Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ
Sun, 13 Sep 2026 21:00:13 +0400

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Բաքուն ու Երևանը, կարծես թե, համաձայնվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ: Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, ապա, որպես ենթադրություն, կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ: Դրանցից երկուսը վերաբերելի է անկլավների խնդրի լուծման իշխանական մոտեցումներին: Առաջին տարբերակը կարող է գործարկվել սահմանազատմանը համընթաց և այդ դեպքում, օրինակ, ադրբեջանական զինուժի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից կզուգահեռվի երկրի հյուսիսում գտնվող ու ադրբեջանապատկան համարվող անկլավներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու գործողությանն, իսկ Արծվաշենի ու Տիգրանաշենի հնարավոր փոխանակումն, այդ դեպքում, կթողնվի որպես սահմանազատման գործընթացի վերջակետ: Սա հանդարտ տարբերակն է: Ավելի կոնֆլիկտածին կլինի մեկ այլ հնարավոր տարբերակ, որի կիրառման դեպքում բոլոր անկլավների խնդիրը կթողնվի ընդհանուր սահմանազատումն ավարտելու վերջին պահին: Այս երկրորդ տարբերակը կարող է նախադրյալներ ապահովել, որպեսզի Ադրբեջանն իր զինուժը դուրս չբերի Հայաստանից բռնազավթված բոլոր տարածքներից: Սրանք վարկած/տարբերակներ են, որոնք կարող են և չիրականցվել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից դուրս զարգացող արտաքին գործընթացների բերումով»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր