Նիկոլը հաղթում է Զելենսկուն
Tue, 15 Sep 2026 18:15:12 +0400
Իբր Փաշինյան Նիկոլի ամեն ինչը տեղն էր, Ուկրաինայի գլխավոր դատախազն էլ երկրից փախել է: Ասում են՝ Զելենսկու կառավարության անդամներից մեկին մեղադրանքներ է ներկայացրել, ուզեցել է գործ հարուցել, բայց, գրողը տանի, պարզվել է՝ դա Զելենսկու մտերիմն է կամ, ավելի ճիշտ, լափի ու ռազմական հանցագործությունների գծով «օրթախը»: Մի խոսքով՝ Ուկրաինայի օրենքների ուժին վստահող, դատախազության անկախությանն անմնացորդ հավատացող գլխավոր դատախազը մնացել է միայնակ եւ, նստելով իր անձնական ավտոմեքենան, լքել է Ուկրաինան: Զելենսկին, հասկանալի է, ոտուձեռ է ընկել, որ «ճարի» իր գլխավոր դատախազին եւ ստիպի լռել: Կասկածներ կան, որ նա «չերեզ Բելառուս» փախել է Ռուսաստան, բայց ավելի հավանական է թվում, որ սա ամերիկացիների ձեռքի գործն է, որպեսզի ճնշումներ բանեցնեն Զելենսկու վրա եւ նրան պարտադրեն խաղաղության՝ Թրամփի պայմանները: Զելենսկին կարգադրել է Գերագույն ռադայում՝ իսկույն պաշտոնանկ անել «փախածին» եւ նոր գլխավոր դատախազ ընտրել: Դե՝ Զելենսկին, հասկանում եք, Նիկոլի հնարավորությունները չունի, որ SMS-ով հարցը լուծի…
Իսկ ի՞նչ կապ ունի Ուկրաինայի գլխավոր դատախազի փախուստը Նիկոլի «ժողգործիքների» հետ: Բանն այն է, որ Զելենսկին ու Նիկոլը բախտակից ընկերներ են, համարյա՝ եղբայրներ: Նրանք անցել են քաղաքական միմոսի գրեթե նույն ճանապարհը, սարսափելի պոպուլիստ են, ստախոս, իրենց տերերին հավատարիմ, աթոռին գերի եւ մորթապաշտ: Նրանց միավորողը նաեւ կործանարար պատերազմներն են, որոնք կարող են Հայաստանին եւ Ուկրաինային անկախություն արժենալ: Վերջապես, երկուսն էլ դեմ են խաղաղությանը, որովհետեւ արժանապատիվ եւ կայուն խաղաղությունը սպառնում է առաջին հերթին բացահայտել նրանց իսկական էությունը եւ խաղացած դերը, համապատասխանաբար, Ուկրաինայի եւ Հայաստանի ապամոնտաժման հարցում: Թե ուկրաինացի եւ հայ ժողովուրդներին ինչ ցավ ու տառապանք են պատճառել այս երկու քաղաքական ճիվաղները, կարծում ենք, կպարզվի գալիք «Նյուրնբերգյան դատավարության» ժամանակ:
Զելենսկու գլխավոր դատախազը փախել է, Նիկոլինը՝ դեռ չի փախել: Սա խոսում է այն մասին, որ Զելենսկին իր երկրում բավականաչափ հեղինակություն ու ազդեցություն չունի կամ, ուղղակի, դեռ չի հասել Նիկոլի մակարդակին: Մեզ մոտ ամեն ինչ ավելի պարզ է եւ ուղղահայաց: Եթե Ուկրաինայում ճանապարհ անցած, երկրի մասին մտածող բարձրաստիճան պաշտոնյաներ դեռ կան, ապա Հայաստանում այս իմաստով վիճակն օրհասական է: Մի հայացք նետեք մեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմն ու կտեսնեք, թե ումով է իրեն շրջապատել Փաշինյանը, ու ինչ կախվածության մեջ են այդ խեղճերը նրանից: Մեկը, օրինակ, որ ընդամենը Փաշինյանի շիշն է բռնել հեղափոխության օրերին, այսօր չի կարողանում «յախեն» ազատել Փաշինյանից: Սպառնում է դատի տալ, նստեցնել, կզըցնել, փողերը ձեռքից առնել… Թե բա՝ հեղափոխության օրերին դեռ օլիգարխիկ հակումներ ուներ: Իր ուղղությամբ մի փոքրիկ շարժում, դավադրության մի նշույլ, մի անզգույշ խոսք իր դեմ, ու տվյալ պաշտոնյան կոչնչացվի՝ բառի բուն իմաստով: Ահա թե ինչու են մերոնք տեղները խելոք վեր ընկած ու ծպտուն չեն հանում, իբր ամեն ինչ OK է:
Փողը… Ուկրաինան մեծ երկիր է, իսկ մեծ երկրին մեծ փողեր են պետք, որ հա՛մ իշխանությունը կերկարի, հա՛մ էլ ժողովրդին մի բան հասնի: Ուկրաինային փողը ԵՄ-ն է տալիս: Սկզբում շատ էր տալիս, բայց երբ տեսան, որ Զելենսկին ու իր մտերիմները չափից դուրս շատակեր են, պակասեցրին օգնությունները, եւ հիմա ամեն եվրոն վերահսկվում է: Հայաստանն անհամեմատ փոքր երկիր է, եւ այստեղ անհամեմատ փոքր փողերով կարելի է մեծ գործեր անել: Կարող եք ինքներդ հաշվել, թե ինչքան կանի ամեն պաշտոնյայի աշխատավարձը, պարգեւատրումները եւ թոշակառուները: Դրան ավելացրեք նաեւ Նիկոլի բարձրացող աշխատավարձն ու կստանաք մի չնչին գումար՝ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության ֆոնին: Մինչդեռ մեզ փող տվողները (ես Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա եմ կասկածում) ԵՄ-ի պես կծծի (ժմոտ) չեն ու պատրաստ են այնքան տալ, որ Փաշինյանը կարողանա վերջնական լուծարման հասցնել Հայաստանի Հանրապետությունը:
Ուկրաինայում կազմակերպված ընդդիմություն գրեթե չկա: Այնտեղ իշխանափոխությունը հնարավոր է հենց Զելենսկու կաբինետի ուժերով: Եվս մեկ-երկու հնչեղ փախուստ, անհնազանդության մեկ-երկու փորձ, եւ Զելենսկին կկանգնի կրախի առաջ: Հայաստանում վիճակն այլ է: Կա կազմակերպված ընդդիմություն, բայց առավել «կազմակերպված» է Փաշինյանն իր ուժային կառույցներով ու իրավապահ համակարգով: Այս իրավիճակում ակնկալել պալատական հեղաշրջումներ, մեղմ ասած՝ անիրատեսական է: Փաշինյանին այսօր ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որեւէ այլ երկիր քաղաքական ճանապարհով իշխանությունից հեռացնել չի կարող: Դա անելու համար նախ պետք է հեռացնեն Ալիեւին եւ Էրդողանին, իսկ դա շատ ծախսատար է: