Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ն 5-10 անգամ թանկացնում է քաղաքացիության տուրքերը

«Հրապարակ»․ ՔՊ-ն 5-10 անգամ թանկացնում է քաղաքացիության տուրքերը

Fri, 11 Sep 2026 09:45:46 +0400


Ներքին գործերի նախարարությունը խիստ վիճելի նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկում է կտրուկ՝ 5-10 անգամ բարձրացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու համար սահմանված պետական տուրքերը: Տպավորություն է, թե կառավարությունն ուզում է սահմանափակել ՀՀ ելումուտը` նոր քաղաքացիներ չընդունել, հներին բաց չթողնել: Նախագծով՝ քաղաքացիության ստացման վճարը 50 հազար դրամից դառնալու է 250 հազար, իսկ քաղաքացիության դադարեցումը 150 հազարից կթռչի աստղաբաշխական՝ 1 մլն 500 հազարի:
Սա հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քաղաքացիություն ստացողների մեծ մասը երբեւէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել եւ անձնագիր է ստացել «099» ծածկագրով, այսինքն, նրանք փաստաթուղթը ստացել են արտերկրում՝ ՀՀ դեսպանատներում կամ հյուպատոսություններում, երբեւէ չեն հաշվառվել կամ բնակվել Հայաստանում:

Հիշեցնենք, որ, ըստ ՆԳՆ վիճակագրության, 2021-2026-ի օգոստոսի 31-ը ՀՀ քաղաքացիություն ստացել է 110 հազար 219 անձ, իսկ «099» ծածկագրով անձնագիր ստացել է 108 հազար 2 անձ։ Ըստ կառավարության, սա նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի իմաստը` «իրավական նշանակությունն ու հանրային արժեքը», եւ պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում:

Սա նշանակում է, որ կառավարությունը ոչ միայն տուրքեր է թանկացնում, այլեւ զուգահեռ սահմանում է Հայաստանում օրինական բնակության եւ փաստացի գտնվելու պարտադիր պահանջ՝ մի բան, որն ահռելի սփյուռք ունեցող երկրի համար անտրամաբանական է ու պարզապես կարող է վիրավորել մեր սփյուռքահայ հայրենակիցներին: Թանկացումը եւ բնակության պահանջը գործում են միասին, որպեսզի արտերկրում ապրողների համար դիմելը դառնա թե՛ ֆինանսապես ավելի ծախսատար, թե՛ իրավական առումով ավելի բարդ:
Ինչո՞ւ, ո՞րն է ՔՊ-ական կառավարության բուն նպատակը, արդյո՞ք բերված վիճակագրությունը հիմք է օրենսդրություն փոխելու, թե՞ կառավարությունն ուզում է հերթական անգամ գրպանները լցնել քաղաքացիություն ստացողների ու հրաժարվողների հաշվին: Մեր հարցերին պատասխանեց «Ազգ» թերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որը ծնվել է Լիբանանում, երկար տարիներ ապրել է սփյուռքում, 90-ականներին Հայաստանի անձնագիր է ստացել, դրա համար բավականին թանկ վճարելով՝ 1000 դոլար: «Դա էր գինը: Բարձր էր, բայց այդ օրերին այնքան քյասիբ էր Հայաստանը, հազար ու մի բանի կարիք ուներ, եւ մարդիկ ասում էին՝ ոչինչ, դա բյուջե է գնում, օգնած կլինենք, համ էլ քաղաքացիություն կստանանք: Հիմա այդ մարդիկ ի՞նչ անեն` 30 տարի է անցել, տոկոսները հաշվեն` իրենց գումարն ուզե՞ն»,- կեսկատակ ասում է Ավետիքյանը:

Ըստ նրա, այս նորամուծության նպատակը Հայաստանին սփյուռքից հեռացնելն է, հայերին բաժանելը: «Չարամիտ բան կա, հակադրություն են ուզում ստեղծել: Օրինակ, շատերը կան, որոնք ընտանիք են կազմել հայաստանցի աղջիկների կամ տղաների հետ, նրանք ի՞նչ անեն: Բաժանությունը նրանց սկզբունքն է, որովհետեւ ե՛ւ տգետ են, ե՛ւ անխելք, ե՛ւ չարամիտ»: Հակոբ Ավետիքյանը լավ գիտի սփյուռքի հոգեբանությունը եւ այն, թե այս թանկացումն ինչպես կընկալվի արտերկրի հայության կողմից: Վստահ է՝ կնեղանան մեր հայրենակիցները, կընկալեն որպես իրենց դեմ ուղղված քայլ: «Ես սփյուռքում հանդիպել եմ շատերին, ովքեր եկել են, Հայաստանի քաղաքացիություն են վերցրել եւ դրանով հպարտ են, թեեւ դա իրենց ոչինչ չի տալիս: Իհարկե, կան մարդիկ` եկած այլ երկրներից, որոնց անձնագիրն այնքան էլ օտարերկրյա վիզաներ ստանալու համար հարմար չէ, օրինակ՝ սուրիահայեր: Եվ նրանք օգտագործում են իրենց Հայաստանի քաղաքացիությունը՝ այլ տեղեր հասնելու համար։ Դա էլ կա: Բայց մարդկանց մեծ մասը վերաբերվում է հպարտությամբ՝ որ Հայաստանի պասպորտ ունեն: Հնարավոր է, թերեւս, երբեւիցե չգան Հայաստան, 1-2 անգամ եկել են, ու վերջ: Այս ամենի նպատակը հակադրելն է Հայաստանի ու դրսի քաղաքացիներին, տարբերություններ դնել նրանց մեջ, որովհետեւ հայապահպանության տեսակետից հայկական անձնագիր ստանալը շատ կարեւոր է ու շատ լավ տպավորություն է թողնում: Դրանից միայն ու միայն օգուտ կա»,- ասում է «Ազգի» խմբագիրը:

Հակոբ Ավետիքյանը փորձում է կազմել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շենք-շինությունների ցուցակ ու նկատել է, որ արտասահմանում գտնվող մեր դեսպանատների ու հյուպատոսությունների շենքերի 90 տոկոսից ավելին սփյուռքահայերի գումարներով է կառուցվել ու գնվել: Սփյուռքը ոչ միայն անձնագիր է ուզել, այլեւ իր գրպանից ստեղծել է Հայաստանի դիվանագիտական դեմքն աշխարհում։ «Ոչ միայն անհատ բարերարներ են եղել, այլեւ՝ հավաքական, երբ համայնքը փող է հավաքել, որ, օրինակ, մի հատ Փարիզում ունենանք դեսպանատուն ու մի հատ էլ Լիոնում սարքեն հյուպատոսարան, մի հատ էլ Մարսելում շենք գնեն, կառուցեն: Բեյրութում, օրինակ, Նազարյաններն են շենքը նվիրել` 6 հարկանի շենք է, լավ տեղ, բլուրների վրա: Իսկ Բուենոս Այրեսի մեր դեսպանատունը պատճառ դարձավ, որ այդ պողոտան Արմենիա կոչվի, եւ սա նոր դռներ է բացում: Կահիրեի հայկական դեսպանատան ճիշտ դիմացն էլ գտնվում են հարուստ երկրների դեսպանատներ, Սաուդյան Արաբիայի դեսպանությունը, ու բոլորը նախանձով են նայում մեր դեսպանատանը, որի հարմարությունները, գազոնը, որի վրա հյուրասիրություններ, կոկտեյլ-ընդունելություններ են կատարվում, մի հրաշք է: Բարերարը հանգուցյալ է, Ջանիկի վիլլա է կոչվում այդ շենքը, նրա անձնական վիլլան է եղել, որը նվիրել է հայ համայնքին, նրանք էլ որոշել են նվիրել Հայաստանին: Սա գոհունակություն է պատճառում մարդուն, նա ավելի է կապվում հայությանը: Եվ այս մարդիկ, բնականաբար, կնեղանան Հայաստանի կառավարության այսպիսի քայլից»:

Ի դեպ, երբ ՀՀ կառավարությունը Լոնդոնում դեսպանատան համար շենք գնեց, տեղի համայնքը նեղացավ: «Հայ համայնքի անդամները վշտացել էին, ասում էին՝ Հայաստանն այդքան հարուստ երկիր չէ, մենք դա կանեինք, մենք կտայինք այդ գումարները, եւ դա էլ էր նեղացնող»,- նշում է Ավետիքյանը: Հիմա էլ, ըստ նրա, վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ անշնորհակալ է, իսկ քաղաքացիության տուրքը բարձրացնելով, ոնց որ ասեն՝ գնացեք, մեզ պետք չեք:

ՀԳ. Տուրքերի բազմապատիկ թանկացումը պետբյուջեի դեֆիցիտը քաղաքացիների եւ սփյուռքահայերի հաշվին լրացնելու ծիծաղելի փորձ է: Սփյուռքում նիկոլական իշխանությունը ցածր վարկանիշ ունի, եւ այսպիսի սահմանափակումները կարող են միտված լինել նաեւ պոտենցիալ ընտրողների կամ քաղաքականապես ակտիվ զանգվածի մուտքը Հայաստան կանխելուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի

Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի Thu, 10 Sep 2026 11:23:01 +0400 Թուրքական «Turk-internet.com» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով