Սերգեյ Բագրատյանն էլ է հարկեր թաքցնելու համար դատվել
Mon, 24 Aug 2026 22:15:11 +0400
Նախկինում ԲՀԿ-ական, այժմ ՔՊ- ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը մեղադրվում է խմբի հետ մոտ 1,5 միլիարդ դրամի հարկեր թաքցնելու մեջ: Բագրատյանի որդու հետ մեղադրյալի աթոռին են ևս 3 անձ՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյանը, Սարգիս Արմենի Պետրոսյանը, Ազատ Սերժիկի Գրիգորյանը։
ՔՊ-ական պատգամավորի որդու համար խափանման միջոց է ընտրվել երաշխավորությունը։ Ըստ մեղադրանքի՝ նա օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին` օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը չներկայացնելով, հարկային մարմին ներկայացված օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելով, ինչպես նաև կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.314.520.530 ՀՀ դրամի վնաս։
Շատերը մոռացել են, սակայն նրա հայրը` Սերգեյ Բագրատյանը ևս ժամանակին հարկեր չվճարելու համար դատապարտվել է, հետո՝ համաներումով ազատվել պատժից: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ «Սերգեյ Պապաշի Բագրատյանը հանդիսանալով «Վայք Հյուրանոց» ԲԲԸ -ի տնօրեն, 2007 թ. հուլիսի 30-ին 70 մլն դրամով վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Վայք քաղաքի Շահումյան 25 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները, գործարքի վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափերով` 8.258.969 դրամ հարկերը վճարելուց, այդ թվում շահութահարկ` 3.026.684 դրամ, ավելացված արժեքի հարկ` 5.232.285 դրամ, որը տույժ և տուգանքների հետ միասին կազմում է 35.798.418 դրամ»։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով («Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը»)։ Մինչև դատաքննությունն սկսելը Ս․ Բագրատյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ համաձայն է մեղադրանքի հետ:
2009թ․ մայիսի 25-ին Եղեգնաձոր քաղաքում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանը վճռել է Սերգեյ Բագրատյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել ազատազրկման` 1 տարի ժամանակով: Եւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամանակով: 2009թ․ հունիսի 24-ին դատավոր Լ․ Պողոսյանը որոշել է կիրառել ՀՀ Ազգային Ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և Սերգեյ Բագրատյանին ազատել պատժից: