Երբ եւ ինչպես է ստեղծվել Երեւանի գլխավոր պողոտան
Sat, 12 Sep 2026 20:00:43 +0400

Մեսրոպ Մաշտոցի պողոտան Երեւանի, եթե չասենք՝ ամենակարեւոր, ապա առաջնային նշանակություն ունեցող պողոտաներից է, որը մայրաքաղաքի քաղաքաշինական գլխավոր առանցքն է հանդիսանում։ Ժողովուրդն այն կոչում է պարզապես Պրոսպեկտ։ Սակայն մեզնից ո՞վ գիտի, թե երբ եւ ինչպես է ստեղծվել այն։
Մաշտոցի պողոտայի պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ, քան Երեւանը կստանար ներկայիս ճարտարապետական տեսքը։ Մաշտոցի պողոտայի պատմությունը հին քաղաքային փողոցի՝ մեծածավալ քաղաքաշինական առանցքի վերածման պատմություն է։ Ասել, թե Մաշտոցի պողոտան ստեղծվել է կոնկրետ այսինչ թվականին, սխալ կլինի։ Ժամանակակից պողոտան ձեւավորվել է Երեւանի՝ 20-րդ դարում իրականացված մեծածավալ վերակառուցման ընթացքում, եւ պողոտայի մի մասը համապատասխանում է հին քաղաքային փողոցին։ 19-րդ դարում պողոտայի տարածքը համապատասխանում էր Նոր Թաղի տարածքին։ Այստեղ բնակվել են հիմնականում Իրանից եկած հայերը։ Ժամանակակից պողոտայի տեղով անցնող փողոցը տարբեր ժամանակներում կրել է «Հայկական փողոց», «Սունդուկյան փողոց» անվանումները։ Այն մաս է կազմել հին Երեւանի նեղլիկ եւ ոչ կանոնավոր կառուցապատումներին։
Խորհրդային շրջանում արմատապես փոխվում է հենց այդ կառուցվածքը։ 1924-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ներկայացնում է Երեւանի զարգացման գլխավոր պլանը։ Դա նոր՝ սովետական Երեւանի կառուցապատման պլանն էր, որը միտված էր քաղաքի զարգացմանը։ Նկատենք, որ խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես շատ ոլորտներում, նաեւ քաղաքաշինության մեջ, նոր իշխանությունները բավականին ծանր ժառանգություն էին ստացել։ Առաջին հանրապետության ժամանակ մայրաքաղաք Երեւանում տիտանական աշխատանք կար անելու, որպեսզի այն դառնար ժամանակին համաքայլ ընթացող քաղաք։
Թամանյանը գավառական արեւելյան տիպի քաղաքն առաջարկում է դարձնել սկզբունքորեն նոր հիմքերի վրա դրված եւ դինամիկ զարգացող սովետական քաղաք։ Մաշտոցի պողոտան դառնում է Թամանյանի պլանի մի մասը եւ զարգանում ու կառուցապատվում է այս տրամաբանությամբ։ Հնարավոր չէր պահպանել հին փողոցը՝ նման մեծածավալ կառուցապատման նախագիծ իրականացնելու համար։ Եվ արդյունքում որոշվում է որ հին փողոցի տեղում է լինելու պողոտան` ավելի ընդարձակ ու երկար։ Ու եթե հին Երեւանն ուներ լաբիրինթոսային պլանավորում, ապա նորացված մայրաքաղաքում նման խառնաշփոթ պլանավորումն ընդունելի չէր։ Հին կառույցների զգալի մասն անհետանում է։
Ճարտարապետության ոլորտի մասնագետները նկատում են, որ 1920-30-ականներից արդեն Երեւանի անկանոն կառուցվածքը սկսում է փոխարինվել երկրաչափորեն կազմակերպված կառուցվածքով։ Թամանյանի նպատակն էր՝ ունենալ այնպիսի քաղաք, որտեղ մարդու եւ տրանսպորտի տեղաշարժը ենթարկվեր ճարտարապետական հեռանկարների, հրապարակների ու համալիրների հստակ տրամաբանությանը։ Դրա համար տրանսպորտային մայրուղին ոչ միայն պետք է կապ ապահովեր, այլ նաեւ որոշակի ճարտարապետական հեռանկար ունենար։ Կարելի է ասել, որ Մաշտոցի պողոտայի դիրքը վճռորոշ նշանակություն ունեցավ վերջինիս կարեւորության համար։ Այն քաղաքի կենտրոնը կապում էր հյուսիսային ուղղության հետ։ Պողոտայի վերջում Մատենադարանի մոնումենտալ շենքի կառուցումով ամբողջացավ պատկերը։ Թեեւ Մատենադարանի շենքը Թամանյանի նախնական մտածածից բավականին ուշ է կառուցվել։ Շինարարությունն իրականացվել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, ավարտվել՝ 1957 թ․։ Մաշտոցի պողոտայի պատմությունը, կարելի է ասել, արտացոլում է ողջ խորհրդային Հայաստանի պատմությունը։ Այն կրել է «Ստալինի պողոտա» անվանումը, հետո կոչվել Լենինի պողոտա։ 1930-50-ականներին ձեւավորվում է նաեւ պողոտայի նոր ճարտարապետական միջավայրը։ 30-ականների կեսերին պողոտան ձեռք է բերել ժամանակակից քաղաքային մայրուղու տեսք։
Պողոտայի ամենահայտնի շինություններից կարելի է համարել 1952-ին ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի եւ կոնստրուկտոր Գ․ Առաքելյանի մասնակցությամբ կառուցված Ծածկած շուկան։ 1950 -ին պողոտայի վերնամասում, մոնումենտալ պատվանդանի վրա կանգնեցվում է Ստալինի արձանը։ Պատվանդանի նախագծումն իրականացրել է Ռաֆայել Իսրայելյանը։ 62 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվում է, իսկ 67 -ին կանգնեցվում է «Մայր Հայաստան»-ը։ Ինչ խոսք, խորհրդանշական արարք էր՝ քաղաքական առաջնորդին փոխարինել ազգային հայրենասիրական պատմական հիշողություն արթնացնող հավաքական կերպարով։ Մեսրոպ Մաշտոցի պողոտա անունը դրվել է 1990-ին՝ ի պատիվ հայերեն այբուբենի ստեղծողի։ Դա չորրորդ կամ հինգերորդ անվանափոխությունն էր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր