«Հրապարակ». ՔՊ-ում որոշել են մի քիչ փոխել տակտիկան

«Հրապարակ». ՔՊ-ում որոշել են մի քիչ փոխել տակտիկան

Thu, 24 Sep 2026 09:15:21 +0400


Իշխանական շրջանակներում խոր մտահոգություն կա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով։ Չնայած տեւական ժամանակ փորձ է արվում ներկայացնել, որ խաղաղության դարաշրջան ենք թեւակոխել, եւ այս երկրների հետ հարաբերությունների կարգավորումը հաստատուն հիմքերի վրա է, սակայն Նիկոլ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները հասկանում են, որ սայլը տեղից չի շարժվում, որ Թուրքիան անվերջ ձգում է պայմանավորվածությունների կատարումը, եւ ոչ մի առաջընթաց որեւէ հարցում չկա։ Նույնը, գուցե ավելի վատթար վիճակում, հայ-ադրբեջանական հարաբերություններն են, չնայած 2020 թվականի պարտությունից հետո Ադրբեջանի բոլոր պահանջները Փաշինյանը մեկիկ-մեկիկ կատարում է, եւ վերջնակորդը, թվում է` պետք է լիներ Արցախի հանձնումը, սակայն Ադրբեջանը կանգ չի առնում իր ծավալապաշտական նկրտումների մեջ եւ դրանից հետո արդեն Հայաստանի վերաբերյալ է պահանջներ ներկայացնում ու հերթով հասնում ուզածին։ Արդեն պարզ է, որ Ալիեւի պատկերացրած խաղաղությունը հայոց պետականության ոչնչացումն է, ինչին փորձում է քայլ առ քայլ հասնել նա, եւ խնդիրը ոչ միայն տարածքային պահանջներն են՝ Կիրանցի, Ջերմուկի, Վարդենիսի, Սեւ լճի տարածքները, առջեւում արդեն Տիգրանաշենի եւ Տավուշի այլ տարածքները, այլեւ պետական խորհրդանիշների, մինչեւ անգամ «Արցախ» բառի գործածման արգելքը, նոր սահմանադրությունը` իրենց թելադրած բովանդակությամբ, Եկեղեցու դեմ պայքարը, դպրոցական դասագրքերի բովանդակության փոփոխությունը եւ այլն։

Ու չնայած հայկական կողմը խոնարհ հարսի պես կատարում է Ալիեւ էֆենդու բոլոր պահանջները, այդուհանդերձ, պարբերաբար Ադրբեջանից հնչում են նոր սադրիչ հայտարարություններ, որոնք Հայաստանում մինչեւ անգամ ներքաղաքական իրավիճակ են ապակայունացնում։ Մեզ ասացին, որ չի բացառվում վերեւների «դաբրոյով» իշխանական շրջանակներից առաջիկայում բարձրաձայնեն այդ մասին, սկսեն զգուշորեն խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի ապակառուցողական պահվածքի մասին՝ հույս ունենալով, որ Փաշինյանն այդպիսով մանեւրի դաշտ կունենա թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ: Բայց ակնհայտ է, որ այս մարդիկ չեն էլ հասկանում, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եւ այլեւս դժվար թե կարողանան փակել Ալիեւի՝ դանայան տակառ հիշեցնող ախորժակը։
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Հայաստանում նախատեսված հայ եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացմամբ՝ այդ որոշումը պայմանավորված է Ադրբեջանի շուրջ հայ հասարակության մեջ ստեղծված իրավիճակով։ Խոսքը, հավանաբար, ադրբեջանցի պաշտոնյայի՝ Գանձասարի մասին աղմկահարույց հայտարարությանը հայկական արձագանքի մասին է։

Թերեւս նաեւ սրանով է պայմանավորված, որ ՔՊ-ում որոշել են փոքր-ինչ դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նիկոլ Փաշինյանն էլ գուցե որոշել է առաջին ծիծեռնակը դառնալ, իհարկե՝ «լայթս» տարբերակով․ երեկ նա խոսեց Թուրքիայի հետ սահմանի բացման մասին՝ ընդգծելով, որ անհամբեր սպասում են դրան։ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ նա մասնավորապես նշեց՝ ներկայում մենք կենտրոնացած ենք ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ, որի վերջնարդյունքում լիարժեք կբացենք տարածաշրջանային կոմունիկացիաները, քանի որ 1990-ականների սկզբներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է։ «Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ, մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, եւ դրա շրջանակում նաեւ երկաթուղային կապը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացվի։ Իսկ, ընդհանուր առմամբ, դա կփոխի ընդհանրապես միջազգային լոգիստիկան, որովհետեւ միջազգային հանրությունը նոր ուղի ձեռք կբերի, նոր ուղի կստանա` Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում հեղափոխությո՞ւն է․ անկարգություններ ու ձերբակալություններ են

Ադրբեջանում հեղափոխությո՞ւն է․ անկարգություններ ու ձերբակալություններ են Sat, 17 Oct 2026 09:30:40 +0400 Ավտոմեքենաների հրկիզման…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Երկուսն էլ մերն են

«Հրապարակ»․ Երկուսն էլ մերն են Sat, 17 Oct 2026 09:15:29 +0400 «Տարածքային փոխանակում» ասվածն իրավական…

33 րոպե ago

Ֆենոմենալ երեւույթ

Ֆենոմենալ երեւույթ Sat, 17 Oct 2026 09:00:34 +0400 Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալն ու պաշտոնավարման 8…

48 րոպե ago

«Հրապարակ». Ինչպես Մոսկվան Երեւանում փակեց «երրորդ երկրների» մասին հեքիաթը

«Հրապարակ». Ինչպես Մոսկվան Երեւանում փակեց «երրորդ երկրների» մասին հեքիաթը Sat, 17 Oct 2026 08:45:07 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Sat, 17 Oct 2026 08:30:05 +0400 Չնայած Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել Sat, 17 Oct…

1 ժամ ago