Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Դրանից կշահեն բացառապես մեր թշնամիները

«Հրապարակ». Դրանից կշահեն բացառապես մեր թշնամիները

Fri, 04 Sep 2026 12:45:02 +0400


Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել քննարկումներից՝ խոսելով նաեւ Հայաստանի եվրոպական ձգտումների, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների եւ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ապագայի մասին։ Անսպասելին ռազմաբազայի մասին հայտարարությունն էր․ նա ասել է, որ Մոսկվան չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ կողքին ինչ-որ ռուսական ռազմական «թեւ» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»:

Շիրակի մարզից ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Բիշքեկում արված հայտարարությունն անվտանգային լուրջ ահազանգ է, որը պահանջում է պետական մտածողություն եւ սառնասիրտ հաշվարկ, այլ ոչ թե էմոցիոնալ ու մակերեսային քաղաքական խաղեր. «102-րդ ռազմաբազայի դուրսբերումից Հայաստանի Հանրապետությունը ոչ մի բան չի շահի․ դրանից կշահեն բացառապես մեր թշնամիները։ Թուրք-ադրբեջանական տանդեմը տարիներ շարունակ հենց այդ օրվան է սպասում, որպեսզի վերջնականապես չեզոքացնի տարածաշրջանում հավասարակշռող հիմնական գործոնը եւ անխոչընդոտ իրականացնի իր հակահայկական ծրագրերը։ Այս իշխանություններն ինչքան էլ փորձեն սեփական ձախողումների համար մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը եւ ամեն գնով քանդել տասնամյակների ընթացքում ձեւավորված դաշնակցային ու բարեկամական հարաբերությունները, միեւնույն է՝ Ռուսաստանն այսօր էլ շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ տնտեսական, ռազմավարական եւ անվտանգային գործընկերը։ Ռազմաբազայի դուրսբերմամբ Հայաստանը կկորցնի․ առաջինը՝ անվտանգության իրական երաշխավորին: Ռազմաբազան սոսկ զինվորական անձնակազմ չէ, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական ռազմական ագրեսիան զսպող հիմնական վահանը, որի բացակայությունը բաց է թողնում մեր պետական սահմանները։ Երկրորդ․ տնտեսական ու սոցիալական կարեւոր նշանակություն: Ռազմաբազայի առկայությունը խոշոր տնտեսական գործոն է տարածաշրջանում․ այնտեղ աշխատում են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ապահովված են կայուն աշխատանքով ու եկամտով, իսկ դրա փակումը հազարավոր ընտանիքների կանգնեցնելու է սոցիալական անորոշության առջեւ։ Երրորդ․ տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Առանց ռուսական ռազմական գործոնի՝ Հայաստանը հայտնվում է լիակատար մեկուսացման մեջ՝ մնալով թշնամաբար տրամադրված ուժերի քաղաքական ու ռազմական ճնշումների տակ՝ առանց անվտանգային որեւէ այլընտրանքային իրական երաշխիքի»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին տարիների լարվածության մասին՝ Պուտինը պնդել է, որ ամեն ինչ սկսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից, եւ հիշեցրել 2022 թվականին Պրահայի հանդիպումը եւ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունը։ Պուտինի խոսքով՝ Փաշինյանի հետ պայմանավորվել են հանգիստ պայմաններում շարունակել քննարկումները եւ մանրամասն վերլուծել հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունները։

Ի՞նչ կտա այս հանդիպումը Հայաստանին։ Մհեր Մելքոնյանն ասում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ «հանգիստ պայմաններում քննարկումները շարունակելու» դիվանագիտական ձեւակերպումը պետք է ընկալել բացառապես ռազմավարական համատեքստում։ Սա Մոսկվայի կողմից առաջարկվող վերջին քաղաքական պատուհանն է՝ Երեւանին հնարավորություն տալով կատարելու հստակ աշխարհաքաղաքական եւ տնտեսական ընտրություն։ Երկակի ստանդարտների եւ «շուստրիություն» վրա հիմնված արտաքին քաղաքականությունն սպառել է իր դիվանագիտական ռեսուրսը։ Մոսկովյան օրակարգը լինելու է չափազանց խիստ, ուղիղ եւ ենթադրելու է որոշակի վերջնաժամկետներ, որոնցից կախված է Հայաստանի հետագա տնտեսական անվտանգության ճարտարապետությունը։ Որոշումների գինը․ ռազմավարական ռիսկերի գնահատում, ագրարային եւ արդյունաբերական կոլապս. ԵԱՏՄ շուկայի կորուստը կամ ռուսական կողմից նույնիսկ «տեխնիկական» սահմանափակումների կիրառումը նշանակում է սնանկացնել հազարավոր հայ ֆերմերների, գյուղացիների եւ տեղական արտադրողների, որոնց ապրանքի հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է։ Առանց իրատեսական այլընտրանքի այս դռները փակելը տնտեսական ինքնասպանություն է։ Էներգետիկ անվտանգություն եւ գնային շոկ. ԵԱՏՄ շրջանակներում գործող արտոնյալ գնագոյացումից հրաժարումը կամ դրա չեղարկումը կհանգեցնի էներգակիրների գնի կտրուկ աճի։ Սա կառաջացնի շղթայական գնաճային ալիք՝ հարվածելով տնտեսության մրցունակությանն ու յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական բարեկեցությանը։ Աշխատանքային ռեսուրսների եւ մասնավոր փոխանցումների ռիսկ. ՌԴ-ում հայկական աշխատուժի իրավական կարգավիճակի փոփոխությունը կարող է էապես կրճատել դեպի Հայաստան հոսող մասնավոր կապիտալը, ինչը երկրի ներքին սպառման եւ ՀՆԱ-ի կայունության հիմնասյուներից է։ Արտաքին քաղաքականության մեջ էմոցիոնալ եւ իրավիճակային որոշումների պատասխանատվությունը չի կարող դրվել շարքային քաղաքացու, տնտեսվարողի կամ ֆերմերի վրա։ Այսօր պահանջվում են բացառիկ պետական պատասխանատվություն, ռեալիզմ եւ ազգային շահերի սառնասիրտ հաշվարկ։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ դառնալ աշխարհաքաղաքական փորձարկումների պոլիգոն՝ վտանգելով սեփական տնտեսական ինքնիշխանությունն ու քաղաքացիների անվտանգությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը կիսվել է Հայաստանի մասին հոդվածով

Թրամփը կիսվել է Հայաստանի մասին հոդվածով Fri, 04 Sep 2026 11:30:20 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով