Թշնամու կերպարը

Թշնամու կերպարը

Mon, 31 Aug 2026 11:45:31 +0400


Եթե նկատել եք, վերջին ժամանակներս՝ մասնավորապես հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ դրանցից հետո, կարծես, մեկեն շատացան «օտարերկրյա լրտեսների», «ազդեցության գործակալների» ու «պետական դավաճանների» բացահայտման դեպքերը։ Արդյո՞ք կապ ունեն այդ «բացահայտումները», կասկածելի, ըստ էության, ոչ օրինակարգ ընտրությունների հետ։ Պարզվում է՝ ունեն: Քանի որ թեման բնույթով բացառապես ակադեմիական է, հետեւաբար այն մասնագիտորեն վերծանելու հարցում մեզ «կօգնի» XX դարի (1906–1975) գերմանա-ամերիկյան ամենաազդեցիկ փիլիսոփաներից ու քաղաքական տեսաբաններից մեկը՝ Հաննա Արենդտը։

Նրա աշխատանքները հիմնականում կենտրոնացած են ամբողջատիրության, իշխանության, ազատության եւ մարդու իրավունքների վերլուծության վրա: «Տոտալիտարիզմի ակունքները» գրքում հեղինակը ներկայացնում է այն գաղափարը, համաձայն որի` տոտալիտարիզմը սոսկ ամբողջատիրական կամ բռնապետական իշխանության տեսակ չէ։ Դա իշխանության ձեւ է, որը նպատակ ունի վերահսկելու ոչ միայն մարդկանց վարքագիծը, այլեւ մտածողությունը, իրականության ընկալումն ու հասարակության ողջ կառուցվածքը։ Նման համակարգերը, Արենդտի մեկնությամբ, մշտապես ունեն թշնամու կարիք։ Այդ «թշնամին» կարող է լինել արտաքին պետություն, ներքին քաղաքական ընդդիմություն, ազգային, սոցիալական կամ սուբէթնիկ խումբ, ինչպես, օրինակ՝ ՀՀ-ի դեպքում արցախցիները։

Մի խոսքով՝ վերը նկարագրված տիպի իշխանությանը թշնամու կերպարն անհրաժեշտ է մի քանի պատճառների բերմամբ. ա/ հասարակությանն իր շուրջը համախմբելու համար. բ/ հարկ եղած դեպքում «մեղավորներ» գտնելու եւ տնտեսական, քաղաքական ձախողումները նրանց վրա բարդելու համար. գ/ արտակարգ միջոցներն ու սահմանափակումները թշնամու կերպարով արդարացնելու համար (պետության՝ մշտական սպառնալիքի տակ լինելուն հավատացող հանրությունը հեշտ է ընդունում ազատությունների սահմանափակումը): Ըստ Արենդտի, ամբողջատիրական համակարգի «կատարյալ քաղաքացին» ոչ թե տվյալ կարգի համոզված գաղափարական կողմնակիցն է, այլ այն անձը, որը չի տարբերում փաստը հորինվածքից եւ ճշմարտությունը՝ ստից:

Այդ դեպքում մարդը դադարում է ինքնուրույն դատողություններ անել եւ սկսում է ընդունել այն իրականությունը, որն իրեն ներկայացնում է իշխանությունը։ Մարդիկ միաժամանակ կարող են հավատալ «ե՛ւ ամեն ինչի, ե՛ւ ոչնչի»: Եթե քաղաքացին համոզված է, որ բոլորը ստում են, կորցնում է ճշմարտությունը գտնելու ցանկությունը։ Արենդտի մեկ այլ կարեւոր գաղափարի մեկնությամբ՝ բռնապետական համակարգերում պայքարը երբեք չի ավարտվում։ Մեկ «թշնամու» վերացման դեպքում նրա տեղը հայտնվում է մեկ ուրիշը։ Չէ՞ որ քաղաքական ողջ համակարգը խարսխված է պայքարի գաղափարի վրա, եւ իշխանությունն անընդհատ նոր «թշնամու» կարիք ունի՝ հանրությանն իր տեսադաշտում համախմբված պահելու համար:

Հիմա դառնանք Հայաստանին, որտեղ կարելի է ամբողջատիրությանն ու բռնապետությանը հատուկ գրեթե բոլոր երանգները գտնել: Ներկա վարչակարգի «թշնամիները» բոլորիս ծանոթ սուբյեկտներ են՝ «կռվից թռած արցախցիներ», «թալանչի նախկիններ», «ՌԴ օգտին աշխատող լրտեսներ», «այլասերված հոգեւորականներ», «փողի դիմաց ընդդիմությանը ձայն տվողներ» եւ այլն: Աշխարհի բազմաթիվ բռնապետական համակարգերի հանգույն Հայաստանում եւս իշխանությունները ձգտում են լայնորեն վերահսկողության տակ պահել հասարակական կյանքի բոլոր ոլորտները՝ ի չարս օգտագործելով դատաիրավական ատյաները, հարկային մարմինները, ոստիկանությունը, վարչական լծակներն ու քարոզչամիջոցները:

Հաննա Արենդտի տեսությունը Հայաստանի հանրային դաշտում շատ հաճախ դրսեւորվում է «օտար ազդեցության գործակալների», «լրտեսության», «պետական դավաճանության» կամ «հակապետական գործունեության» մեղադրանքներով, ինչպես նաեւ հասարակության բեւեռացման, ներազգային ատելության ու թշնամանքի գեներացման երեւույթներով։ «Առակս զի՞նչ ցուցանէ». ցանկացած հասարակությունում վտանգավոր է այն իրավիճակը, երբ քաղաքական պայքարը փոխարինվում է «թշնամու» անվերջ փնտրտուքով, իսկ քաղաքացին անզոր է գտնվում փաստերն ինքնուրույն վերլուծելու եւ իր ընտրյալից հետեւողականորեն հաշվետվություն պահանջելու հարցում:

«Հայացք Երեւանից»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

5 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

5 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

6 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

6 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

6 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago