Բայրամովը հաստատեց․ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի» ծրագիր ունեն
Sat, 26 Sep 2026 11:07:20 +0400

Ադրբեջանն ու Հայաստանն արդեն հասել են փաստացի խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ, այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով․ «Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղություն՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքների փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա»։
Բայրամովը նշել է, որ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր։ Ավելին, կողմերը նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր։
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցիկ սահմանափակումները՝ հեշտացնելով ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան, հաստատել է երկկողմ առևտրային հարաբերություններ։ Բայրամովի խոսքով՝ Բաքուն պարբերաբար մատակարարում է Հայաստանին նավթամթերք։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել մնացած խոչընդոտը և ավարտել հարաբերությունների կարգավորումը՝ ստորագրելով արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագիրը»։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի հետպատերազմյան օրակարգը նպատակ ունի «ստեղծել պայմաններ հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար»։
Հ․Գ․
Այս հայտարարությունն ամենակնառու փաստն է, որը վկայում է այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների»՝ Հայաստան վերադարձի սևեռուն քաղաքականության ու պաշտոնական Երևանին ուղղված պահանջ-սպառնալիքի մասին։ Փաստ, որի մասին ահազանգում են Հայաստանի ընդդիմադիր և իրապես ազգային առողջ ուժերը, և որն այդքան ջանադրորեն և անամոթաբար հերքում են ՀՀ ներկայիս իշխանությունները՝ դա որակելով իբրև ընդդիմախոսների կեղծ խոսույթ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր