Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

Wed, 16 Sep 2026 11:33:43 +0400


2026 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված ասոցացված անդամների ընտրությունների արդյունքում «Ֆիզիկա և հարակից գիտություններ» բնագավառում ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ է ընտրվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանը։

Այս ընտրությունը վկայում է Մանուկ Բարսեղյանի երկարամյա գիտական գործունեության, մասնագիտական վաստակի և գիտական ձեռքբերումների բարձր գնահատականի մասին։

Մանուկ Բարսեղյանը շուրջ 90 գիտական հրապարակման հեղինակ է։ Նրա գիտական գործունեությամբ Հայաստանում հիմք է դրվել շինարարական նյութերում նանոտեխնոլոգիաների կիրառության նոր գիտական ուղղության զարգացմանը։
Նա նաև ՃՇՀԱՀ-ի կողմից հրատարակվող Journal of Architectural and Engineering Research (JAER) գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է։ JAER-ը ներառված է Scopus միջազգային գիտաչափական շտեմարանում։

Մանուկ Բարսեղյանը 1995–1997 թվականներին սովորել է Գյումրիի «Բալատոն» վարժարանում։ 1997–2002 թվականներին սովորել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, իսկ 2002–2005 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։

2006 թվականին նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 2019 թվականին՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Մանկավարժական գործունեությունը Մանուկ Բարսեղյանը սկսել է 2006 թվականին։ Դասավանդել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում, ինչպես նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ամբիոնում։

2007–2024 թվականներին գիտական գործունեություն է իրականացրել Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում։ Որպես հրավիրված հետազոտող՝ աշխատել է Կոլումբիայի Մեդելին քաղաքում գտնվող Անտիոքիայի համալսարանում և Կանադայի Մանիտոբայի համալսարանում։

2020 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր զբաղեցրել է ՃՇՀԱՀ-ի գիտական քաղաքականության վարչության պետի պաշտոնը։

2020 թվականից մինչև 2024 թվականի մարտի 24-ը զբաղեցրել է ՃՇՀԱՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը։

2020 թվականից ղեկավարում է ՃՇՀԱՀ-ում իրականացվող «Շինարարական խնդիրների մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» ծրագիրը։

2024 թվականի մարտի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը եղել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։ 2025 թվականի հունվարի 31-ին ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնում։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51 …