Արամ Զավենիչը հիմնավորում է թուրքական տիրապետության առավելությունները
Wed, 23 Sep 2026 18:15:56 +0400

Որպես Վազգեն Սարգսյանի եղբայր հայտնի, բայց նրա հիշատակը տարիներ շարունակ արատավորող Արամ Սարգսյանը փաստերով եւ թվերով հիմնավորում է, թե որքան օգտակար եւ շահավետ կարող է լինել Հայաստանի կողմից թուրքական տիրապետության ընդունումը: Քանի որ նա փաշինյանական քարոզչամեքենայի մասնիկներից է եւ հաճախ հնչեցնում է այն մտքերն ու գաղափարները, որոնք պետք չէ, որ հնչեցվեն Փաշինյանի եւ ՔՊ-ի այլ ներկայացուցիչների կողմից, նրա ներկայացրած տեսակետին պետք է լուրջ վերաբերվել՝ նկատի ունենալով, որ դա իշխանության ընդհանրական մոտեցումն է` Հայաստանի թուրքացման նպատակահարմարության մասով:
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության սրված հարաբերությունների հիմնական հարցը հիմա գազի սակագինն է. Ռուսաստանը սպառնում է, որ եթե Հայաստանը շարունակի ընթանալ եվրոպական, իրականում` թուրք-ադրբեջանական ինտեգրացիայի ճանապարհով, ապա Ռուսաստանը կարող է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի սակագինը, որը տնտեսական կոլապսի կարող է հասցնել Հայաստանը: Տրամաբանորեն՝ առանց էժան ռուսական գազի Հայաստանի առանց այն էլ թույլ եւ ոչ այնքան մրցունակ արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը կկորցնեն իրենց մրցունակությունը: Ռուսական էժան գազից հրաժարվելու դեպքում Հայաստանում շատ ապրանքների արտադրությունը կդառնա ուղղակի անիմաստ, որովհետեւ հարեւան երկրները միանգամից կողողեն հայկական շուկան: Օրինակ, նույն ցեմենտը, որի արտադրության ծավալների ավելացմամբ հպարտանում է էկոնոմիկայի նախարար կոչվող Գեւորգ Պապոյանը, միանգամից կդառնա անիմաստ, քանի որ հարեւան Թուրքիայից կներմուծեն ավելի էժան ցեմենտ, նույնը՝ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված․ լոլիկի կամ վարունգի, սմբուկի կամ պղպեղի մշակությունը կդառնա անիմաստ, քանի որ ավելի տաք եւ բարենպաստ կլիմա ունեցող Թուրքիայում այն անհամեմատ ավելի էժան է, Հայաստանում այդ ապրանքները տարվա մեծ մասն արտադրվում են ջերմատներում, քանի որ կա ռուսական էժան գազ: Այն ծաղկավաճառները, որոնք բողոքում էին, որ կորցրել են իրացման ռուսական շուկան, դրա մասին ընդհանրապես կմոռանան, քանի որ ծաղիկի ինքնարժեքը բարձրանալու արդյունքում այն ընդհանրապես իմաստ չի ունենա աճեցնել:
Իշխանությունը տեւական ժամանակ ասում էր, որ կա ռուսական գազին այլընտրանք եւ նույնիսկ ավելի էժան այլընտրանք, որ պետք չէ մտահոգվել եւ ենթարկվել ռուսական շանտաժին, բայց չէր ասում, թե որն է այդ այլընտրանքը: Արամ Սարգսյանը որոշել է բացահայտել, թե որ երկրից Հայաստանը կարող է ավելի էժան գազ ներմուծել, որը կլինի այլընտրանք ռուսական գազին: Նա Ֆեյսբուքի իր էջում մի հրապարակում է արել, որում ամեն ինչ բացատրում է թվերով: Ասում է, որ Ռուսաստանը գազի գնի հարցում առաջնորդվում է երկակի չափանիշներով` Հայաստանին սպառնում է գազը վաճառել ԵՄ բորսայական գներով, այն դեպքում, երբ Թուրքիային վաճառում է 276,1 դոլարով` հազար խորանարդի համար: Սարգսյանն ասում է, թե ինչու է Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամության թեկնածու, Ղրիմը եւ Դոնբասը ռուսական չճանաչող Թուրքիային գազը վաճառում այդքան ցածր գնով, իսկ Հայաստանին սպառնում է վաճառել բորսայական գնով: Նա մի հարցադրում էլ է անում, թե ինչու է Թուրքիայի բնակիչը գազը գնում 346 դոլարով` 1000 խորանարդի համար, իսկ Հայաստանի բնակիչը՝ 420 դոլարով: Թե ինչու է Հայաստանի բնակիչը գազի համար վճարում ավելի թանկ, քան Թուրքիայի բնակիչը, այդ հարցը Սարգսյանը պետք է տա իր սիրելի Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ գազի սակագինը հաստատում է Հայաստանի իշխանությունը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Գուցե այդ սակագնի մեջ Փաշինյանը մասնաբաժին ունի եւ անձամբ է շահագրգռված Հայաստանի բնակչության թալանով: Բայց երբ մեկնաբանություններում մեկը խոսում է դրա մասին, Սարգսյանը կրկին մեղքը գցում է ՌԴ-ի վրա, թե բա` եթե հանկարծ այդ հարցը բարձրացնենք, ռուսները կասեն՝ հակառուսական քաղաքականություն եք վարում: Պարզ է, չէ՞, որ Սարգսյանը Փաշինյանին չէր մեղադրելու կոռուպցիայի մեջ, այլապես Փաշինյանը իրեն էլ կհռչակի ապօրինի հարստացած օլիգարխ եւ իրենից կխլի Արարատի ցեմենտի հին գործարանը:
Ինչպես հասկանում եք, Արամ Սարգսյանի ասածը հետեւյալն է․ եթե Ռուսաստանը որոշի Հայաստանին վաճառվող գազը թանկացնել, մենք կարող ենք հրաժարվել այդ գազից եւ գազ գնել Թուրքիայից: Ճիշտ է` այդ գազը կլինի ռուսական, բայց եթե Հայաստանը միանա Թուրքիային եւ դառնա մի տնտեսական տարածք, Հայաստանի բնակիչը գազի համար ավելի քիչ կվճարի, քան վճարում է հիմա:
Ոչ միայն գազը, այլեւ շատ ապրանքներ Թուրքիայում ավելի էժան են, քան Հայաստանում, եւ եթե Արամ Սարգսյանը շարունակի Թուրքիայի էժանության քարոզը, բազմաթիվ այլ ապրանքներ էլ կարող է գտնել ու հայերին համոզել, որ Հայաստանի` Թուրքիա դառնալը միայն անձնական շահ եւ օգուտ կբերի իրենց: Բայց նա երբեք չի ասի, որ Հայաստանում ապրանքների թանկության պատճառը Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ագահությունն ու անկշտությունն է, պետական կառավարման համակարգի անարդյունավետությունը: Իսկ այդ հարցի լուծումն ամենեւին էլ Հայաստանի բռնակցումը չէ Թուրքիային կամ Թուրքիայից տնտեսական եւ քաղաքական ամբողջական կախվածությունը, ինչի մասին երազում է Արամ Սարգսյանը, այլ Հայաստանում ավելի արդյունավետ պետական կառավարման համակարգի ստեղծումը, որտեղ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քարոզչամեքենային կցված «գործիքների» անհրաժեշտությունը չի լինի:
ՀԳ. Իր մեկնաբանությունը Արամ Սարգսյանն ավարտում է հետեւյալ տողերով. «Օրինաչափորեն Հայաստանում չի կարող տարածաշրջանի մյուս երկրներից էապես տարբերվող գազի գին լինել, սա թող ՌԴ իշխանությունները ականջներին օղ անեն․ Հայաստանի համար տարածաշրջանային գներին մոտ գին ապահովելու բազմաթիվ հնարավորություններ կան, եւ փառք Տիրոջը»: Ո՞ւմ նկատի ունի Արամ Սարգսյանը` ո՞ւմ է նա փառք տալիս` Նիկոլ Փաշինյանի՞ն, Դոնալդ Ֆրեդովիչի՞ն, թե՞, որ ամենահավանականն է` Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Բայց հաստատ ո՛չ Հիսուս Քրիստոսին, քանի որ նա գազի եւ առավել եւս դրա գնի հետ չի կարող որեւէ առնչություն ունենալ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր