Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար

Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար

Mon, 14 Sep 2026 19:59:56 +0400


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։

Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։

Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։
Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը պիտի հստակ պահանջ ներկայացնի Ադրբեջանին

Հայաստանը պիտի հստակ պահանջ ներկայացնի Ադրբեջանին Mon, 14 Sep 2026 11:30:17 +0400 ԱԺ ընդդիմադիր պատգամավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով