Մահացել է աշխարհահռչակ կինովավերագրող Պատրիսիո Գուսմանը
Sat, 19 Sep 2026 12:30:09 +0400

86 տարեկանում, Փարիզում մահացել է աշխարհահռչակ չիլիացի կինովավերագրող Պատրիսիո Գուսմանը։ Համարյա ողջ կյանքը նկարահանել է իր հայրենիքի մասին՝ քաղաքական ցնցումներ, ռազմական հեղաշրջում, դիկտատուր եւ մարդիկ, որոնց ճակատագրերը փոխել են երկրի պատմությունը։ Այս մասին հայտնում է BMF-ը։
Գուսմանը ծնվել է Սանտյագոյում՝ 1941 թվականի օգոստոսի 11-ին։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել շնորհիվ «Պայքար Չիլիի համար» եռամասնյա վավերագրական շարքի, որը նկարահանել է 1970-ականների Չիլիական քաղաքական ճգնաժամի ժամանակ։ Ռեժիսորը փաստացի հայտնվել է դրամատիկ զարգացումների հորձանուտում։ Նրա տեսախցիկը ֆիքսել է կյանքը նախագահ Սալվադորե Ալյենդեի օրոք, արձանագրել աճող քաղաքական դիմակայությունը, զանգվածային ցույցերը եւ 73 թվականի սեպտեմբերի տասնմեկի հեղաշրջումը։ Ավգուստո Պինոչետի բռնապետության հաստատումից հետո Գուսմանն ու նրա նկարահանող խումբը ձերբակալվել են։ Բանտից ազատվելուց հետո Պատրիսիո Գուսմանը հեռացել է Չիլիից՝ իր հետ տանելով նկարահանած նյութերը։ Իր կարիերայի ընթացքում արժանացել է մի շարք միջազգային հեղինակավոր մրցանակների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր