«Հրապարակ». Տավուշում անտառ չի մնացել, իջեւանցի Նիկոլ Փաշինյանը դրա մասին չգիտի՞
Sat, 19 Sep 2026 12:15:34 +0400

Օգոստոսի 29-ին Իջեւան համայնքի Սեւքար գյուղից փայտով բեռնված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, գյուղ մտնող ճանապարհից մտել է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհ, խաչմերուկի մոտ վթարի ենթարկել ճանապարհին ընթացող մարդատար ավտոմեքենային, որի մեջ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 2 բնակիչ է եղել։ Վթարի հետեւանքով մարդատար ավտոմեքենայի ուղեւորը՝ 22-ամյա Նարեկ Եդիգարյանը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մինչեւ հիմա անգիտակից վիճակում է, կոմայի մեջ։ Աստված տա, որ սահմանամերձ Բաղանիսի Եդիգարյան ընտանիքի միակ որդին՝ Նարեկն առողջանա։
Իմ տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Իջեւանի քննչական բաժնում դեպքի վերաբերյալ քննություն է կատարվում: Սեւքարի բնակիչներից իմացա, որ փայտով բեռնված «ԶԻԼ»-ը փայտը տեղափոխելիս է եղել վերոհիշյալ խաչմերուկի մյուս կողմում գտնվող, Սարիգյուղի բենտոնիտի կավերի հանքավայրի մոտ գործող փայտածուխի արտադրամաս։ Տավուշի մարզի անտառամերձ գյուղերում գործում են փայտածուխի արտադրամասեր, դրանց տերերի մի մասը վերջին տարիներին մեծապես հարստացել են` Երեւանում բնակարաններ են գնել, շքեղ ավտոմեքենաների տեր դարձել: Հեռախոսազրույց ունեցա Իջեւան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մորաքրոջ որդու` Սեւքարի բնակիչ, 1976թ․ ծնված Կարեն Ծովանյանի հետ։ Ներկայացա որպես լրագրող, հարցրի՝ ի՞նքն է եղել չարաբաստիկ վթարի պատճառ դարձած «ԶԻԼ»-ի ղեկին։ Նա ասաց, որ ինքը չի եղել ավտոմեքենայի ղեկին, սակայն փայտով բեռնված ավտոմեքենան իրեն է պատկանում։ Նրանից իմացա, որ Սեւքարի անտառտնտեսությունում որպես անտառապետ աշխատող Կարեն Ծովանյանը նույն անտառտնտեսության անտառներում պայմանագրերով 5 հատատեղ ունի, որտեղ մեծածավալ ծառահատումներ են կատարվում։
Մենք Տավուշի մարզի համայնքներից բազում բողոքներ ենք ստացել, բնակիչները խնդրում են հանրությանն ահազանգել, որ Սեւքարի, Իջեւանի անտառտնտեսության անտառներն անխնա հատվում են, ՔՊ-ական իշխանությանը մոտ կանգնած մարդիկ անտառահատումների հաշվին վերջին տարիներին հարստացել են։ Սեւքարի բնակիչներն ասում են, որ Սեւքարի անտառտնտեսության նախկին տնօրեն Աշոտ Երիցյանի ժամանակ իրենց անտառները համեմատաբար լավ էին պահպանվում։ Իջեւան համայնքում փայտածուխի բազում արտադրամասեր են հիմա գործում, որոնց մատակարարումն արվում է անտառները հատելու միջոցով: Իջեւանցիներն ահազանգել են, որ քաղաքի «Խոզմարագ» հանդամասում մեծ հատումներ են կատարվել, տեղի սոճուտը հատել են, կտրված ծառերի մի մասը տեղում ընկած է, չեն տեղափոխել, քանի որ այդ առթիվ քրեական ինչ-որ գործ է հարուցված։ Իջեւանի բնակիչները մեզ հայտնեցին նաեւ «Խոլարքեր» հանդամասում, Ենոքավանի անտառներում կատարված մեծածավալ հատումների վերաբերյալ։ Բնակիչներն ասում են, որ մարդու լացն է գալիս, երբ տեսնում է հատված ծառերի մեծ քանակը։ Այնքան շատ ծառ են հատել, որ անտառը գրեթե վերացել է․ հատված ծառերի տեղում հարյուրավոր փոքր տնկիներ են բուսնել, որոնք մացառուտի նման փակում են անտառը, նույնիսկ՝ անտառամիջյան ճանապարհները։ Իջեւանցիները հայտնում են, որ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ շատ մտերիմ է։ ՔՊ խմբակցությունից ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ-ում անտառների հետ կապված քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի քավոր, մարզպետ Հայկ Ղալումյանի անունն էր նշել՝ կապված Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հետ։ Մի քանի տարի առաջ մարզպետ Հայկ Ղալումյանի անունը շրջանառվեց Իջեւանում ապօրինի ծառահատման աղմկահարույց մի դեպքի առնչությամբ, սակայն մարզպետը ժխտեց պատահարին իր մասնակցությունը։
Իջեւանցիները հատուկ մեզ համար բացահայտեցին ապօրինի ծառահատումների մեխանիզմը․ իշխանության հետ սերտ կապեր ունեցողները անտառտնտեսությունների հետ պայմանագրեր են կնքում՝ ծառահատումների համար, անտառում հատատեղեր վերցնում, այդ փաստաթղթերով ապահովագրված՝ լայնածավալ ապօրինի հատումներ անում այլ տարածքներում։ Բնակիչների խոսքով՝ էկոպարեկային ծառայությունը դեռեւս կայացած չէ, որոշ էկոպարեկներ նախկին ոստիկաններ են, որոնք աչք են փակում իշխանության հետ սերտ կապեր ունեցողների` փայտով բեռնված բեռնատարների վրա: Բնակիչները նույնիսկ էկոպարեկների կողմից այդ՝ աչք փակելու դիմաց սակագինն են հայտնում՝ փայտով բեռնված «Վիլիսի» դեպքում՝ 35 հազար դրամ։ Իջեւանում իրար հարցնում են` մի՞թե իջեւանցի Նիկոլ Փաշինյանը չգիտի, որ Իջեւանում անտառներ գրեթե չեն մնացել, եւ հենց իր մտերիմներն են ապօրինի ծառահատումներ անողների հովանավորները: Պատմում են, որ այդ նույն մարդիկ Փաշինյանին հավաստիացրել են, թե Տավուշի մարզում մեծածավալ հատումների մասին հայտարարողները զրպարտիչներ են, ուղղակի ինչ-որ վատ նպատակների են հետամուտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր