Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Որն է եղել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման լրացուցիչ խթանը

Որն է եղել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման լրացուցիչ խթանը

Tue, 08 Sep 2026 12:45:39 +0400


Վաշինգտոնը կարողացել է համոզել Երեւանին, որ Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրի՝ խոստանալով նաեւ, որ հասանելիություն կապահովի Nvidia ԱԲ տեխնոլոգիաների չիփերի հանդեպ՝ սենսացիոն բացահայտում է անում The Wall Street Journal պարբերականը եւ վկայակոչում բանակցությունների ընթացքին անմիջականորեն առնչված իր աղբյուրները։ Խոսքն այն մասին է, որ ընդլայնվելու է Հայաստանի կողմից Nvidia-ի ժամանակակից պրոցեսորների գնման թույլտվությունը՝ Firebird ԱԲ կենտրոնի ստեղծման համար։ Նախկինում, ըստ հոդվածագրի, որեւէ կերպ չէր բարձրաձայնվում այն, որ տեխնոլոգիական արտահանման թույլտվությունների ընդլայնումը կապ է ունեցել խաղաղության բանակցային գործընթացի հետ։

WSJ-ի կարծիքով՝ դա, այսպես կոչված, «չիփային դիվանագիտության» ամենաանսովոր դրսեւորումներից է, երբ առաջատար տեխնոլոգիաներին եւ հաշվիչ տեխնոլոգիաներին հասանելիությունը դառնում է արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության գործիք։ 2025 թվականի ամռանը ամերիկացի դիվանագետները սկսել են դիտարկել ամերիկյան տեխնոլոգիաները Հայաստանում տեղակայելու հանգամանքը որպես հավելյալ խթանիչ գործոն՝ Ադրբեջանի հետ խաղաղության կնքման համար։

Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Քրիստինա Քվինը եւ ամերիկյան վարչակազմից այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ դիմել են Միացյալ Նահանգների առեւտրի նախարարությանը՝ խնդրելով թույլ տալ, որ Հայաստանը ձեռք բերի ավելի հզոր Nvidia չիփեր, որոնց մատակարարումը ցայդ մերժվել էր։ Գաղափարն այն է, որ Հայաստանը ստանում էր ոչ միայն քաղաքական հավաստիացում, այլ նաեւ՝ կոնկրետ տնտեսական եւ տեխնոլոգիական արդյունք, որը կարող էր հանդիսանալ խաղաղության գործնական առավելություններից մեկը։ Դեսպան Քվինը մասնակցել է բանակցային գործընթացին եւ հետագայում Nvidia-ի բաղադրիչն անվանել է «գլուխկոտրուկի կարեւոր բաղադրիչ»։ Ամերիկյան կողմը միաժամանակ առաջ է մղել շատ ավելի լայն տնտեսական համագործակցության համալիր ծրագիր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այս պատմության մեջ առանցքային կետում եղել է հայկական Firebird ծրագիրը, որը մեծածավալ տվյալների մշակման եւ արհեստական բանականության տեխնոլոգիական կենտրոն է լինելու։

Ըստ դրա՝ Հայաստանում կառուցվելու է ենթակառուցվածք, որն ի վիճակի է աշխատել Nvidia-ի տասնյակ հազարավոր ժամանակակից պրոցեսորներով։ Նախագիծը պետք է Հայաստանը վերածի թվային հաշվիչ տեխնոլոգիաների ռեգիոնալ կենտրոնի եւ ներգրավի միջազգային ընկերությունների, որոնց անհրաժեշտ են ավելի մեծ հզորություններ՝ ԱԲ մշակման եւ գործարկման համար։

Առաջին փուլի համար Firebird-ն արդեն իսկ ներկայացրել է մոտ վեց հազար միավոր GPU գրաֆիկական պրոցեսորների ներկրում իրականացնելու համար, որոնք լայնորեն օգտագործվում են ԱԲ տեխնոլոգիաների աշխատանքի եւ ուսուցման համար։ Սակայն ավելի մեծ ծավալի մատակարարումները հնարավոր են եղել միայն խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։ WSJ-ն գրում է, որ համաձայնագրի նախաստորագրումից հետո ամերիկյան կողմը կատարել է իր խոստումը եւ հաստատել Nvidia GB300 առավել արդիական պրոցեսորների տասնյակ հազարավոր միավորների մատակարարման թույլտվությունը։ Հենց սա են ամերիկացի դիվանագետները համարել խաղաղության գործընթացի առավել կարեւոր գործնական արդյունքը։ Հայաստանի ղեկավարության համար Firebird-ն ունի ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաեւ քաղաքական նշանակություն։ Հասանելիություն ստանալով ժամանակակից ամերիկյան տեխնոլոգիաների նկատմամբ՝ Հայաստանի ղեկավարությունը դրանով հնարավորություն է ստանում ցույց տալու, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանին կարող է բերել կոնկրետ տնտեսական դիվիդենտներ՝ ներդրումներ, նոր տեխնոլոգիաներ, աշխատատեղեր եւ ԱԲ տեխնոլոգիաների ռեգիոնալ կենտրոն դառնալու հնարավորություն։

Ամերիկացի հանրապետական սենատոր Սթիվեն Դեյնսը, որը հանդիպել է Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ բանակցային հարցերով զբաղվող ամերիկյան թիմի աշխատանքների շրջանակներում, հայտարարել է, որ չիփերի ստացումը կարեւոր քաղաքական հաղթանակ է։ Դեյնսը հայտարարել է, որ Firebird-ը կարող էր Փաշինյանի համար դառնալ լիովին կոնկրետ ապացույց առ այն, որ խաղաղությունը շոշափելի դրական արդյունքներ է ունենում։ Պաշտոնական Երեւանից, սակայն, հայտարարել են, որ միայն չիփերի ստացման գնով չէ, որ կնքել է խաղաղությունն Ադրբեջանի հետ։ WSJ-ն նկատում է, որ Ադրբեջանում էլ այն կարծիքին են եղել, որ ամենեւին պարտադիր չէր նման տնտեսական խթանների տրամադրումը՝ խաղաղության կնքման համար։ Կոնկրետ Բաքուն խաղաղության համաձայնագրի կնքման համար նման խթանող բաղադրիչների կարիք չի ունեցել։ Բաքուն հայտարարել է, որ «հաղթել է պատերազմում եւ ցանկացել է հաղթել նաեւ խաղաղության պրոցեսում»։

Nvidia-ի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ շփումների հաստատման գործում նշանակալի դերակատարում ունեցել է Ռեւ Լեբարդյանը։ Նա Nvidia-ի՝ հայկական ծագում ունեցող ղեկավարներից է եւ այն տեսակետի կողմնակից է, որ տեխնոլոգիական գործակցությունը, ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը եւ առեւտրային միջանցքի ստեղծումը կարեւոր տնտեսական գործակցության բաղադրիչներ են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի եւ թե՛ ռեգիոնի մյուս երկրների հետ հարաբերություններում։ Նրա մոտեցմամբ՝ նման փոխկախվածությունը կարող է հավելյալ պայմաններ ապահովել տեւական խաղաղության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա հետդավաճանական Հայաստանի համար լինելու է իկոնիկ նկար

Սա հետդավաճանական Հայաստանի համար լինելու է իկոնիկ նկար Mon, 07 Sep 2026 09:15:04 +0400 Հասարակական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով