Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Այս կալանավորումները` Ադրբեջանում եւ Հայաստանում, փոխկապակցված են

«Հրապարակ». Այս կալանավորումները` Ադրբեջանում եւ Հայաստանում, փոխկապակցված են

Fri, 04 Sep 2026 09:45:59 +0400


Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված նախկին պաշտոնյաները փորձում են հակադրվել այս իշխանությունների վարած Արցախի ուրացման քաղաքականությանը եւ ինչ-որ ձեւով պահպանել Արցախի կառավարման մարմինները, չքնեցնել 100 հազարից ավելի արցախահայերի վերադարձի իրավունքը: «Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Արցախի՝ հավատալով, որ հայկական Արցախը պետք է ապրի, եւ այդ հավատը պարտադրում է մեզ շարունակել այդ գործը»,- ասում է արցախցի պատգամավոր Գագիկ Բաղունցը: Իսկ Հայաստանի գործող իշխանությունները ղարաբաղյան շարժումը շարունակելը, արցախահայերի վերադարձի իրավունքի մասին քննարկումները Հայաստանի անվտանգության համար վտանգավոր են համարում, ընդդիմադիրներին մեղադրում են Ադրբեջանի դեմ պատերազմ հրահրելու մեջ: «Ղարաբաղի շարժումը խաղաղության եւ անվտանգության հետ անհամատեղելի է եղել։ Եվ մենք մեզ հաշիվ ենք տվել, ասել ենք՝ լավ, ինչի՞ մեջ է մեր ընտրությունը, եւ մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, արցախցիներն ու Արցախը հիշող հայերը մի շարք միջոցառումներ իրականացրին, անգամ ֆրանսահայ համայնքն էր Բաքվի բանտերում գտնվող հայերի նկարներով ակցիա կազմակերպել Փարիզում: Մարդիկ այցելեցին Եռաբլուր, ապա Արցախի ներկայացուցչության շենքում միջոցառում անցկացրին: «Հրապարակը» զրուցել է Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղբալյանի հետ:

– Հայաստանի իշխանությունները որեւէ խոսք չասացին Անկախության օրվա առիթով` ո՛չ հիշատակի խոսք, ո՛չ շնորհավորանք, ո՛չ ցավակցություն ու ափսոսանք: Անգամ արցախցիների հիմնարար իրավունքների եւ հայ ռազմագերիների մասին են իշխանավորները վախենում խոսել: Ձեր կարծիքով` ո՞րն է սրա պատճառը: Ինչի՞ց են այսքան վախենում նրանք:

– Այս մարդիկ անգամ Արցախի անունն են բացառում եւ ամենուր արգելում են խոսել Արցախի մասին, դասագրքերից են հանում Արցախի պատմությունը, ասում են, որ Արցախը խաղաղության հետ անհամատեղելի է: Նման մարդկանցից ի՞նչ կարող ենք այսօր սպասել: Փաշինյանի իշխանության օրակարգում չկա արցախցիների հարց, չկա Արցախի հարց, եւ, բնականաբար, մեր վերադարձի թեման իշխանության օրակարգում չկա եւ չի կարող լինել: Նրանք քանիցս հայտարարել են, որ իրենց համար Արցախի հարցը փակված է, հետեւաբար՝ իրենց վարքագիծը պետք է բխի իրենց այդ հայտարարություններից:

– Արցախի ներկայացուց­չու­թյունում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած միջոցառմանը մասնակցե՞լ եք:

– Ես, անկեղծ ասած, անձնական խնդիրների պատճառով չկարողացա մասնակցել միջոցառմանը, սակայն միջոցառումը կայացել է: Արցախի ԱԺ պատգամավորներն էին այն կազմակերպել, ելույթներով են հանդես եկել եւ այլն:

– Արցախի Անկախության օրն ի՞նչ խորհուրդ է ունեցել անցյալում:

– Արցախի անկախության տոնը մեր կարեւորագույն տոներից մեկն էր, եթե չասենք՝ ամենակարեւորը: Մենք ունենք երկու կարեւոր տոն` մայիսի 9-ը եւ սեպտեմբերի 2-ը: Անկախության օրը մշտապես մեծ շուքով է նշվել Արցախում, միջոցառումներ են կազմակերպվել, եւ այդ միջոցառումներին մասնակցել են բոլոր իշխանավորները։ Այսօրվա իշխանությունները, որոնք հիմա Արցախի էջը համարում են փակված, եւս մասնակցել են այդ տոնակատարություններին, պարզապես այսօր հրաժարվում են այդ դիրքորոշումից եւ այն, ինչ ասում էին տարիներ առաջ հրապարակներում, այսօր հերքում են: Արցախի անկախության տոնը մեր զարթոնքի արձանագրումն էր: Ամուսինս այդ օրերին զոհվեց, եւ իմ անձնական ողբերգությունն ու տառապանքն ինձ թույլ չտվեցին, որ ես լիարժեք վայելեմ այդ տոնը: Մենք շարունակելու ենք տոնել այդ օրը, անկախ այն բանից, թե ինչ են մտածում այդ մասին Հայաստանի իշխանությունները: Հույս ունենք, որ մի օր նորից կարժանանանք Արցախի անկախության օրը տոնելու պատվին:

– Արցախյան առաջին պատերազմի հերոսների մի մասը Բաքվի բանտերում է, մի մասը` Հայաստանի: Սա զուգադիպությո՞ւն է:

– Այդ երկուսը փոխկապակցված են: Ազգային ազատագրական պայքարում մեծ վաստակ ունեցած քաղաքական գործիչների ձերբակալությունները, կալանավորումները Ադրբեջանում եւ Հայաստանում փոխկապակցված են: Բոլոր նվիրյալները, ովքեր իրենց ամբողջ գործունեությամբ ծառայել են հայրենիքին, նրանք, ովքեր մեծ ներդրում են ունեցել անկախության ձեռքբերման, հայրենիքի հզորացման գործում, այժմ ճաղերի ետեւում են հայտնվել: Այստեղ արդեն կարեւոր չէ, թե ով է նրանց կալանավորողը, կարեւորն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այդ հարցում ունեն նույն դիրքորոշումն ու նպատակը եւ առաջնորդվում են նույն քայլերով: Սա շատ ցավալի իրողություն է, ես այն համարում եմ մեծագույն հարված մեր արժանապատվությանը: Մեր նվիրյալները բանտերում են եւ չունեն ժողովրդին առաջնորդելու հնարավորություն, հակառակ պարագայում մենք այս վիճակում չէինք հայտնվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել Fri, 04 Sep 2026 08:45:10 +0400 Ընտրություններից առաջ մի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով