Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Ինչում են խաբվել նախկինները` իրենց ընկեր Նիկոլի հաշվով

Ինչում են խաբվել նախկինները` իրենց ընկեր Նիկոլի հաշվով

Sat, 19 Sep 2026 20:15:13 +0400


Հակակոռուպցիոն կոչվող կոմիտեից հայտնում են, որ «Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»: Խոսքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի մասին է, որը լայն հանրությանը հայտնի է Ջոնիկ անունով: Քանի որ Հայաստանում բոլոր ձերբակալությունները եւ կալանավորումները տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի հրապարակային եւ ոչ այնքան հրապարակային հանձնարարություններով, ապա իմաստ ունի հասկանալ, թե ինչու է Փաշինյանը հրահանգել կալանավորել Ջոնիկ Աբրահամյանին, որի հետ ժամանակին ունեցել է մտերիմ եւ անգամ «գործընկերային» հարաբերություններ: Իհարկե, Փաշինյանն Աբրահամյանից փող է ուզում կամ ունեցվածք, որը նույնն է:

Այն, որ Փաշինյանը եւ Աբրահամյանը մտերիմ եւ գործընկերային հարաբերություններ են ունեցել, ականատես եմ եղել անձամբ: 2003 թվականի աշնանային մի օր Նիկոլ Փաշինյանը զանգահարեց ինձ եւ ասաց, որ պետք է հարցազրույց վերցնեմ Ջոնիկից: Օրը շաբաթ էր` ոչ աշխատանքային: Փաշինյանը, որն այդ ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն էր, ասաց, որ Ջոնիկն իմ հետեւից մեքենա կուղարկի, որն ինձ կտանի Մխչյան: Քիչ հետո զանգահարեց Ջոնիկ Աբրահամյանը, պայմանավորվեցինք տեղի եւ ժամի մասին, եւ պայմանավորված ժամին նրան սպասարկող սեւ «ԳԱԶ 31»-ը եկավ իմ հետեւից: Աբրահամյանն ինձ սպասում էր Մխչյան գյուղում գտնվող գինու եւ կոնյակի գործարանի իր աշխատասենյակում: Իր հետ էր նաեւ մեկ այլ տղամարդ, որը ներկայացավ որպես ատամնաբույժ Հակոբ Նիկիտիչ, եթե չեմ սխալվում: Աբրահամյանն իր աշխատասենյակում որսի մսով հյուրասիրություն էր կազմակերպել, ինձ էլ հյուրասիրեցին եւ երբ վերջացրին ուտելը, ասաց, որ ուզում է հարցազրույց տալ եւ սպասում է, որ ես իրեն հարցեր տամ: Այդ ժամանակ նա ԱԺ պատգամավոր էր, բնականաբար՝ իշխող Հանրապետական խմբակցությունից:

Ես նախ հետաքրքրվեցի, թե իր ինչին է պետք հարցազրույցը, ինչին միանգամից միջամտեց մեր զրույցին ներկա Հակոբ Նիկիտիչը եւ բացատրեց, որ Աբրահամյանը պատգամավոր է, այցելում է տարբեր գյուղեր, հանդիպում է մարդկանց հետ, եւ բոլորը նրանից հարցնում են, թե ինչու մյուս պատգամավորները հարցազրույցներ են տալիս, իսկ ինքը ոչ մի հարցազրույց մինչեւ հիմա չի տվել։ Եվ, ահա, իրենք որոշել են լրացնել այդ բացը, եւ Աբրահամյանը զանգել է իր մտերիմ Նիկոլ Փաշինյանին ու պայմանավորվել, որ նա լրագրող ուղարկի՝ հարցազրույցը կազմակերպելու համար:

Ես մի քիչ անակնկալի եկա այդ պատմությունից, որովհետեւ մտածում էի, որ Աբրահամյանն ինչ-որ կոնկրետ ու կարեւոր ասելիք ունի, բայց պարզվեց` ոչ մի ասելիք էլ չունի: Փորձեցի ստեղծված անհարմար իրավիճակից դուրս գալ, քաղաքական ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր տալ, բայց Աբրահամյանը հրաժարվեց դրանց պատասխանել՝ ասելով, որ դա իր թեման չէ: Մի քանի այլ հարցեր էլ նա համարեց շատ վտանգավոր` ասելով, որ եթե դրանց մասին խոսի, կարող են «խնդիրներ ստեղծվել» կուսակցությունում: Մի խոսքով` հարցազրույցը չէր ստացվում, եւ եւս ասացի, որ հրաժարվում եմ հարցազրույց վերցնել, քանի որ Աբրահամյանն ասելիք չունի:
Իմ այդ հայտարարությունը խիստ զայրացրեց ինչպես Ջոնիկ Աբրահամյանին, այնպես էլ Հակոբ Նիկիտիչին, ովքեր վրդովված հայտարարեցին, որ ես չեմ ցանկանում կատարել իրենց ընկեր եւ իմ ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը: Այստեղ Հակոբ Նիկիտիչը մի հետաքրքիր դիտարկում արեց. «Ջոնիկ ջան, դու Նիկոլի հարցերը լուծել ես, էս տղու հարցերը չես լուծել, արի մի բան էլ էս տղուն տանք, որ դատարկ ձեռքով տուն չգնա»: Ջոնիկն էլ, թե բա՝ ասել եմ` մեքենայի մեջ երկու արկղ «Մարզպետ» անունով կոնյակ են դրել, մի 300 դոլար էլ փող կտան, եթե նորմալ հարցազրույց վերցնի։ Հակոբ Նիկիտիչը դառավ ինձ, թե բա. «Տակից պահած հարցեր չունե՞ս՝ սենց լավ առիթների համար, էդ հարցերը տուր, թող մարդը պատասխանի, ե՛ւ դու գոհ կմնաս, ե՛ւ մենք»: Ասացի` ոչ մի հարց էլ չունեմ պահած ու հարցազրույցի իմաստը չեմ տեսնում:

Այստեղ Ջոնիկ Աբրահամյանն ինձ մեղադրեց սաբոտաժի մեջ, որ ես իրենց հանդեպ թշնամություն ունեմ, վերցրեց հեռախոսը, զանգեց Նիկոլ Փաշինյանին եւ բողոքեց, որ չնայած ինքն ինչ որ պետք է, տվել է, բայց իր լրագրողը հրաժարվում է հարցազրույցից, ու պահանջեց, որ նա ինձ ազատի աշխատանքից: Սրանով մեր խոսակցությունն ավարտվեց, Աբրահամյանը հրահանգեց վարորդին` մեքենայի բեռնախցիկից հանել կոնյակներն ու ինձ հետ տանել՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը կարգին մարդ է, իսկ ես «անբանի մեկն եմ»:

Հիմա ինչու եմ գրում այս ամենի մասին. Հայաստանի նախահեղաշրջումային քաղաքական եւ տնտեսական էլիտայի մեծ մասը տարիներ շարունակ հարաբերություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, նրան այդ ժամանակների համար հսկայական գումարներ են տվել, մի մասը՝ գրելու, մյուսները` չգրելու համար: Նրանք Փաշինյանին համարել են շատ հարմար մարդ, որի հետ կարելի է հեշտ լեզու գտնել: Բայց երբ Փաշինյանն իշխանություն է ստացել, տեսել են, որ իրենց առաջ կանգնած է մեկը, որն ունի անհագ ախորժակ, որը հնարավոր չէ բավարարել, մեկը, որ կարող է այսօր բռնել մեկին, վերցնել մի քանի միլիոն դոլար` բաց թողնել, հետո նորից բռնել նույն անձին` նորից վերցնել, բաց թողնել, ու այդպես շարունակ: Իրենք գործ ունեն մեկի հետ, որի հետ հնարավոր չէ պայմանավորվել, քանի որ ցանկացած պայմանավորվածություն խախտվում է հենց հաջորդ վայրկյանին, եւ իրենք, չունենալով որեւէ իշխանություն, չեն կարող պարտադրել այդ պայմանավորվածության կատարումը: Եվ նա ամենեւին չի չափազանցնում, երբ ասում է՝ հանելու եւ տանելու եմ ձեր վերջին կոշիկը, իհարկե՝ իրեն հասանելի կոշիկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ զանգվածին

Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ զանգվածին Sat, 19 Sep 2026 15:45:52 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով