Հութիները սրել են իրավիճակը․ Թել Ավիվն արձագանքել է սաուդցիների խնդրանքին
Tue, 15 Sep 2026 10:30:18 +0400

Ավելի վաղ գրել ենք, որ Սաուդյան Արաբիան Իսրայելից հետախուզական և այլ օգնություն է խնդրել Եմենում հութիների արագ առաջխաղացման ֆոնին։ Մասնավորապես, Israel Hayom-ի փոխանցմամբ, թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) միջոցով հարցում է ուղարկել Թել Ավիվին՝ կապված ռազմավարական Բաբ էլ-Մանդեբ նեղուցին սպառնացող վտանգի հետ։
Պարզվում է, որ Իսրայելը Սաուդյան Արաբիային հետախուզական տվյալներ է փոխանցել Եմենում գտնվող հութիների ուժերի վերաբերյալ, հաղորդում է իսրայելական Walla News թերթը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի դիվանագիտական աղբյուրներին։
Կողմերի միջև շփումները միջնորդվել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից։ Walla News-ի փոխանցմամբ՝ Իսրայելը օգնել է սաուդցիներին ավելի լավ հասկանալ հութիների ուժերի դիրքը և նրանց հնարավոր հաջորդ քայլերը։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում հութիները ակտիվացրել են Սաուդյան Արաբիայի վրա իրենց հարձակումները։ Անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են նավթատարներն ու պոմպակայանները, ինչը հանգեցրել է թագավորության գլխավոր նավթատարներից մեկի մասնակի փակմանը։
Միևնույն ժամանակ, հութիները գրավել են Կարմիր ծովում գտնվող մի քանի ռազմավարական նշանակություն ունեցող կղզիներ և արգելել սաուդյան նավերին անցնել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։
Իսրայելական հատուկ ծառայությունների գնահատմամբ, ինչպես հաղորդում են Walla News-ի աղբյուրները, այս զարգացումները մտահոգություն են առաջացնում նաև տարածաշրջանի այլ երկրներում։ Նրանք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն կարող է առանձին համաձայնագրեր կնքել Իրանի և հութիների հետ, ինչը Սաուդյան Արաբիային և այլ պետությունների կդնի հարձակման շարունակական սպառնալիքի առջև։
Wall News-ը նշում է, որ Իսրայելն արդեն իսկ ունի հետախուզական փորձ տարածաշրջանում։ Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում օգնել է ԱՄՆ զինված ուժերին Հորմուզի նեղուցում իրանական զորքերի տեղակայման վերաբերյալ հետախուզական պատկեր մշակել։
Միևնույն ժամանակ, սաուդյան SPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը՝ վարչապետ Մուհամմադ բին Սալմանը Ջիդայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի հետ։ Նրանք քննարկել են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումները։
Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր