Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան

Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը
Երկրորդ հերթի դասի եմ` երկրորդ ժամով։ Տնօրենի հետ զրուցելով բարձրացանք երրորդ հարկ` յուրաքանչյուրս այդ դասաժամին մեր դասը վարելու։
Դասասենյակի դուռը բացեցի։ 9-րդ ա դասարանցիները կանգնած էին` դասարան մտնող ուսուցչուհուն բարևելու պատրաստակամությամբ։
Միանգամից դղրդաց… Չիմացանք` երկի՞նքն էր, թե՞ գետինը ռմբակոծության թիրախում։
Հայացքս աշակերտներին` քարացա, ապա ուղղորդեցի` շտապ իջնել նկուղը։
Ամբողջ դպրոցն իրար խառնվեց։ Հուզված աշակերտներ` լացակումած, աղիողորմ ճիչերով, ուսուցիչներ` արտասվախառն, իրենց աշակերտներին դեպի նկուղ տանող, ծնողների կանչ, աղաղակ, ովքեր իրենց երեխաներին են փնտրում…
Դպրոցի նկուղում անհնար է դառնում գտնել երեխայի, ով էլ փնտրելիս լինի` ծնող թե ուսուցիչ։ Փոքրերը հուսադրվում են, որ չվախենան, ավագ դասարանների աշակերտներն ավելի հավասարակշիռ են, լռության մատնված, բայց գունաթափ, պատի ծեփ դարձած։
Սա այն էր, որ մեծ ու փոքր չի ճանաչում, երբ սարսափում ես, որ կարող է զոհ դառնաս ինչ֊որ արկի, բայց երեխաների մոտ փորձում ենք արտաքուստ հանգիստ երևալ, միաժամանակ սպասելով, որ շուտով կավարտվի այդ մղձավանջը և դպրոցի նկուղը կթողնենք, գնանք տուն։
Ակնթարթ տևեց… Այն, ինչ տեղի ունեցավ, անսպասելի էր։ Հայր, ով եկել էր իր երեխաների հետևից…
Ինքնազգացողության վատացում դպրոցի նկուղում։ Սկզբում չիմացանք` ինչ տեղի ունեցավ, բայց ցուցաբերված առաջին օգնությունը քիչ էր։
Նկուղ մտած ծանոթ զինվորականը հարցրեց, թե չե՞նք ուզում տուն գնալ։ Միանգամից մերժեցինք։ Հետո դուստրս, որ թոռնիկիս հետ նկուղում էր` իր դասարանի աշակետներին շուրջը հավաքած, ինձ առաջարկեց գնալ տուն, որ մեր բնակելի շենքի նկուղի դուռը բացեմ։
Զինվորական մեքենան շարժվեց հրետակոծության տակ։ Րոպեներ անց մեր թաղամասում էի։ Հնգհարկանի շենքի նկուղը լիքն էր ծանոթ թե անծանոթ բնակիչներով։
Հայկական կույր դիվանագիտությու՞ն, թե՞ դավաճանություն` թշնամու հանկարծակի սանձազերծած պատերազմով, բազմաթիվ զոհերով, վիրավորներով, ոմանք` անհայտության մեջ։
Կապերն անջատված են, չեմ կարողանում մինչև երկինք հասնող իմ բարձրակոչ խոսքերը շարել, բայց ձեռքի պայուսակիս մեջ գտնում եմ անդորրագրեր, որ պետական տուրք եմ մուծել լույսի, ջրի, հեռախոսի համար։ Ու ալեկոծված հոգիս հանդարտեցնելու համար այդ թղթերին եմ հանձնում վրդովմունքս, որ փոքր-ինչ թեթևացնեմ զայրույթս, երբ ներսումս կուտակված հրաբուխը ուր որ է պիտի ժայթքի։
Մարտակերտի մեր բնակելի հնգհարկանի շենքի նկուղում ենք։ Ժամեր տևող հրթիռակոծության տարափի տակ արտասվող մայրեր, կծկված կանայք` երեխաներին գրկած… Անորոշություն, թե ինչ է լինելու մեզ հետ։
Ժամեր են անցնում, ու նկուղի հատակին այս կամ այն անկյունում փոքրիկ երեխաներ, որոնց մայրերը հոգ են տանում նրանց քնեցնելու կամ նրանց սովածությունը հաղթահարելու։
Տարերային է ամեն ինչ, երբ այս ու այնտեղից զոհերի, վիրավորների անուններ են լսվում։ Տարերայնություն, որ մեզ տանում է խուճապի` թաքուն փսփսոցներ, նկուղից դուրս գալու առաջարկներ, քաղաքը շրջապատված լինելու լուրեր, հեռախոսազանգերի անհասանելիություն… Այդ ամենի հետ քաղաքից դուրս գալու «հրահան», որ ասվում է ոչ բոլորին լսելի, ապա նորից սպասում, որ դեռ պետք չէ դուրս գալ։
 Կիսադատարկ նկուղ` աղոտ լույսի տակ, իրար խառնված բնակիչներ, որ փորձում են տուն մտնել, գոնե փաստաթղթեր վերցնել, անհրաժեշտ իրեր։ Ու, ինչպես միշտ, նույն հարցը` ո՞ր մեկը վերցնել, այն էլ` հապճեպ, ամեն ինչ իրար խառնված։ Եվ արդեն քանի՜ անգամ այս վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Եվ սպասում, որ օրը կբացվի, երևի ավտոբուսներ կգան` նկուղաբնակներիս տարհանելու։ Բայց այդպես էլ չեկան…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Կաշխատեն հատուկ գրաֆիկով

Կաշխատեն հատուկ գրաֆիկով Sun, 20 Sep 2026 09:00:55 +0400 Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին,…

15 րոպե ago

· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր էջում տեսահոլովակ է հրապարակել: Սրանք բողոքում են, որ օրական 700…

51 րոպե ago

Հորմուզի նեղուցի բացման հարցում պայմանավորվել են

Հորմուզի նեղուցի բացման հարցում պայմանավորվել են Sat, 19 Sep 2026 23:45:24 +0400 Իրանն ու Օմանը…

10 ժամ ago

Դարձել է ամենից շատ գոլեր խփած ֆուտբոլիստը

Դարձել է ամենից շատ գոլեր խփած ֆուտբոլիստը Sat, 19 Sep 2026 23:30:47 +0400 «Բավարիայի» հարձակվող…

10 ժամ ago

Թաղման նպաստը կհանե՞ն

Թաղման նպաստը կհանե՞ն Sat, 19 Sep 2026 23:02:06 +0400 Փաշինյանը խոսել է սոցիալական աջակցության ծրագրերի…

10 ժամ ago

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից Sat, 19 Sep 2026 23:00:06 +0400 «Մերսեդես» թիմի…

10 ժամ ago