հռչակագիրը պաշտպանող մարդիկ քաղբանտարկյալներ են, կամ էլ նման վտանգի տակ են: Եղիշե Չարենցի արձանը ևս հատուկ էր ընտրված, քանի որ Չարենցը միահեծան իշխանության պատճառով բռնաճնշումների ենթարկվեց, ապա բանտում մահացավ»: