Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազայի նշանակությունը նվազել է եւ՛ Ռուսաստանի համար, եւ՛ Հայաստանի

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազայի նշանակությունը նվազել է եւ՛ Ռուսաստանի համար, եւ՛ Հայաստանի

Sat, 05 Sep 2026 12:15:27 +0400


Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերի 1-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, Պուտինն ասաց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այնտեղ է, քանի որ դա հայերին է անհրաժեշտ, երբ իրենք կհասկանան, որ հայերը չեն ուզում իրենց երկրում ունենալ ռուսական ռազմաբազա, խնդիր չեն տեսնում՝ հենց հաջորդ օրը դուրս կբերեն այն Հայաստանի տարածքից։ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության, անվտանգային խնդիրների մասին զրուցել ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի հետ։

– Պուտինի՝ Գյումրիի ռազմաբազայի հետ կապված հայտարարությունն ինչի՞ մասին էր՝ իսկապե՞ս ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից հնարավոր է։

– Պուտինն այդ մասին հայտարարեց լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, այսինքն՝ Պուտինի ասածից չէր հետեւում, որ այդ հարցը քննարկվել է։ Ավելի շուտ՝ տեսական հնարավորության մասին էր ինքը խոսում։ Տեխնիկապես իսկապես Հայաստանից է կախված ռազմաբազայի ներկայությունը։ Հայաստանն է տարածքը վերահսկում, որտեղ ռազմաբազան տեղակայված է։ Այս խոսակցության հանգամանքը հարաբերությունների վատթարացման ցուցանիշ է, բայց այն դեռ տեսական բնույթ է կրում։ Մենք գիտենք, որ հայկական կողմն այդ հարցը չի բարձրացնում։

– ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնարկներ արել են։

– Շատ զգույշ ակնարկներ են եղել, ինչից հետո միշտ հայտարարել են, որ այդ հարցը չի քննարկվում, բազան մնում է եւ այլն, եւ այլն։ Պետք է հիշեցնել, որ այն պայմանագրերով, որ Հայաստանը կնքել է Ռուսաստանի հետ, Հայաստանը չի էլ կարող այդ հարցը բարձրացնել, որովհետեւ հստակ ֆիքսված ժամկետ կա, թե երբ կարող է ռազմաբազան դուրս հանել։ Տեսականորեն դա էլ կարելի է ինչ-որ ձեւի շրջանցել, բայց, ամեն դեպքում, այս պահին Երեւանն այդ հարցի նախաձեռնողը չէ, ամեն դեպքում, նման ինֆորմացիա չեմ տեսել։ Սա ավելի շատ ռուսական կողմից ճնշման է նման։ Հայկական կողմի ռազմավարությունն այն է, որ Եվրամիության, Արեւմուտքի, ԱՄՆ-ի հետ շարունակել մերձենալ, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող սեգմենտում պահպանել մաքսիմալ։ Ինչպես տեսնում ենք, վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանը հակադարձում է Հայաստանի համար կարեւոր ոլորտներում համագործակցության դադարեցմամբ։ Այսինքն, այստեղ էլ նման է այդ տրամաբանության շարունակությանը՝ Երեւանը փորձում է հա՛մ Արեւմուտքի հետ մերձենալ, հա՛մ այդ ռազմաբազան պահպանել, Ռուսաստանն էլ ասում է՝ մենք էլ կարող ենք հանել ռազմաբազան։

– Ստացվում է, որ հայկական կողմն ավելի՞ է շահագրգռված ռազմաբազայի պահպանման հարցով։

– Այդ ամենն ավելի շատ տեսական բնույթ է կրում, եւ այստեղ ավելի շատ ճնշման մասին է խոսքը գնում, Պուտինի ասածից պետք չէ եզրակացնել, որ իրենք վաղը վեր կկենան ու կհեռանան։ Բայց այդ խոսակցության առաջանալը, բացի խնդիրներից, խոսում է նաեւ ռազմաբազայի նշանակության նվազման մասին, ի դեպ՝ երկկողմանի։ Թե Ռուսաստանի համար է այդ ազդեցությունը նվազել, ու դա վերջին 10 տարվա պատմություն է, որովհետեւ իրենք վերջին 10 տարվա ընթացքում ձեռք բերեցին ռազմական ներկայության մի քանի ուրիշ հնարավորություններ՝ հարավային ուղղությամբ։ Հիմնականում դա Ղրիմն էր, իհարկե, որտեղ իրենք շատ լուրջ ներկայություն ստեղծեցին, երբ իրենց վերահսկողության տակ անցավ, ու երկրորդը Սիրիան էր, որը կորցրել են, սակայն փորձում են ինչ-որ կերպ իրենց ներկայությունն ապահովել։ Այդ իրավիճակը կար մինչեւ 2014 թվականը, երբ Հայաստանը Ռուսաստանի միակ ռազմական ներկայությունն էր՝ հարավային ուղղության վրա, բացի Կենտրոնական Ասիայից։ Այդ իրավիճակն արդեն փոխվել է։ Բացի դրանից, պետք է հասկանալ մի բան էլ․ ինքը՝ ռազմաբազան, ռազմական առումով Ռուսաստանի համար ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Այն ինքնուրույն պաշտպանվել չի կարող, իսկ լոգիստիկ կապ Ռուսաստանի հետ չունի։ Ենթադրենք, տարածաշրջանում հանկարծ լայնածավալ ռազմական գործողություններ լինեին, օրինակ, Թուրքիայի մասնակցությամբ, բազան դառնում էր պատանդի նման բան։ Ամբողջը կախված էր լինելու այն հանգամանքից, թե արդյոք Ռուսաստանն իր ողջ հնարավորություններով այդ կոնֆլիկտին կմասնակցի՞, թե՞ ոչ։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ իրենք լրիվ ուրիշ կոնֆլիկտի մեջ են ներգրավված։ Այսինքն՝ բազան իրենց համար դառնում է նաեւ պոտենցիալ խնդրի առարկա, եթե այստեղ ինչ-որ մարտական գործողություններ լինեն։ Իհարկե, իրենց համար դա էլի ազդեցության լծակ է, ներկայություն է եւ այլն, բայց ազդեցությունը նվազել է։ Բացի այդ, ռազմաբազան երկար ժամանակ Հայաստանի հետ համագործակցության կարեւոր տարր էր՝ ՀՕՊ-ի ապահովումն էր իրականացնում Հայաստանի տարածքում, ու դա արվում էր Հայաստանի հետ համատեղ՝ միասնական հակաօդային պաշտպանություն կար եւ այլն։ Հիմա մենք չգիտենք, թե դա ինչ վիճակում է գտնվում, որովհետեւ տեսնում ենք, որ Հայաստանում հակաօդային պաշտպանության համակարգի մեջ ինտեգրվում են արեւմտյան համակարգեր, ու դժվար է պատկերացնել, որ այդ ամբողջը միասին են աշխատում՝ ռուսական տարրը եւ արեւմտյան տեխնիկայով տարրը։ Նաեւ այդ տեսակետից էլ ֆունկցիոնալը բազայի նվազել է։

– Իսկ հայկական կողմի համար ինչո՞ւ է նվազել բազայի նշանակությունը։

– Տրամաբանությունը միշտ եղել է այն, որ բազան երաշխիք է, որ Ռուսաստանը կմիջամտի, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան Հայաստանի վրա կհարձակվեն, սակայն 2022 թվականին պարզվեց, որ Ռուսաստանն ավելի շատ ի վիճակի չէր, քան չէր ուզում, բայց, ամեն դեպքում, տեղի չունեցավ այն, ինչ ակնկալում էր հայկական կողմը։

– Ռուսական կողմն էլ իր պատճառաբանություններն ունի այդ մասով՝ նրանք մեղադրում են ՀՀ ներկայիս իշխանություններին։

-Իշխանությունները, իհարկե, իրենց մեղքն ունեն՝ հարաբերությունների վրա ազդելու, եւ այլն, բայց 2022 թվականին եղավ հարձակում Հայաստանի տարածքի վրա, ու արձագանքն այն չէր, ինչ Հայաստանի իշխանություններն ակնկալում էին։ Այստեղ այլ հարց է, թե ինչպես պետք է անեին, բայց Երեւանն ակնկալում էր, որ Ռուսաստանն ինչ-որ ձեւ ռազմական պատասխան կտա դրան, ինչը տեղի չունեցավ։ Այստեղ կային օբյեկտիվ խնդիրներ՝ Ուկրաինա եւ այլն, եւ այլն, ես կարծում եմ, որ այլ պարագայում Ադրբեջանն ավելի երկար կմտածեր այդ ամեն ինչն անելուց առաջ, բայց, ամեն դեպքում, օբյեկտիվորեն դա այդպես էր։ Ու այդ ամենից հետո Հայաստանի իշխանությունների ընկալման մեջ բազայի նշանակությունը, բնականաբար, իջավ։

– Այսինքն, բազան հիմա ավելի շատ քաղաքական բովանդակություն ունի։

– Այս պահին բազան կարող է ավելի շուտ առեւտրի առարկա դառնալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, բայց դեռեւս այդ հարցի նախաձեռնողը կարծես թե ռուսական կողմն է։

– Նույն՝ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուսական սահմանապահ զորքերը․ մենք գիտենք, որ դա կարեւոր նշանակություն ունի ռուսների համար։ Հնարավո՞ր է, որ ռուսական կողմը միայն այդ մասով դիտարկի Հայաստանում իր ռազմական ներկայությունը եւ իր դիրքերը շարունակի ամրապնդել, օրինակ, աբխազական ուղղությամբ։

– Ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից, եթե Երեւանը պահանջի դուրս բերել ռուսական ներկայության ինչ-որ տարրեր, տեսնում եք՝ վերջին մի քանի տարվա մեջ քանի այդպիսի դեպք է եղել, ու Ռուսաստանն էլ կատարում է այդ պահանջը։ Վրաստանում էլ՝ Սահակաշվիլու իշխանության ժամանակ իրենք էլի փուլ առ փուլ դուրս բերեցին իրենց ռազմաբազան եւ այլն։ Նման դեպքերում երկիրը, որը տեխնիկապես ներկայություն ունի, հակազդման լծակներ էլ քիչ ունի կամ պիտի ուղղակի չենթարկվի այդ պահանջին, ինչը լրիվ այլ իրավիճակ է ստեղծում՝ ուժային կոնֆլիկտի է տանում։ Իսկ Ռուսաստանի պարագայում տեսնում ենք, նման քայլի չի գնա։ Պարզ է, որ իրենք այլ միջոցներով են հակազդելու՝ քաղաքական, տնտեսական, բայց թե դա որքանով էֆեկտիվ կլինի, հարց է։ Այստեղ այլ գործոն էլ կա՝ այդ պրոցեսն ինտեգրված է Հայաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, եթե այդ պրոցեսը շատ արագ, էֆեկտիվ ու լավ ընթանա, Երեւանի մոտ դրդապատճառները՝ ռուսական ներկայությունը պահպանելու, նվազելու են։

– Այսինքն, ռուսական ազդեցությունը, ի վերջո, կփոխարինվի թուրքակա՞ն ազդեցությամբ։

– Դեռ, ինչպես տեսնում ենք, Հայաստանի պաշտոնական մոտեցումն այն է, որ պահպանեն բոլոր տարրերը, այսինքն՝ բազայի հարցը չի բարձրացվում։ Բազան, ամեն դեպքում, հավելյալ գործոն է, այն երաշխիքները, որը հայկական կողմը պատկերացնում էր, որ Ռուսաստանը կգա ու կպաշտպանի, ինքը չի ապահովում, բայց էլի գործոն է, ու կարծում եմ, հայկական կողմը կփորձի այն պահպանել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում նոր ձեւավորվող անվտանգային համակարգի մասով․․․ երաշխիքներ Հայաստանին չեն տալիս, բայց փորձում են ինչ-որ գործոններ ազդեցություն ունենալ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա։ Դա թե՛ խաղաղության օրակարգն է, որի տրամաբանությունն այն է, որ ուժային պրոցեսների հավանականությունը պիտի նվազեցնի, չնայած դրա արդյունավետությունն առանձին հարց է, թե՛ Արեւմուտքի հետ մերձեցումն է, ու Ռուսաստանի հետ էլ փորձում են ինչ-որ բան պահպանել։ Կարծում եմ, այդ գործընթացը կշարունակվի, բայց կարող է այնպիսի տրամաբանություն լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, որ այդ մասով էլ գործընթացներ լինեն՝ կանխատեսել չենք կարող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերը

Մոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերը Sat, 05 Sep 2026 20:45:57 +0400 Երաժշտասեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով