Փաշինյանի արտաքին հենարանը փլուզվում է
Wed, 09 Sep 2026 18:15:35 +0400

Երբ որեւէ երկրի իշխանություն մերժված է սեփական հասարակության կողմից եւ մնացել է արտաքին աջակցության հույսին, այդ աջակցության թուլացումը կամ փլուզումը վտանգում է իր գոյությունը: Օրերս Փաշինյանի իշխանությունը նման ծանր հարված ստացավ:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի ունեցած տարածաշրջանային խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքով հաղթանակ է տարել «Այլընտրանք Գերմանիայի համար»` ԱԳՀ կուսակցությունը, ստանալով ձայների 44 տոկոսը: Գործող վարչապետ Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեադեմոկրատական միությունը ստացել է ձայների ընդամենը 17 տոկոսը: Ընտրություններից հետո Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ընտրության արդյունքները կունենան ոչ միայն ներգերմանական, այլեւ միջազգային հետեւանքներ. «Այս ընտրությունների արդյունքները կունենան հետեւանքներ։ Դրանք նաեւ կազդեն միջազգային իրավիճակի վրա»: Միջազգային իրավիճակ ասելով, Մերցը նկատի ունի Գերմանիայի հարաբերություններն այլ երկրների հետ. չնայած առանձին երկրամասեր չեն զբաղվում արտաքին քաղաքականությամբ, դա ֆեդերալ կառավարության մենաշնորհն է, սակայն ԱԳՀ կուսակցության վարկանիշը բարձր է ամբողջ երկրում, եւ այն կարող է իշխանությունը վերցնել ամբողջ Գերմանիայում: ԱԳՀ-ն հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելու եւ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական եւ ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին: Սա ոչ թե ռուսասիրության արդյունք է, այլ ընդամենը այն պարզ գիտակցումը, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ավելի շատ վնասում են Գերմանիային:
Շատերը, այդ թվում եւ Մերցի կուսակիցները, կարծում են, որ նա իր վրա կվերցնի այս պարտության եւ խայտառակության պատասխանատվությունը եւ հրաժարականի դիմում կներկայացնի՝ փրկելով սեփական կուսակցությանը: Մերցը կարծես թե նման մտադրություն չունի, բայց միեւնույն ժամանակ հոգեկան հիվանդ կամ մտագար չէ, որ սեփական քաղաքականության ձախողումն արդարացնելու համար հայտարարի, որ ընդդիմության օգտին քվեարկել են բացառապես ընտրակաշառքով, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Գերմանիայի եւ նրա ժողովրդի դեմ, եւ ընտրության արդյունքներն արտացոլում են այդ պատերազմի արդյունքները: Դժվար է մտածել նաեւ, որ կհրահանգի կալանավորել հաղթած թեկնածուներին, նրանցից խլել սեփականությունը եւ պատգամավորական մանդատները: Մերցն այնքան բանականություն է ունեցել, որ հայտարարել է, որ «Գերմանիայում դաշնային կառավարության գործունեության հավանության մակարդակն անսովոր ցածր է, եւ երկրի տնտեսությունը ոտք է դնում բարակ սառույցի վրա»։ Բայցեւ ավելացրել է, որ ինքը հանձնառու է՝ շարունակելու իր կառավարության սկսած բարեփոխումները, նկատի ունենալով, որ այս պարտությունն իրեն չի ստիպի հրաժարական ներկայացնել դաշնային կառավարության ղեկավարի պաշտոնից: Աթոռ, այն էլ՝ վարչապետական, սիրում են ամեն տեղ, եւ Գերմանիան բացառություն չէ:
Ընդամենը 13 տարի առաջ ստեղծված կուսակցության հաղթանակը հարյուրամյա պատմություն ունեցող կուսակցությունների նկատմամբ, մի պարզ բացատրություն ունի. գերմանացիները տեսնում են, որ իրենց երկիրն իրենց աչքի առաջ կործանվում է. փակվում են տասնյակ ձեռնարկություններ, տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ դառնում են գործազուրկ: Գերմանիային համաշխարհային ճանաչում եւ ֆինանսական բարգավաճում բերող ընկերությունները չեն դիմանում մրցակցությանը, ներգաղթյալները հեղեղել են երկիրը, որի հետեւանքով փոխվում է գերմանացիների ավանդական կենցաղը, մարդիկ ավելի ու ավելի վատ են ապրում, սոցիալական ծախսերը կրճատվում են, դրա փոխարեն միլիարդավոր եվրոներ են ուղղվում երկրի ռազմականացմանը, կասկածելի հիմնավորմամբ` Ռուսաստանը կարող է պատերազմ սկսել նաեւ Գերմանիայի դեմ, եւ մենք պետք է պատրաստ լինենք: Գերմանացիները հոգնել են Ռուսաստանի դեմ անվերջ առճակատումից, ինչը ֆինանսական կորուստներից եւ աղքատացումից բացի իրենց ոչինչ չի տվել: Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ մղվող պատերազմը դարձել է ճահիճ, որտեղ կորում են միլիարդավոր եվրոներ. հեշտ հաղթանակի հասնելու, պարտված Ռուսաստանը մեջ-մեջ անելու եւ նրա ռեսուրսներն անվճար շահագործելու ձգտումն անիրականանալի երազանք է դարձել: Հերթական անգամ գերմանացիները հանգել են եզրակացության, որ ուրիշի ունեցվածքի համար մղվող պատերազմը ոչ միայն իրենց զարգացում եւ բարգավաճում չի ապահովելու, այլեւ քամում է իրենց երկրի ռեսուրսները, իրենց ավելի կախյալ դարձնում արտաքին ազդեցությունից:
Ընտրությունների միջազգային ազդեցություն ասելով, Մերցը նկատի ունի նաեւ այն, որ Գերմանիայում քաղաքական միջավայրի փոփոխությունը կարող է փոփոխությունների ալիք հրահրել ԵՄ տարածքում: Աջ պահպանողականների հաղթանակը կարող է ոգեւորություն առաջացնել այլ երկրներում գործող աջ պահպանողականների շրջանում, խոսքն առաջին հերթին Ֆրանսիայի մասին է, որտեղ Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» ամենամեծ հնարավորությունն ունի՝ հաղթելու հաջորդ տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում: Եթե ԵՄ 2 երկրներում իշխանության գան աջ պահպանողականները, ԵՄ-ում իշխող նեոլիբերալ գլոբալիստների քաղաքական մենաշնորհին վերջ կտրվի, ինչն անպայման կազդի ԵՄ հավաքական քաղաքականության վրա, որը կառուցված է նաեւ ռուսատյացության եւ ռուսամերժության գաղափարի վրա:
Այդ գաղափարով է առաջնորդվում նաեւ Փաշինյանի կառավարությունը, նրա քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ Ռուսաստանն իբրեւ թե հիբրիդային պատերազմ է վարում իր պրոեվրոպական իշխանության դեմ՝ ձգտելով տապալել իրեն, եւ միայն եվրոպական համերաշխությունն ու աջակցությունն են օգնում՝ դիմագրավելու ու հաղթելու այդ անհավասար պայքարում: Երբ Փաշինյանի իշխանության հովանավորներն իրենք իրենց երկրներում են կորցնում հանրային աջակցությունը եւ իշխանությունը կորցնելու վտանգ զգում, ինչպե՞ս կարող են երաշխավորել իրենց հովանավորյալի իշխանությունը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր