Քայլ արա, մերժի՛ր Նիկոլին
Fri, 11 Sep 2026 20:45:02 +0400
Երկար եմ մտածել՝ անդրադառնալ, թե ոչ Գրիգորյան Արմենի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» հուշագրությանը: Նախ որովհետև մի քանի տարի աշխատել ենք նույն հասարակական կազմակերպությունում: Երկրորդ, այդ տարիներին հարգում էի նրան որովհետև ինքն արցախցի էր ու նաև մտածելու ունակ անձնավորություն: Ու մի փոքրիկ «գաղտնիք» բացեմ. սեր ուներ աստղերի նկատմամբ: Իսկ նման մարդկանց ես չեմ կարող չհարգել, քանի որ դա այն բանի դրսևորումն է, որ նրանց հոգին ձգտում է դեպի երկինք: Չնայած մի տարի գիրք նվիրելու կապակցությամբ նրան չնվիրեցի աստղազարդ երկնքի վերաբերյալ աշխատություն: Այլ թրթշեցի նվիրել, եթե չեմ սխալվում, աշխարհի ժողովուրդների առասպելների մասին ինչ-որ գիրք: Նաև հիմնավորեցի, որ քաղաքագետը (կրթությունն այդպիսին է) լավ մասնագետ կարող է դառնալ ոչ թե աստղերին նայելով, այլ ժողովուրդների մտածողությունն ուսումնասիրելով: Իսկ դա լավագույնս արտահայտվում է նրանց ծեսերի, հավատալիքների ու առասպելների մեջ:
Այդքանն անցյալի մասին, վերադառնանք մեր օրերին ու նրա հուշագրությանը: Հենց սկզբից ասեմ, որ որոշել եմ չկարդալ արցախցի Արմենի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» հուշագրությունը: Նախ այն պատճառով, որ 2018-ի գարնանը «դուխով» Նիկոլի նախաձեռնած շարժման ածանցյալ՝ «Մերժի՛ր Սերժին» անվանումով շարժման կենտրոնը մեր կազմակերպության գրասենյակն էր: Ու շատ ավելի ճիշտ ու ազնիվ կլիներ, եթե հուշագրությունը կրեր հենց այդ անվանումը: Հատկապես որ իր ակտիվ դերակատարությունն ընթացել էր հենց երկրորդի շրջանակում: Զարմանում եմ, որ այդ հանգամանքը չի ընկալվել նրա կողմից: Կամ էլ, եթե նույնիսկ ընկալվել է, ինքը գիտակցորեն գրքի անվանում է ընտրել հենց Նիկոլի ձևավորածը: Ինչը չի կարող չընկալվել որպես առաջնորդին իր հավատարմությունը, մեղմ ասած, լրացուցիչ անգամ դրսևորելու միջոց: Իսկ դա բավարար է, որպեսզի արժեքային համակարգ ունեցող մարդը, անկախ այլ գործոններից, մերժի այդ հուշագրությունը:
Որպես գրքի անվանում ընտրելով հիմնական շարժման անվանումը՝ ինքը դրանով զրոյացրեց այն գործունեությունը, որ կատարվել էր մեր կազմակերպության գրասենյակում: Որովհետև որքան էլ այս օրերին չընդունեմ այն, ինչ կատարվեց 2018-ի գարնանը, դա մեր կյանքի մի շրջան էր՝ նման Չարենցի կյանքի ու ստեղծագործության հեղափոխական փուլին: Ու Չարենցվի նման էլ այնուհետև մերժված փուլին: Իհարկե, ինձ նմանների և ոչ թե Արմենի կողմից: Հուշագրությունը չկարդալու պատճառ է նաև այն, որ չեմ կարծում, թե այդ գրքի շնորհիվ կիմանամ ինչ-որ էական բաներ, որոնց տեղյակ չեմ եղել: Քանի որ եթե այդպիսիք լինեն էլ, ապա դրանց մասին կխոսվի շատ ավելի ուշ: Այն ժամանակ, երբ կա՛մ իշխանափոխություն կլինի և կա՛մ կենդանի չեն լինի իրադարձությունների դերակատարները:
Էլ չեմ խոսում այն բանի մասին, որ հուշագրության արցախցի հեղինակը խայտառակ պարտությունից հետո հրաժարական չտալով, դավաճանեց իր, այսպես կոչված, փոքր հայրենիքին: Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո ընդամենը 6 հոգի լքեցին ԱԺ ՔՊ խմբակցության շարքերը: Եվ երևի մի այդքան մարդ էլ լքեց գործադիրը, որոնց մասին մենք տեղյակ չենք: Ինչևէ, դրանց թվում չէր սակայն Գրիգորյան Արմենը: Նա չլքեց կապիտուլյացված իշխանությունը նույնիսկ Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան էթնիկ զտումից հետո: Իսկ ինքը, չմոռանանք, այն մարդն էր, ով Երևանում ապրելով՝ հարսանիքը կատարել էր Շուշիում: Իհարկե, նախքան 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտությունը: Ես արցախցի չեմ՝ ծնվել ու մեծացել եմ Վրաստանում, բայց չեմ ընկալում այն անձանց, ովքեր ծնվելով ու մեծանալով Արցախում, շարունակեցին մնալ գործող իշխանության կազմում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո: Ուղղակի չեմ ընկալում:
Ինչևէ, քանի որ ի տարբերություն բազմաթիվ այլ արցախցիների՝ Գրիգորյան Արմենը երջանիկ աստղի տակ է ծնվել, նա անգործ չմնաց նույնիսկ այն դեպքում, երբ Նիկոլը նրան պաշտոնանկ արեց: Նրան անմիջապես առաջարկվեց ավագ խորհրդականի պաշտոն «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում: Թե ինչ խորհուրդներ պիտի տա շարունակական խայտառակ պարտության ակտիվ դերակատարներից մեկը՝ չեմ կարող պատկերացնել: Հատկապես որ նրան ներգրավել են ընկերության՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։ Կարծում եմ, որ միակ խորհուրդը, որ նա կարող է տալ, կլինի այն, որ այդ ծրագրի իրագործելիության շրջանակում պահպանվեն ոչ թե Հայաստանի շահերը, այլ կյանքի կոչվեն Ադրբեջանի պահանջները: Ինչպես դա կատարվել է 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից այս կողմ: Բայց որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է վերջնական քայլն անենք՝ մերժելով Նիկոլին ու ազատագրելով Հայաստանը: