Տուն է վերադարձել սեփական հուղարկավորությունից մեկ ամիս անց
Fri, 04 Sep 2026 19:00:38 +0400

Հնդկաստանի Օդիշա նահանգում ընտանիքը մոտ մեկ ամիս ողբացել է ընտանիքի անդամ 29-ամյա տղամարդու մահը։ Իրականացվել է դիակիզման արարողություն։ Սկսել են կատարել սգո ծիսակատարությունները։ Սակայն բոլորի համար շոկային անակնկալ է եղել, երբ սեփական հուղարկավորությունից մեկ ամիս անց տղամարդը վերադարձել է տուն։ Այս մասին հայտնում է India Today պարբերականը։ Տղամարդը անհետ կորել էր հուլիսի վերջերին, երբ հեծանվով հեռացել էր տանից ու էլ չէր վերադարձել։
Հարազատները որոնել են նրան, սակայն անարդյունք։ Մոտ տասն օր անց, իրավապահները բրնձի դաշտում, որը գտնվում էր տղամարդու ընտանիքի տան հարեւանությամբ, գտել են անհայտ անձի՝ արդեն քայքայված դիակ։ Ինքնությունը պարզել հնարավոր չի եղել։ Սակայն հարազատները հագուստից ենթադրել են, որ իրենց հարազատն է։ Դրանից հետո, դիակը փոխանցվել է ընտանիքին՝ հուղարկավորելու համար եւ հուղարկավորվել է դիակիզման եղանակով, ըստ ընտանիքի կրոնական ավանդույթի պահանջների։ Անցել է մոտ մեկ ամիս եւ ընտանիքը անակնկալ հեռախոսազանգ է ստացել ոստիկանությունից։ Իրավապահները հայտարարել են, որ տղամարդը ողջ է եւ նրան կբերեն տուն։ Այժմ արդեն, իրավապահները պետք է պարզեն, թե ում են դիակիզել ու հուղարկավորել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր