Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Եթե բռնության դեպքեր կան, չի նշանակում նախկինում աշխատանք չենք կատարել

Եթե բռնության դեպքեր կան, չի նշանակում նախկինում աշխատանք չենք կատարել

Sat, 26 Sep 2026 19:15:46 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Կանանց ռեսուրսների կենտրոնի համահիմնադիր Լարա Ահարոնյանն է:

– Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, տևական ժամանակ է՝ կանանց դեմ բռնությունը կանխելու դեմ պայքար է սկսել և պնդում է, որ մեր ընտանիքներում կանանց դեմ բռնության դեպքերը շատ են և դրա դեմ բավարար պայքար չի տարվում` ոչ օրենքները, ոչ մեր մենթալիտետը դա չեն մերժում: Աննա Հակոբյանն ասում է, որ բազմաթիվ բողոքներ է ստանում բռնության ենթարկված կանանցից: Տպավորություն է, որ այս տարիներին ոչինչ չի արվել այդ արատավոր երևույթը կանխելու նպատակով, սակայն բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են այս տարիներին գործել, և այժմ էլ գործում են, որոնք արևմտյան տարբեր երկրներից մեծ գումարներ են ստացել, սակայն փաստորեն իրավիճակը գնալով ավելի է վատացել: Դուք ևս վերջերս նշել էիք, որ 2020 թվականից հետո կանանց դեմ բռնության դեպքերը շատացել են:

– Ես հստակ թվեր չեմ կարող ասել՝ շատացե՞լ են արդյոք բռնության դեպքերը, թե՞ ոչ: Ես երբեք անմիջապես այդ դեպքերով չեմ զբաղվել, դա մասնագիտական աշխատանք է, իսկ ես ադվոկացիայով եմ զբաղվել:

– Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանանց դեմ բռնության պայքարի շրջանակներում Ազգային ժողով օրենսդրական փաթեթ է ներկայացվել, որը հաջորդ շաբաթ քննվելու է, նա առաջարկում է հինգ իրավական ակտերում փոփոխություններ կատարել: Այս տարիներին ինչո՞ւ չեն իրականացվել այդ փոփոխությունները:

– Դուք հիմա փոփոխությունների մասին եք խոսում, բայց այդ օրենքը կար: Փոփոխություններ եղել են տարբեր ժամանակաշրջաններում: Աշխատելով ենք հասկանում, թե ինչ բացթողումներ կան, իսկ փոփոխություններ և առաջարկություններ միշտ լինում են: Ինչ վերաբերում է կանանց դեմ բռնության դեպքերի թվի ավելացմանն, ապա ես ոչինչ չեմ պնդի: Գուցե ոչ թե դեպքերն են շատացել, այլ իրազեկման ցուցանիշներն են ավելացել: Այսօր մարդիկ ավելի իրազեկված են, և գիտեն, եթե նման դեպքեր լինում են, ապա անպայման դրանց մասին պետք է բարձրաձայնել: Ես հիմա կդժվարանամ պնդել. շատացե՞լ են դեպքերը, քչացե՞լ են, թե՞ ցուցանիշը մնացել է նույնը:

– Այս տարիներին ի՞նչ աշխատանք եք կատարել:

-Աշխատանք կատարել ենք, սակայն ընտանեկան բռնությունն այնպիսի բան է, որ ամբողջ աշխարհում լիքը բացթողումներ դեռ կան: Երբ սիստեմները, կարծրատիպերը չեն փոխվում, կրթության մեջ փոփոխություններ չեն արվում, և մարդիկ իրենց մտածելակերպը չեն փոխում, մեծ փոփոխությունները նկատելի չեն դառնում: Ժամանակ է հարկավոր փոփոխություններ նկատելու համար: Այնպես որ, եթե բռնության դեպքեր կան, դա չի նշանակում, որ մենք չենք արել համապատասխան աշխատանք, պարզապես անելիք դեռ շատ կա: Մտածելակերպ փոխելը հեշտ բան չէ: Այն մեկ տասնամյակում չի փոխվում:

– Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Աննա Հակոբյանի՝ կանանց դեմ բռնությունը կանխելու այս նախաձեռնությանը:

-Կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է խոսեն այդ թեմայի մասին, անկախ այն բանից ճանաչված են, թե ոչ, կամ ինչ պաշտոն են զբաղեցնում: Սա մեկ մարդու խնդիր չէ, ոչ էլ միայն բռնության ենթարկվող կանանց խնդիրն է: Սա նաև հասարակության խնդիրն է: Լրատվամիջոցներն էլ պիտի անդադար այդ մասին խոսեն: Ինչքան շատ խոսվի, այնքան լավ:

– Բայց նկատելի արդյունք կլինի՞:

– Ամեն մարզում մենք ունենք աջակցման կենտրոններ: Օրինակ տասը տարի առաջ չունեինք, դա նշանակում է, որ արդեն իսկ դրական փոփոխություն կա: Համապատասխան օրենքներ ունենք, կանայք չեն ամաչում էլ խնդիրների մասին խոսելուց: Առաջ այս պատկերը չունեինք: Տարիներ առաջ Զարուհի անունով մի կնոջ սպանեցին, սակայն այդ մասին ոչ ոք չէր խոսում, բայց հիմա չեն լռում, ոստիկաններն էլ ուրիշ կերպ են հարցին նայում: Չեն ասում` սա ձեր անձնական պրոբլեմն է: Թեպետ անելու շատ գործ կա դեռ:

– Ոստիկաններից Աննա Հակոբյանն այնքան էլ գոհ չէ: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասում էր` հաճախ ոչինչ չեն ձեռնարկում:

– Ոստիկանների աշխատանքն ահագին փոխվել է, բայց եկեք չմոռանանք, որ նրանք էլ այս հասարակության մի մասն են: Եթե մեր հանրության մտածելակերպը կարծրատիպային է, ինչու պետք է ոստիկանները տարբերվեն շատ: Օրինակ 20 տարի առաջ ոստիկանները կանանց չէին պաշտպանում, հիմա սկսել են պաշտպանել: Բայց ընդհանուր այս խնդիրները շատ են, և չեն կարող միատարր լինել: Օրինակ՝ խնդիրներ կան աշխատաշուկայում: Կանայք դիմում են ինչ-որ աշխատանքի համար, ու հետո թե ինչեր են տեղի ունենում, հաճախ չեն խոսում այդ մասին: Միակ լավ բանն այն է, որ գոնե հետ չենք գնում, բայց այնպես էլ չէ, որ ամեն բան իդեալական է: Կանայք դեռ շարունակում են սպանվել՝ ընտանիքներում:

– Իսկ ի՞նչ կասեք կին քաղաքական բանտարկյալների մասին: Հայաստանի բանտերում կան կին քաղաքական գործիչներ նաև:

– Անկախ նրանից կին է, թե տղամարդ, եթե հանցանք է կատարել, որ պետք է կալանավորվի, ուրեմն պետք է կալանավորվի: Կինն էլ կարող է կրիմինալ լինել, ինչպես տղամարդը: Սեռը այստեղ կապ չունի: Մեր խնդիրն է լինել ուշադիր, որպեսզի կանանց կալանավայրերում վատ վերաբերմունքի չարժանացնեն: Լինում են դեպքեր, երբ բռնաբարում են կալանավոր կանանց: Այդ մասին պետք է խոսել, բայց երբ կինը ուղղակի կրիմինալ է, կամ կոռուպցիա է արել, և այլն, դա այլ հարց է: Եթե կին են, չի նշանակում, որ պիտի չդատվեն: Բայց շատերը մանիպուլացնում են կանանց թեման, ասում են՝ եթե կին է, վերջ, ուրեմն չպիտի կալանավորվի: Դա սխալ մոտեցում է: Օրենքի առաջ բոլորը հավասար են:

– Մի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ շփումներ ունեիք, իսկ հիմա՞:

-Ասում էին, որ ես կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, բայց երբեք նման բան չի եղել, դա սուտ էր, ես ընդամենը հիմնադրամի անդամ եմ եղել, բայց արդեն քանի տարի է՝ ես ոչ մի կապ չունեմ հիմնադրամի հետ: Այնպես որ ճիշտ կլինի իմ մասին ստեր չտարածել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ

Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Sat, 26 Sep 2026 15:13:53 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով