«Հրապարակ»․ Պատմության ուսուցիչը՝ թշնամի՞. Փաշինյանն արգելում է երազել Մուշի ու Վանի մասին
Fri, 18 Sep 2026 09:45:54 +0400
Հայաստանի քաղաքական օրակարգում նոր «թշնամի» կա՝ դպրոցի պատմության ուսուցիչը եւ, առհասարակ` ուսուցիչներն ու «տգետ» տնօրենները։ Նրանք երեխաներին «վտանգավոր» միտք են ներշնչում՝ որ Արեւմտյան Հայաստան ու Արցախ են եղել, որ մեծանան ու գնան «Մուշն ու Վանն ազատագրելու»:
Սեպտեմբերի 17-ին «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն 2026» միջազգային համաժողովի ժամանակ այդ անհայտ ուսուցչի մասին է պատմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անվտանգային շատ խնդիրներ սկսվում են հենց մեր մտքում՝ իրականության եւ միջավայրի ընկալումից։ Քաղաքացիների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանցից մեկն ասաց, թե «Պատմություն» առարկայի ժամին ուսուցիչն իր երեխային ասել է, որ մեծանան՝ պետք է ազատագրեն Մուշն ու Վանը»։ Կառավարության ղեկավարը նշել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի նման երեւույթների դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար ու հակասում է «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը:
Պատմաբան, ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը, մեկնաբանելով Փաշինյանի այս սկանդալային հայտարարությունը, հիշեցնում է, որ այս ձգտումը՝ գնալ Մուշն ու Վանն ազատագրել, ժողովրդի գիտակցության մեջ միշտ է եղել՝ ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ մինչ այդ: «Եթե դպրոցում, կենցաղային մակարդակում մարդիկ իրար հետ զրուցում են էդ թեմաներով, կամ դասատուն է աշակերտի հետ խոսում, ուրեմն մարդկանց պետք է բռնեն նստացնե՞ն: Այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա: Դա նորմալ վիճակ է, ինչո՞ւ հանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը, որ ի՞նչ լինի»,- հարցնում է նա: Դե, Փաշինյանը կարծում է, թե դա մեր անվտանգությանն է վնասում, ըստ Ձեզ` չի՞ վնասում: «Երեւի Թուրքիան հայտարարություն է արել այդ առիթով, որ երեխային նման բան են ասել, նոտա՞ է ներկայացրել Հայաստանին, թե՞ ինչ»,- հարցնում է պատմաբանը:
Առհասարակ, հնարավո՞ր է ժողովրդի գիտակցությունից հանել պատմական հիշողությունը: «Եթե դա հնարավոր է դարձել, ու եթե եղել են նման ազգեր, որոնք իրենց պատմությունը մոռացել են, մի քանի տասնամյակ հետո դրանք պատմական ասպարեզից վերացել են ուղղակի: Իսկ եթե պետության առաջին դեմքն է նման հայտարարություն անում, ապա՝ այո, դա երկրի համար վտանգավոր է»,- համոզված է Աշոտ Սարգսյանը:
Պատմության ուսուցիչը, Մուշի, Վանի մասին հիշողությունը վտանգավո՞ր են մեր երկրի անվտանգության համար՝ հարցնում ենք արձակագիր Լեւոն Ջավախյանին: «Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ինքն է` Փաշինյանը, եւ պատմության մեջ, նախնադարից սկսած մինչեւ էսօր, որեւէ մեկը չի եղել, որ մարդուն արգելի երազել»,- ասում է նա: Ջավախյանին նյարդայնացնում են «քայլեր ձեռնարկելու», պատժելու մասին ամենօրյա ռեժիմով հնչող սպառնալիքները: «Նա բացի բռնելուց ոչ մի բան չգիտի: Էս երկիրը նրա համար ոչ այլ ինչ է, եթե ոչ իր հոր բոստանը, ու ինքն ա որոշում` ում ինչ տա, ինչ թողի: Սերժ են ասում, Ռոբերտ են ասում, Լեւոն են ասում՝ նրանց ժամանակ նման մտքեր հնչեցնողին հում-հում կուտեին: Հիմա կառույցները, մտավորականները լռում են: Էսքան բան է տեղի ունենում` մի արձագանք չկա»,- ասում է:
Իսկ թե ինչ քայլեր են ձեռնարկվում, ինչպես է Փաշինյանը պայքարում այն մանկավարժների դեմ, ովքեր ընդդիմանում են անցյալն ուրանալու պաշտոնական քաղաքականությանը, հայրենասիրական կեցվածք են պահում, վերջին տարիներին տեսել ենք: Այդ մարդիկ բախվում են վարչական ճնշումների կամ աշխատանքային «անհամատեղելիության» սպառնալիքին: Բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր դպրոցների մանկավարժներ ու ծնողներ բողոքում էին, որ վերեւից անուղղակի հրահանգ են իջեցնում՝ դպրոցներից հանել փառքի անկյունները, Արցախի դրոշները, Երեւանի շենքերից քերեցին-լվացին 44-օրյա պատերազմի հերոսների նկարները:
2026 թվականի մարտի վերջին, օրինակ, Արմավիրի մարզպետի որոշմամբ, Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից ազատեցին Կարինե Սմբատյանին: Հիմքը «վստահության կորուստն» էր: Սմբատյանը հայտարարեց, որ իրեն հեռացրել են դպրոցի Փառքի անկյունից Արցախի դրոշը հանելու հրահանգին չենթարկվելու պատճառով։ Այս դեպքերից հետո Կարինե Սմբատյանն ակտիվորեն հանդես եկավ գործող իշխանությունների քննադատությամբ եւ միացավ ընդդիմադիր շարժումներին ու քաղաքական ուժերին՝ ասելով՝ «պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ»:
Ավելի վաղ՝ 2025 թվականի նոյեմբերին, աշխատանքից ազատել էին Էջմիածնի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարդան Ասատրյանին: ԶԼՄ-ները գրեցին, որ պատճառն այն էր, որ նրան նկատել եւ լուսանկարել էին ընդդիմության քարոզչական հանդիպմանը մասնակցելիս։ Նկարներն ուղարկել էին մարզպետարան, որից հետո «ժողովրդավար» մարզպետն Ասատրյանին անմիջապես ազատել էր աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ԺՊ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չէր ճանաչում:
Նման մի քանի դեպքի մասին «Հրապարակին» պատմել էր հայտնի գրականագետ, դասախոս՝ լուսահոգի Սերժ Սրապիոնյանը: Մեզ հետ զրույցում Սրապիոնյանն ասել էր, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի դպրոցից է լուր ստացել, որ իրենց հրահանգ է իջեցվել՝ հեռացնել պատերազմում զոհված հերոսների նկարները, հանել Փառքի անկյունը, բայց տնօրինությունը դիմադրել է։
Իշխանությունները նման հրապարակումներից հետո միշտ ստահոդ հերքումներ են տարածում՝ նշելով, որ նկարները ոչ թե դեն են նետվում, այլ «վերանորոգման կամ դասասենյակների վերաձեւավորման պատճառով տեղափոխվում են»: