«Հրապարակ». Կարող եք զանգել պարոն Մեջլումյանին, հարցնել՝ ինչի՞ չի աշխատում գործարանը
Thu, 27 Aug 2026 11:45:53 +0400

Օգոստոսի 18-ին մեծ շուքով նշվեց Ալավերդի քաղաքի տոնը: Համայնքապետարանի կազմակերպած մեծ համերգային ծրագրի ժամանակ ալավերդցիներին շնորհավորական խոսք հղեցին Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը՝ ներկայացնելով վերջին տարիներին համայնքում կատարված աշխատանքները:
Մեզ հետ զրույցում ալավերդցիներն ասացին․ «Ալավերդու տոնը նախկինում միշտ ասոցացվել է Մետալուրգի օրվա հետ։ Այս տարի, չգիտեմ ինչ սկզբունքով, որոշել էին տոնել օգոստոսի 18-ին: Բայց մարզային բնակավայրերի մեծ մասում չկան աշխատող գործարաններ, այսինքն՝ կա աշխատատեղերի մեծ խնդիր: Մեր բնակավայրերում մշտական ապրող բնակչությունը կիսով չափ պակաս է։ Երբ երեկոյան պտտվեք քաղաքով, բազմաբնակարան շենքերի պատուհանների մթությունը դա կհաստատի: Բնակչությանը 365 գորշ օրեր պարգեւելուց հետո մեկ օրվա տոն պարգեւելը բարոյական չէ։ Իշխանությունների կողմից անտեսված է արդյունաբերության ոլորտը: Այն վերականգնել է պետք, առանց արդյունաբերության այս երկիրը չի կարող ապագա ունենալ: Գարնանը Դեբեդի կիրճը ծաղկում է։ Աղետալի ջրհեղեղից մեկ տարի հետո միայն սկսեցին վերականգնողական աշխատանքներ Ալավերդում, Ախթալայի մոտակայքում դեռ ափամերձ հատվածների ամրացման աշխատանքներ են գնում, հատված կա՝ ոչինչ չի արվել: Միակ տեսանելի աշխատանքը դեկորատիվ լճերի ձեւափոխումն է՝ մի կտորը խաղահրապարակ է դառնալու, մյուսը՝ շատրվանով լճակ, բայց ավարտված չէ։ Անցյալ տարվանից քաղաքային ավտոբուսներն են փոխել։ Բայց ինչ էլ արվի, դա ոչինչ է աշխատատեղերի խնդրի լուծման հետ համեմատած, քանի որ ստիպված՝ ամբողջ ընտանիքներով կամ մասամբ լքում են իրենց տները: Հինգ տարի է՝ համար 2 միջնակարգ դպրոցն են կառուցում, այս պահին ներքին հարդարման աշխատանքներն են կատարում: Զորավար Անդրանիկի փողոցը 8 ամիս խճապատ վիճակում էր, մի ամիս առաջ մի շերտ ասֆալտապատեցին, իսկ մայթերը մինչեւ հիմա քանդված վիճակում են»: Ալավերդի քաղաքի պատմության մեջ առաջին անգամ քաղաքի տոնին չի մասնակցել քաղաքի գլխավոր խորհրդանիշ հանդիսացած պղնձաձուլական գործարանը: Թե ինչ սեւ կատու է անցել գործարանի եւ համայնքապետի միջեւ, դժվար է ասել:
Մենք մի քանի հարց ուղղեցինք Դավիթ Ղումաշյանին:
– 2024 թ. ջրհեղեղից 2 տարի է անցել, աղետի հետեւանքներն ամբողջությամբ վերացվե՞լ են:
– Ամբողջությամբ՝ ոչ, կան մասամբ տարածքներ, որ դեռ չեն վերացվել, բայց նախարարությունը մրցույթ է հայտարարել, իմ տեղեկություններով, շինարարն էլ կա, մոտ ժամանակներում աշխատանքները սկսելու են:
– Մարզպետը հայտարարեց, որ Ալավերդին դարձել է շինհրապարակ, կա՞ մի ծրագիր, որն ավարտված է:
– Այս պահին շինհրապարակ է։ Դեկորատիվ լճերի ձեւափոխման աշխատանքներն այս պահին 80%-ով ավարտված են, երկրորդ փուլով շատրվանների հատվածն է մնացել, մրցույթը դրվել է, շինարարը շահել է, ենթադրում եմ՝ 1 ամսից դա էլ կավարտվի: Ի դեպ ասեմ, որ դրանք այն տարածքներն են, որ համայնքապետարանը հետ է բերել մասնավորից: Կան նաեւ ծրագրեր, որ ավարտին են հասցված, բակային տարածք ունենք՝ վերանորոգված, տանիքներ ունենք՝ վերանորոգված եւ էլի լիքը ծրագրեր:
– Ալավերդցիները նշում են, որ քաղաքի թիվ 2 դպրոցը 5 տարի է՝ կառուցում են, չեն ավարտում, եր՞բ կավարտվի:
– Ցավոք սրտի, կա այդպիսի բան, մինչեւ սեպտեմբերի 1-ը պետք է որ ավարտված լինի, բան չի մնացել, վերջին շտրիխներն են մնացել։ Ոչ բարեխիղճ շինարարի էր հանդիպել մեկ, երկու անգամ:
– Ալավերդի համայնքում աշխատատեղերի հարցը մնում է չլուծված, մարդիկ աշխատանք չունեն:
– Բայց համայնքն ի՞նչ աշխատատեղ պիտի ունենա, ո՞ր համայնքն ունի աշխատատեղեր: Մեզ մոտ կա պղնձի գործարան, կարող եք զանգել պարոն Մեջլումյանին, հարցնել՝ ինչի՞ չի աշխատում գործարանը: Լիքը աշխատատեղ կա, նույնիսկ համայնքապետարանում ունեմ աշխատատեղ, հրավիրում եմ աշխատանքի:
ՀԳ․ Ալավերդու օրվա տոնակատարությանը ներկա մարզպետ Արեն Մկրտչյանը բեմ բարձրանալուց հետո գրկել էր իր աղջկան եւ ասում էր. «Մարիա, հազարավոր մարդկանց առաջ խոստանում եմ քեզ` գլուխդ բարձր ես պահելու, որտեղ էլ անունս տաս: Կանցնեն երկար տարիներ, կդառնաս չափահաս ու կդիտես այս տեսանյութը։ Քեզ ու բոլոր ներկաներին խոստանում եմ` դու եւ մեր բոլոր երեխաներն ապրելու եք բարեկարգ գյուղերում ու քաղաքներում։ Ես իմ խոստումը միշտ պահում եմ»։ Ոչ միայն փոքրիկ Մարիան, հանրությունն էլ է հետեւելու այս խոստմանը, թե ինչպես եք պահել այն` այնպե՞ս, ինչպես 2024-ի ջրհեղեղից հետո, երբ մայիսի 26-ին, վարչապետի որոշմամբ, ընդգրկվեցիք Լոռու եւ Տավուշի մարզերում աղետի գոտու օպերատիվ շտաբի կազմում եւ խոստացաք կարճ ժամանակում վերացնել աղետի հետեւանքները, այնինչ մինչ օրս դրանք վերացված չեն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր