«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը
Thu, 03 Sep 2026 22:18:26 +0400

Այն պահին, երբ իշխանությունը քաղաքական դաշտը փորձում է մաքրել ընդդիմադիր ձայներից, այլախոհությունն իր ճանապարհը գտնում է այնտեղ, որտեղ գուցե ամենաքիչն ենք սպասում՝ թատրոնի բեմում։
Սեպտեմբերի 3-ին մեկնարկեց «Առաքել» ներկայացման նոր եթերաշրջանը։ Հրանտ Թոխատյանի և Սամվել Թոփալյանի բեմական երկխոսությունը առաջին հայացքից թեթև ու պարզ հասկանալի ներկայացում է, սակայն դրա տակ շատ լուրջ հարցեր են թաքնված՝ մեր ընտրությունների, արժեքների, սխալների ու պատասխանատվության մասին։
Բեմից հնչող հարցերը տարրական են, բայց անհարմար. ինչո՞ւ ենք մենք «ասֆալտ», ո՞վ է պատասխանատու այն իրականության համար, որ տարիներ շարունակ շարժվում ենք «որտեղ հաց, այնտեղ կաց» տրամաբանությամբ, և, ի վերջո, ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր ընտրել Սասունցի Դավթին, ոչ թե Քաջ Նազարին։
«Առաքել»-ը միայն երկու դերասանի խաղ չէ։ Այն պատմություն է մեր մասին՝ մեր ձևավորած և երբեմն մեզ պարտադրված արժեքների, մեր ընտրությունների ու դրանց հետևանքների մասին։ Մեր՝ երբեմն անսպասելի հերոսության, երբեմն հուսահատվելու, իսկ երբեմն էլ ամեն ինչից ձեռք քաշելու որոշումների մասին։
Ներկայացումը մի շնչով նայելու համար է․ հետաքրքիր ոչ միայն որպես թատրոն, այլև որպես մեր հասարակության մասին խոսող հայելի։
Իսկ Հրանտ Թոխատյանի փայլուն կատարումն առանձին պատճառ է ներկայացումը տեսնելու համար։
«Առաքել»-ը գուցե ձեզ պատրաստի պատասխաններ չտա, բայց հաստատ ստիպելու է մի քանի անհարմար հարց տալ ինքներդ ձեզ։ Իսկ երբեմն հենց դրանից էլ սկսվում է ամենակարևոր խոսակցությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր