«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր

Thu, 24 Sep 2026 10:15:35 +0400


«Ինչքան էլ այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասկանալով, թե չհասկանալով, գնում է մի ճանապարհով, որը կազմաքանդում է պետությունը, բայց նա չի կարող ամեն ինչ կազմաքանդել»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։

«Նիկոլ Փաշինյանը կարող է դանդաղեցնել մեր զարգացման ընթացքը, որն էլ ըստ էության անում է, խոչընդոտներ է ստեղծում, բայց հիմա ինչ ուզում է Նիկոլն անի, որ պատին ուզում է իր գլուխը տա, նա չի կարողանալու պետական համակարգը քանդել»,- ասաց Աբրահամյանը։ Դիտարկմանը, թե Արցախի կորուստը եւս շատերն անհնար էին համարում, բայց հիմա ոչ միայն Արցախ չունենք, այլեւ Արցախի մասին խոսելն է քիչ-քիչ արգելվում, պատասխանեց․ «Ճիշտ եք ասում, այդ մեծագույն ողբերգությունը, դուք գիտեք` մեր քաղաքական ուժի ղեկավարն իր քաղաքական ուժով ամեն ինչ արել է տարիներ շարունակ, անկախությունից ի վեր, որպեսզի մենք ապահովենք Ղարաբաղի ինքնուրույնությունը, սուվերենությունը, ինքնորոշման իրավունքը, եւ մենք դրան հասել էինք, խնդիրը լուծված էր: Ընդամենը պետք էր, որ Հայաստանի ամբողջ քաղաքական էլիտան իրեն դրսեւորեր պետական մտածողությամբ եւ կարողանար գնալ խնդրի լուծմանը։ Մենք այն ժամանակ զգուշացնում էինք, որ եթե հիմա խնդիրը չենք լուծում, կանցնի մի 10-20 տարի, կկորցնենք այն, ինչ ձեռք ենք բերել, որովհետեւ դա անհեռատես քաղաքականություն էր։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր։ 1998-ին մենք իշխանությունից հեռացանք Ղարաբաղի խնդրի պատճառով, մենք վճռականորեն գնացինք խաղաղության գործընթացին, եւ այդ խնդիրը 100 տոկոսով լուծվում էր այդ ժամանակ: Չստացվեց, քանի որ մեր դեմ դուրս եկան ամբողջ քաղաքական դաշտը, բանակը։ Այդ սխալը, որ կատարվեց, պետք է ունենար հետեւանքներ՝ մենք զգուշացնում էինք, որ Ադրբեջանը զարգանալու է, ուժերի հավասարակշռությունը փոխվելու է, եկավ հասավ Նիկոլ Փաշինյանին: Որքան էլ ասում ենք, որ մեր դիրքերը թույլ էին, ռազմական բալանսի առումով զիջում էինք, տնտեսական բալանսի առումով զիջում էինք, բայց այդ ճակատագրական որոշումը Նիկոլ Փաշինյանը կայացրեց 2019-ին, երբ մերժեց բանակցությունները, որից հետո պատերազմը դառնում էր անխուսափելի, նա գիտակցված դա արեց՝ դառնալով այս մեծ արհավիրքի պատասխանատուն»։

Հարցին՝ ինչո՞ւ Արցախի համար մղված պայքարի վերջին օրը` Արցախի հայաթափման օրը, Փաշինյանը ոչ թե հիշում է Արցախը, այլ հայտարարում է, թե մի մրցանակ էլ պետք է Ալիեւին տալ, Աբրահամյանն արձագանքեց․ «Դա անբարոյական վարքագիծ է, Փաշինյանը 2023-ից նման վարքագիծ է դրսեւորում։ Իր ցանկացած գործողություն նախեւառաջ միտված է սեփական իշխանության պահպանմանը, այդ խնդիրն է ինքը լուծում անընդհատ։ Ինքը հաշվել է, որ կա՛մ ինքն այստեղ կլինի արտաքին ուժերի դրածոն եւ կպահպանի իր իշխանությունը, կա՛մ չի ունենա իշխանություն եւ ընտրել է այդ ճանապարհը»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավոր տարբերակների մասին՝ Աբրահամյանն ընդգծեց, որ միշտ եղանակ կա, ձեւ կա՝ դա անելու․ «Առավել եւս՝ եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ընտրությունները կեղծել է, ինքը լեգիտիմ ղեկավար չէ, իսկ այդ պարագայում իշխանությունը երկար պահպանելը բարդ է, դրա համար կա ընդամենը մեկ միջոց՝ ուժային կառույցներ։ Բայց եթե դու լեգիտիմ չես, քո իշխանությունն ամեն օր էրոզիայի է ենթարկվում, ի վերջո` մի օր փլվում է։ Աշխատավարձեր ու պարգեւավճարներ բարձրացնելու մեթոդով է գործում, որովհետեւ վստահ է, որ այլ եղանակ, քան կաշառքն ու ուժայիններն են, ինքը չունի։ Քաղաքական ուժերի մեծ համախմբման, մեծ շարժում սկսելու պարագայում հնարավոր է իշխանության հարցը լուծել եւ հեռացնել այս ազգակործան իշխանությանը, բայց շատ մեծ խնդիր է նման շարժում կազմակերպելը։ Որպեսզի այս համակարգը ցնցվի, իր դեմ պետք է դուրս գա ուժ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կան մարդիկ կամ կուսակցություններ, որոնք պատրաստ են պայքարելու

Կան մարդիկ կամ կուսակցություններ, որոնք պատրաստ են պայքարելու Fri, 25 Sep 2026 16:30:59 +0400 Latest…

19 րոպե ago

Զինծառայողների զոհվելուց հետո ՊՆ պաշտոնյաներ են ձերբակալվել Ղազախստանում

Զինծառայողների զոհվելուց հետո ՊՆ պաշտոնյաներ են ձերբակալվել Ղազախստանում Fri, 25 Sep 2026 16:30:51 +0400 Ղազախստանի…

20 րոպե ago

Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են իրական ազգային ընդդիմադիր ուժերը․ Շարմազանովը փակագծեր բացեց

Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են իրական ազգային ընդդիմադիր ուժերը․ Շարմազանովը փակագծեր բացեց Fri, 25…

21 րոպե ago

Ոչ մի բան չեմ բացառում․ ԲՀԿ-ն իր գործունեությունն ակտիվացնում է, գնում են կոնսուլտացիաներ

Ոչ մի բան չեմ բացառում․ ԲՀԿ-ն իր գործունեությունն ակտիվացնում է, գնում են կոնսուլտացիաներ Fri, 25…

30 րոպե ago

Փաշինյանը «Շանզե Լիզե»–ի փոխարեն պետք է երգի Матушка земля երգը. Սամվել Կարապետյան

Փաշինյանը «Շանզե Լիզե»–ի փոխարեն պետք է երգի Матушка земля երգը. Սամվել Կարապետյան Fri, 25 Sep…

31 րոպե ago

Ռուսաստանից գազ չստանալու դեպքում Հայաստանը գազ չի ունենալու ընդհանրապես

Ռուսաստանից գազ չստանալու դեպքում Հայաստանը գազ չի ունենալու ընդհանրապես Fri, 25 Sep 2026 16:12:31 +0400…

38 րոպե ago