Նոր պաշտոնանկություներ կլինեն
Thu, 03 Sep 2026 19:56:04 +0400

Երեւանի քաղաքապետարանում նոր պաշտոնանկություններ են սպասվում։ Տիգրան Ավինյանի թիրախում վարչությունների պետերն են։
Բանն այն է, որ թեեւ Երևանի ՏԻՄ ընտրություններին դեռ երկու տարի կա, բայց Ավինյանն Ազգային ժողովի ընտրություններից հետո հասկացել է, որ Երևանում հաղթելը դժվար է լինելու, եւ եթե ԱԺ ընտրությունների ժամանակ ողջ թիմով լծվել էին՝ բոլոր հնարավոր ու անհնար, օրինական ու անօրինական տարբերակներով Երևանում հաղթելու գործին, ապա մայրաքաղաքում հաղթելու գործը մեծապես իր ուսերին է դրված լինելու, իսկ պարտվելու դեպքում անձամբ ինքը շատ թանկ գին է վճարելու։ Սա է նաև պատճառը, որ Ավինյանը ազատվեց իր խոսնակ Արտյոմ Կարապետյանից: Մեր աղբյուրներն ասում են, որ հիմնական պատաճռն այն էր, որ վերջինս չի ցանկացել սոցցանցերում ՔՊ-ականներին բնորոշ ակտիվություն դրսևորել։ Կարապետյանի պաշտոնում նշանակվել է Ավանի նախկին փոխթաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը, ով ԱԺ նախընտրական ցուցակում չընդգրկվեց։
Հիմա, երբ ԱԺ ընտրությունների արդյունքում մի շարք նախկին պաշտոնյաներ անգործ են մնացել, Ավինյանը որոշել է նրանցով ուժեղացնել իր դիրքերը, որոնք նաեւ սոցցանցերում աշխատանք կտանեն։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնին, որը Մարգարիտ Խաչատրյանի հեռանալուց հետո թափուր է մնացել, պետի պարտականություններն այժմ կատարում է նրա տեղակալը` Ելենա Հարությունյանը, իսկ փոխարինող դեռ չեն գտել։ Սա առաջին դեպքը չէ, որ հանրակրթության վարչության պետն ազատվում է եւ նա իրականացնում է պետի գործառույթները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր