«Լիդիա Փոյեթի օրենքը»․ դետեկտիվ սերիալ՝ պայքարող կնոջ մասին
Fri, 11 Sep 2026 21:00:10 +0400

Իտալիա, 19-րդ դար։ Լիդիա Փոյեթը փաստաբան է։ Սակայն նրան արգելում են զբաղվել իրավաբանական գործունեությամբ, քանի որ կին է, ու հետ են կանչում փաստաբանական արտոնագիրը։ Լիդիան, սակայն, մտադիր չէ հանձնվել։ Նա գումար չունի եւ ելքը գտնում է աշխատանքի ընդունվելով եղբոր՝ Էնրիկեի իրավաբանական գրասենյակում։ Զուգահեռաբար՝ պատրաստում է փաստաբանական արտոնագրի հետկանչի որոշման դեմ գանգատը։ Այդ ընթացքում էլ փորձում է հետաքննել ու բացահայտել խճճված մի հանցագործություն, որը տեղի է ունեցել Իտալիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Թուրինում։ 2023-ին նկարահանված այս վեցմասանոց սերիալի դերերում հանդես են եկել Սառա Լազարոն, Մաթիլդա դե Անջելիսը, Նիկոլո Փազեթին։ Իտալական սերիալը, որը նկարահանվել է իրական պատմության հիման վրա, պատմում է Իտալիայի առաջին կին իրավաբան Լիդիա Փոյեթի մասին։
Ժանրը դասական դետեկտիվ է՝ համեմված պատմական դրամայի տարրերով։ Սակայն թեմաները, որոնք արծարծվում են, ավելի խորն են ու կարեւոր՝ կանանց իրավունքների եւ իրավահավասարության պայքար մի իրականության շրջանակում, որտեղ գերիշխողը տղամարդիկ են։ Ժամանակն ու միջավայրն էլ խորհրդանշական են։ 19-րդ դարավերջի Թուրինը, Իտալիայի վերամիավորումից հետո, ապրում էր արդիականացման բարդ փուլ։ Սերիալը հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ ցույց է տալիս, թե Եվրոպայում՝ 19-րդ դարի վերջին, ինչ դիրքում էին կանայք, երբ քայլ առ քայլ էին նվաճում կրթության եւ մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքը։ Իրական Լիդիա Փոյեթն ուներ իրավաբանական կրթություն եւ 1883-ին դառնում է առաջին կինը, որն անդամակցում է Թուրինի փաստաբանական պալատին։ Դա այն ժամանակների համար հեղափոխական բան էր։ Կինը ոչ միայն կարողանում է ստանալ համալսարանական կրթություն, այլ նաեւ՝ իր մասնագիտական գործունեության եւ կարգավիճակի առումով պաշտոնական ճանաչման է հասնում։ Ու թեեւ ժամանակի բարքերն ու կարծրատիպերն առաջին կին փաստաբանի դեմ են հաճախ աշխատում, սակայն նա շարունակում է պայքարել ողջ համակարգի դեմ՝ ընթանալով ժամանակի հոսանքին հակառակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր