«Հրապարակ»․ ՔԿ-ն փրկում է ՔՊ-ականներին. «ջրում են» ծեծի գործը
Sat, 12 Sep 2026 10:25:47 +0400
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները որոշել են «ջրել» հունիսի 7-ին՝ ընտրության օրը, բռնության ենթարկված Նաիրի Հոխիկյանի եղբոր՝ Լեւոն Հոխիկյանի ծեծի գործը, որով մեղադրանք է առաջադրվել երկու ՔՊ-ականի՝ երկուսն էլ Սիրակ Սիրականյան անուն-ազգանունով։ Նաիրի Հոխիկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ ներկայացնելով նաեւ մանրամասներ։ «Իրենք նախատեսել են կարճել, բայց մենք բողոքարկելու ենք։ Եղբայրս ստացել է նախաքննության ավարտի մասին ծանուցում, որտեղ հստակ գրված է, որ մեղադրյալների նկատմամբ մեղադրանքը վերացնում են, հանրային քրեական հետապնդումը՝ նույնպես։
Մեր ենթադրությամբ՝ ՔԿ-ն հիմա փորձում է ՔՊ անդամների վրայից հանել այդ մեղադրանքը եւ դեպքը ներկայացնել որպես ուղղակի «մասնավոր» միջադեպ՝ իբր փողոցում եկել են, խփել են, բայց իրականում դա կոնկրետ հարձակում է եղել։ Քրեական գործով երկու անձ է եղել մեղադրյալ՝ երկուսն էլ Սիրակ Սիրականյան անունով։ Նրանցից մեկը Մարտունու բժշկական կենտրոնի վիրաբույժն է, մյուսը՝ Լիճքի վարչական ղեկավարը։ Նախաքննության ընթացքում եղել են ակտիվ գործողություններ, ընդհանուր թվով՝ երեք, այդ թվում՝ առերեսում։ Առերեւույթ հանցագործներն ընդունել են իրենց մեղքը՝ ասելով, որ իրենք են եկել, իրենք են հարձակվել եւ հարվածներ հասցրել։ Նրանք նաեւ նշել են, որ եղբորս հետ անձնական որեւէ խնդիր չեն ունեցել, այսինքն՝ բախման պատճառը եղել է ընտրությունը։ Չնայած դրան՝ ՔԿ-ն որոշել է, որ դա կապ չունի ընտրության հետ եւ չի ազդել ընտրական գործընթացի վրա։ Մենք հասկանում ենք, թե այդ ամենի հետեւում ինչ է կանգնած։ Քննիչը որոշել է վերացնել նաեւ խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Հիմա ունենք 15 օր՝ որոշումը բողոքարկելու համար, եւ միանշանակ բողոքարկելու ենք նաեւ դատական կարգով։ Մենք սա նաեւ գնահատում ենք որպես Քննչական կոմիտեի կողմից հովանավորչություն, որովհետեւ առերեւույթ հանցագործներն իրենք են ընդունել, թե ինչի համար է եղել այդ հարձակումը»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին՝ ընտրության օրը, Մարտունու Լիճք գյուղի վարչական ղեկավար Սիրակ Սիրականյանը եւ Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ Սիրակ Սիրականյանը ընտրական տեղամասի մոտ առերեւույթ խուլիգանական խմբակային հարձակում էին գործել Նաիրի Հոխիկյանի եղբոր՝ Լեւոն Հոխիկյանի վրա։ Նրան թիկունքից հարվածել էին, գցել գետնին եւ շարունակել հարվածներ հասցնել, ինչի հետեւանքով Լեւոն Հոխիկյանը կորցրել էր գիտակցությունը։ Դեպքից հետո Լիճքի վարչական ղեկավար Սիրակ Սիրականյանը փախուստի էր դիմել։