TRIPP-ի շուրջ հիմնական բանակցողները Երևանն ու Վաշինգտոնն են, դա բնական է․ Բայրամով
Wed, 09 Sep 2026 13:38:23 +0400

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը չի բացառել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ նոր հանդիպումը։ Այս մասին նա ասել է ադրբեջանցի լրագրողներին։
Նախարարը նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև շփումները կանոնավոր են։
«Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկում։ Հենց այդ ժամանակ էլ մենք համաձայնության ենք եկել երկկողմ հանդիպումները շարունակելու անհրաժեշտության հարցում», – ասել է Բայրամովը։
Նա ընդգծել է, որ սահմանազատման գործընթացը նույնպես կանոնավոր քննարկումների առարկա է։
Բայրամովը նաև նշել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ հիմնական բանակցությունները վարվում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, սակայն դրա իրականացումը անհնար է առանց Ադրբեջանի մասնակցության։
«TRIPP-ի վերաբերյալ հիմնական բանակցությունները վարվում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, և դա բնական է։ Միևնույն ժամանակ, մեր ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են ադրբեջանական կողմին, քանի որ նախագծի իրականացումը անհնար է առանց Ադրբեջանի մասնակցության», – ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր