Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Tue, 01 Sep 2026 16:38:32 +0400

Հայաստանի համար Իրանի հետ կապը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն՝ հատկապես արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու և այլընտրանքային ճանապարհներ ապահովելու տեսանկյունից։ Այս մասին անդրադարձ է եղել «Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» և ՀԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը նվիրված քննարկման ընթացքում։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում հասնել կայուն խաղաղության և հարաբերությունների կարգավորման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։ Սակայն, նրա կարծիքով, այդ գործընթացը չպետք է հանգեցնի Հայաստանի՝ մեկ կամ երկու հարևան երկրներից կախվածության խորացմանը։
Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների այն մոդելը, որի շրջանակում Հայաստանի հիմնական ռազմավարական ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի տարածքով, կարող է ստեղծել միակողմանի կախվածության ռիսկեր։ Այդպիսի իրավիճակը, ըստ Զուրաբյանի, երկարաժամկետ առումով կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի պետական շահերի և ինքնուրույն քաղաքականության համար։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում Իրանի ուղղությունը։ Իրանի հետ հաղորդակցությունը Հայաստանի համար հնարավորություն է պահպանելու դեպի արտաքին աշխարհ այլընտրանքային կապը և խուսափելու տարածաշրջանային մեկ կենտրոնից չափազանց մեծ կախվածությունից։
«Հայաստանին, իհարկե, պետք է հաշտություն և խաղաղություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց պետք է նաև հասկանանք, որ չի կարող այդ խաղաղությունը կառուցված լինել Հայաստանի միակողմանի կախվածության վրա»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր