Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Ներողություն պետք է խնդրի ոչ միայն  Հ1-ը կամ Թաթան, այլ՝ Փաշինյան Նիկոլը

Ներողություն պետք է խնդրի ոչ միայն  Հ1-ը կամ Թաթան, այլ՝ Փաշինյան Նիկոլը

Mon, 28 Sep 2026 14:45:41 +0400


Առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը, իրեն ժողովրդի ձայնը համարելով, անտեսում է ժողովրդի ձայնը։ Ավելին՝ ցավեցնում, վիրավորում ու նվաստացնում է նրան։ Ղեկավարը, եթե ասում է, որ ժողովրդի մանդատով է ընտրվել, պարտավոր է հաշվետու լինել ժողովրդին, կիսել նրա ցավն ու ապրումները։ Իսկ երբ հասարակությունը կրկին ու կրկին տեսնում է անհամապատասխանություն իր զգացած ցավի և իշխանական համակարգի արձագանքի միջև, առաջանում է շատ ավելի խոր զգացողություն՝ «նա մերոնքական չէ»։ Ամենամեղմ բնորոշումն եմ ասում՝ դրա տակ թաքնված բոլոր հետևանքներով։ «Նրանք մեզ նման չեն զգում»։

Իսկ սա իշխանության համար առավել վտանգավոր է, քան ցանկացած հայհոյանք կամ կոշտ խոսք։ Մարդը կարող է չհամաձայնել իշխանության հետ, քննադատել նրան, նույնիսկ ատել նրա քաղաքականությունը, բայց դեռ իշխանությանը ընկալել որպես «մերոնքական»։ Բայց երբ սկսում է մտածել՝ «սրանք մեր ցավի լեզուն չեն հասկանում», սկսվում է օտարումը։ Իսկ եթե այդ զգացողությանը միանում է նաև համոզմունքը, թե իշխանությունն աշխատում է թշնամու շահերի հետ, արդեն խոսքը պարզապես քաղաքական անհամաձայնության մասին չէ։ Առաջանում է խոր անվստահություն (շատ մեղմ բառ է) պետության և ժողովրդի միջև։
Այսօրվա իշխանությունը որքան էլ փախուստ տա այս զգացողությունից, որքան էլ լռեցնի մարդկանց, որքան էլ գործի դնի իր օնլայն գործիքակազմը և փորձի օնլայն «ժողովուրդ ստեղծել», իրական հանրային ընկալումը դրանից չի փոխվում։

Քաղաքականության հետ կապ չունեցող մեկը երեկ ինձ ասում էր․
-Ում հարցնում եմ՝ անիծում է Նիկոլին։ Բա նրա էջում ո՞նց է, որ բոլորը «փառք Նիկոլին» են գրում, սրտիկներ ու ուրախ սմայլիկներ դնում։

Հարցը, իհարկե, տեղին է։ Որովհետև եթե իրական փողոցային ու կենցաղային խոսակցությունը մի բան է ասում, իսկ իշխանության օնլայն աշխարհը՝ լրիվ ուրիշ բան, պետք է հարցնել՝ ո՞րն է իրական հանրային տրամադրությունը, և ինչու՞ է այդ պատկերը կեղծվում։ Բայց այստեղ ավելի ծանր հարված կա։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի հարվածն ուղղել Հանրային հեռուստատեսությանը կամ Թաթա Սիմոնյանին, որոնք 44-օրյա պատերազմի տարելիցի օրը եթերը լցրել են Թաթայի երգերով, հարցը վերջում դարձյալ հասնում է իրեն․
Եթե դա Ձեր անձնական հրահանգը չի եղել, ապա ինչպիսի՞ համակարգ եք ստեղծել, որ սեպտեմբերի 27-ին որևէ մեկը չի ասել՝ «Ժողովուրդ, մենք ի՞նչ ենք եթեր տալու հայ ժողովրդի սգի օրը»։ Սա ավելի ծանր հարց է, քան՝ «ո՞վ է տվել հրահանգը»։ Որովհետև հրահանգ տվող իշխանությունից գոնե պահանջվում է հրաման տալ։

Իսկ ի՞նչ է լինում, երբ ստեղծվում է մի համակարգ, որտեղ հրահանգի կարիք էլ չկա։
Երբ մարդիկ արդեն նախապես գիտեն՝ ինչը կուրախացնի իշխանությանը, ինչից պետք է խուսափել, և ինչն է «ճիշտ» մատուցել հանրությանը։ Այդ դեպքում իշխանությունը կարող է ասել՝ «Ես ոչինչ չեմ հրահանգել, ես տեղյակ չեմ»։ Իսկ համակարգը կլռի, ներողություն կխնդրի, ինչպես և անում է։

Ներողություն պետք է խնդրի ոչ միայն Հ1-ը կամ Թաթան, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական և բարոյական պատասխանատվության հարցը հասցեագրված է նրան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օտարերկրացին ավելի հայ է, քան ՔՊ-ական պատգամավորը

Օտարերկրացին ավելի հայ է, քան ՔՊ-ական պատգամավորը Tue, 29 Sep 2026 13:45:43 +0400 ՔՊ-ական Հռիփսիմե …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով