Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». TRIPP-ը ոչ թե ՀՀ-ն ապաշրջափակելու ճանապարհ է լինելու, այլ եւս մեկ անգամ շրջանցելու

«Հրապարակ». TRIPP-ը ոչ թե ՀՀ-ն ապաշրջափակելու ճանապարհ է լինելու, այլ եւս մեկ անգամ շրջանցելու

Fri, 11 Sep 2026 11:45:24 +0400


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ը բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է, եւ հավելել է, որ առանց Ադրբեջանի մասնակցության Թրամփի ուղին չի կարող գործարկվել: Բայրամովի այս հայտարարությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

– Բայրամովը հայտարարում է, որ TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է, այն դեպքում, երբ Թրամփն Ալիեւի հետ է «Թրամփի ուղին» քննարկում` առանց հայկական կողմի ներկայության: Օրերս Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարը մեկնել էր Բաքու` TRIPP-ի հետ կապված ինչ-որ քննարկումների, իսկ հայկական կողմից մասնակից չկար: Ինչո՞ւ է Բայրամովն այս հայտարարությունն անում:

– Ամբողջ խնդիրն այն է, որ TRIPP-ը, իսկապես, բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է: Այլ հարց է, որ դրա հիմնական շահառուներն են Ադրբեջանը եւ Թուրքիան, Հայաստանը դրանից առանձնապես շահ չի ունենալու, եթե գործի միայն TRIPP-ը: TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագրում հստակ նշված է, որ TRIPP-ի իրականացման տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է, որը կողմերը համաձայնեցրել են: Այսինքն, խոսքը Մեղրիով անցնող 43 կմ-անոց հատվածի մասին է, բայց եթե միայն այդ հատվածը բացվի, Հայաստանը դրանից ոչինչ չի շահելու, դրանից շահելու են Թուրքիան եւ Ադրբեջանը: Իսկ եթե դրան զուգահեռ բացվի նաեւ Երեւանից Նախիջեւանով երկաթգիծը մինչեւ Մեղրի, եթե բացվեն նաեւ մյուս ճանապարհները, այդ դեպքում այդ ծրագրից կշահի նաեւ Հայաստանը: Եթե TRIPP ասելով նկատի ունենք միայն այն, ինչ գրված է այնտեղ, ապա դա, այո, իսկապես զուտ հայ-ամերիկյան ծրագիր է: Պարզապես Հայաստանի իշխանությունները դա փորձում են ներկայացնել այնպես, իբր դրանից Հայաստանն էլ է շահելու:

– Ինչպիսի՞ առավելություններ են ստանալու Ադրբեջանն ու Թուրքիան:

– Թուրքիան եւ Ադրբեջանը միասին տարեկան մոտ կես միլիարդ դոլար լրացուցիչ շահույթ կունենան: Այն ապրանքները, որ իրենք անցկացնում էին Վրաստանի ճանապարհով, խոսքը Կարս, Թբիլիսի, Բաքու 240 կմ-անոց ճանապարհի մասին է, այդ տրանզիտի համար գումարները վճարում էին Վրաստանին, հիմա դրա փոխարեն վճարելու են 6 անգամ ավելի քիչ, որովհետեւ Հայաստանով անցնող ճանապարհը 6 անգամ ավելի կարճ է, եւ մնացած գումարը մնալու է իրենց՝ Թուրքիային եւ Ադրբեջանին:

– Այսինքն, Փաշինյանի ու ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե Թրամփի ուղու շնորհիվ տնտեսական բում ենք ունենալու Հայաստանում, իրականությանը չի՞ համապատասխանում:

– Բացարձակապես չի համապատասխանում, եթե խոսքը միայն TRIPP-ի մասին է: Ավելին ասեմ․ եթե հաշվի առնենք արդեն իսկ հայտարարված ծավալները՝ ապրանքաշրջանառություն, միջին սակագներ, այն, որ այդ TRIPP-ի զարգացման կազմակերպության միայն 26 տոկոսն է հայկական կողմինը, հաշվարկներ կան, որ անգամ եթե այդ ճանապարհը գործի ամբողջական ծանրաբեռնվածությամբ, Հայաստանը դրանից կստանա տարեկան առավելագույնը 10-12 միլիոն դոլար, այսինքն՝ երկու անգամ ավելի քիչ, քան տարեկան պարգեւավճարներ են բաժանում:

– Իսկ ի՞նչն է Բայրամովին վստահություն տալիս, երբ ասում է, որ առանց Ադրբեջանի մասնակցության հնարավոր չէ TRIPP-ը կյանքի կոչել: ԱՄՆ-ն առանց Ադրբեջանի այդ ճանապարհը չի՞ կարողանա կյանքի կոչել:

– Ենթադրենք, ԱՄՆ-ն կյանքի կոչեց TRIPP-ը՝ այդ 43 կմ-անոց ճանապարհը սարքեց, իսկ այդ 43 կմ-անոց ճանապարհով անցնող բեռները որտեղո՞վ են անցնելու՝ Նախիջեւանով եւ Ադրբեջանով: Այսինքն, եթե Ադրբեջանը չցանկանա, թույլ չտա, որ այդ բեռներն անցնեն, բնականաբար, այդ 43 կմ-անոց ճանպարհը որեւէ մեկին պետք չի լինի: Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ TRIPP-ը, եւ ինչ է նշանակում միջին միջանցքի հարավային ճյուղ: Միջին միջանցքը հիմա Վրաստանով է անցնում, նաեւ երկրորդ տարբերակն են կառուցում՝ TRIPP-ն այդ երկրորդ պահեստային տարբերակի ընդամենը մի հատվածն է, եւ եթե ամբողջ հատվածը չկառուցվի, չաշխատի, այդ մի հատվածը ոչ մեկին պետք չի լինելու:

– Այսինքն, Հայաստանով անցնող այդ կարճ հատվածն առանցքային նշանակություն ունի:

– Այո, դրա համար էլ Թուրքիան զուգահեռաբար կառուցում է իր տարածքով Կարսից մինչեւ Իգդիր, Իգդիր-Նախիջեւան ճանապարհը, եւ Ադրբեջանն իր հերթին կառուցում է իր տարածքով ճանապարհը մինչեւ Հայաստանի սահման` Մեղրիով եւ Նախիջեւանով: Այսինքն, իրենք իրենց ճանապարհն արդեն կառուցում են, հսկայական գումարներ են ծախսել, բայց այդ ճանապարհը Հայաստան չի մտնում: Այն Նախիջեւանով միանգամից մտնում է Թուրքիա։ Իրենք այդ ծրագրի վրա ծախսում են 6 միլիարդ դոլարից ավելի, այդ ծրագիրն այդքան արժե, ընդ որում՝ կեսն արդեն ծախսել են: Այն դեպքում, երբ Հայաստանի տարածքով այդպիսի ճանապարհ արդեն կա՝ Նախիջեւան-Երասխ-Երեւան-Գյումրի-Կարս: Այն, որ իրենք հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի դրան զուգահեռ ճանապարհ կառուցեն, նշանակում է, որ Թուրքիան մտադիր չէ օգտագործել Հայաստանի տարածքները, դրա համար իրենք նոր ճանապարհներ են կառուցում: Այսինքն, դա ոչ թե Հայաստանն ապաշրջափակելու ճանապարհ է լինելու, այլ Հայաստանը եւս մեկ անգամ շրջանցելու, որովհետեւ նրանք թույլ չեն տալու, որ Հայաստանը դրանից օգտվի:

– Իրանի դիրքորոշումը որքանո՞վ ազդեցիկ կլինի այս իրողության վրա:

– Իրանն այդ նախագծին շատ հստակ դեմ է` երկու պատճառով։ Առաջին․ Ադրբեջանն այսօր Նախիջեւանին կապվում է Իրանի տարածքով, եւ դա Իրանին որոշակի տնտեսական եւ քաղաքական լծակներ է տալիս։ Եվ երկրորդ պատճառը․ TRIPP-ը նախագծված է ՆԱՏՕ-ի ստանդարտներով, եւ տեխնիկական պարամետրերն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս նաեւ ռազմական ծանր բեռներ տեղափոխել, այսինքն՝ դա միայն կոմերցիոն ապրանքաշրջանառության համար չէ: Եվ սա է իրենց մտահոգում, որ այդ ճանապարհի պարամետրերն այնպիսին են, որ նրանք կարող են ծանր տեխնիկա, հրթիռային կայաններ տեղափոխել եւ այլն: Դրա համար էլ Իրանից անգամ կոշտ հայտարարություններ են հնչում, որ եթե դա կառուցվի, այդ ուղղությամբ հրթիռներ կգան։ Սա է պատճառը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կառավարությունն աշխատում է միայն իշխանությունը պահելու համար

«Հրապարակ»․ Կառավարությունն աշխատում է միայն իշխանությունը պահելու համար Sat, 12 Sep 2026 08:15:18 +0400 Երկուշաբթի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով