Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Ո՞ւմ էին ուղղված 102-րդ ռազմաբազայի առնչությամբ Պուտինի հայտարարությունները

Ո՞ւմ էին ուղղված 102-րդ ռազմաբազայի առնչությամբ Պուտինի հայտարարությունները

Thu, 10 Sep 2026 17:15:44 +0400


Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը տարակուսանքի եւ զվարճախոսությունների առարկա էր դարձել` դեռ Բիշքեկ չմեկնած։ Ոչ մի բանական կամ լրջմիտ բացատրություն գոյություն չունի նրան, թե Հայաստանն ինչու է նետվում մասնակցելու հիմնականում Հեռավոր Արեւելքի երկրներին եւ քոչվոր ժողովուրդներին համախմբող մի կառույցի աշխատանքներին, որի հետ ինքը կապված չէ ո՛չ աշխարհագրորեն, ո՛չ պատմականորեն, ո՛չ հայկական սփյուռքով, ո՛չ էթնիկ, մենթալ կամ քաղաքակրթական որեւէ ընդհանրությամբ։

Հայաստանը, ակնհայտորեն, չի կարող Շանհայի կազմակերպության հանդեպ ունենալ ո՛չ հետաքրքրություն, ո՛չ ներգրավման շահագրգռություն։ Բիշքեկում գումարվող գագաթնաժողովին մասնակցելու շահագրգռություն եւ հետաքրքրություն ուներ, թերեւս, անձնապես Փաշինյանը։ Փաստ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ի վեր Փաշինյանին չեն հրավիրել աշխարհաքաղաքական կշիռ ունեցող ոչ մի մայրաքաղաք՝ ո՛չ Բրյուսել, ո՛չ Վաշինգտոն, ո՛չ Մոսկվա, ո՛չ Պեկին, ո՛չ այլուր։ Փարիզ էլ մեկնել է՝ Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու: Հետեւաբար, Բիշքեկ մեկնել էր այլ երկրների ղեկավարների հետ նկարվելու, ըստ հնարավորության՝ մի երկու բառ փոխանակելու եւ դա հանրությանը որպես միջազգային շփումներ մատուցելու համար։ Փաշինյանը չէր խորշել անգամ քոչվորական խաղերի բացմանը մասնակցելուց, միայն թե այլ ղեկավարների կողքին երեւա։ Չնայած, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, Փաշինյանն իր պահվածքով վայրենության ու քոչվորության մակարդակից չի էլ բարձրացել (խորհրդարանական ընտրարշավի ժամանակ խելագար պահվածքն ու «ինչու չեք զոհվե՜լ…» գոռոցները` ասվածի առհավատչյա), հետեւապես, գուցեեւ հոգեհարազատ միջավայրում էր։ Հասկանալի չէ միայն, թե որն է Հայաստանի առնչությունը քոչվորների կամ քոչվորության հետ, որ Հայաստանից մարզիկներ էր տարել՝ այդ խաղերին մասնակցելու։

Իսկ Փաշինյանի՝ քոչվորական խաղերին մասնակցելուց այն կողմ, ամենից ուշագրավը Բիշքեկում 102-րդ ռազմաբազայի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն էին, որոնք արվեցին Փաշինյանի բացակայությամբ։ Դժվար է հավատալ, թե ՌԴ նախագահին մշտապես ուղեկցող թղթակիցների խմբի (presidential pool-ի) անդամներից մեկի հարցը` Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին, ինքնաբուխ հարց էր, որ պարզապես «Ինտերֆաքսի» թղթակցի մտքով անցել էր՝ տալ։ Պուտինն էլ, հարցին ի պատասխան, մի ամբողջ պատմական էքսկուրս կատարեց դեպի 2022թ․ Պրահա ու դրան հաջորդած ընտրովի հիշատակվող իրադարձություններ։ Առավել հավանական է՝ հարցը նախապես ծրագրվել էր, որովհետեւ բովանդակային առնչություն էլ չուներ կայացած Պուտին-Փաշինյանի հանդիպման հրապարակային հատվածի հետ։ ՌԴ նախագահի պատասխանն էլ, հավանական է, որքան էլ ուղղված էր հայ ժողովրդին, իրականում հնչում էր ի գիտություն այն երկրի, որի զինված ուժերը կարող են տեղակայվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի փոխարեն։ Տեսնելով, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Հայաստանում ինչ ասես քննարկում են, Փաշինյանի սեռային պատկանելության հարցը ներառյալ, սակայն չեն տեսնում կամ ջանում են չտեսնել «սենյակում գտնվող փղին», Մոսկվայից ճարահատյալ մի երկու օր անց ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, թե այդ խորհրդի անդամներից մեկի կողմից ուղիղ տեքստով ասվել էր, թե TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանում կարող են տեղակայվել ԱՄՆ ռազմական ուժեր։

Հայաստանում ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայումը TRIPP-ի հետ կապելը պատրվակ էր եւ ձեւականություն։ Նման հնարավորության մասին կարելի է եզրակացնել ավելի հիմնարար փաստաթղթերից, օրինակ՝ «ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունից» (Charter on Comprehensive Strategic Partnership between the Republic of Armenia and the United States), որը ստորագրվեց մայիսին՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կատարած կարճատեւ վայրէջքի ընթացքում։ Այդ փաստաթղթում սեւով սպիտակին գրված է․ «Acknowledging the importance of strong borders and mutual interest in contributing to the success of Armenia’s “Crossroads of Peace” project and the Trump Route for International Peace and Prosperity, the United States and Armenia plan to enhance cooperation toward strengthening and enhancing effective and independent security agencies of Armenia, with the aim of those agencies taking full responsibility for Armenia’s borders».

Թարգմանաբար՝ «Գիտակցելով ամուր սահմանների կարեւորությունը եւ «Խաղաղության խաչմերուկ» ու TRIPP ծրագրերի հաջողությանը նպաստելու փոխադարձ շահագրգռությունը՝ ԱՄՆ-ն եւ Հայաստանը ծրագրում են համագործակցությունը՝ Հայաստանում անկախ ու արդյունավետ անվտանգային գործակալությունների կայացման ուղղությամբ՝ այդ գործակալությունների կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ամբողջական պատասխանատվություն ստանձնելու նպատակով»։

Կարծում եմ՝ յուրաքանչյուրին էլ պարզ է, որ եթե Վաշինգտոնը նախատեսում է ամերիկյան աջակցությամբ ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովել, ապա ռուսական ռազմաբազայի դերը չեզոքանում է, ավելի տրամաբանական է դառնում հաջորդիվ ամերիկյան ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում։ Մայիսին այդքան բաց տեքստով ամրագրված հայ-ամերիկյան ծրագրերից հետո առաջին անգամ ՌԴ նախագահը պատրաստվում էր հանդիպել ԱՄՆ նախագահի անձնական բանագնացների հետ։ Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնին ի գիտություն էլ, Կրեմլում որոշել էին հրապարակավ, առանց Փաշինյանի ներկայության, ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ Մոսկվան խնդիր չունի՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու հետ կապված։ Այստեղ կարող է լինել կատարյալ ռուս-ամերիկյան համագործակցություն։
Անշուշտ, հետաքրքիր է, թե հրապարակային հայտարարությունից հետո որքանով է թեման քննարկվել ամերիկյան բանագնացներ Ուիթկոֆի եւ Քուշների հետ ՌԴ նախագահի փակ բանակցություններում։ Ամեն պարագայում, ռուս-ամերիկյան փոխըմբռնումը եւ համագործակցությունը՝ Հայաստանում ռուսական ուժերը եւ ռազմաբազան ամերիկյանով փոխարինելու հարցում, կարելի է դարակազմիկ տեղաշարժ համարել, որ խորապես կհամապատասխանի ինչպես Հայաստանի, այնպես ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի շահերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին Thu, 10 Sep 2026 14:45:53 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով