«Հրապարակ»․ Մենք իրավունք չունենք մեկ պետության վրա շատ հիմնվել եւ իրավունք չունենք մյուսների հետ կամուրջներն այրել
Tue, 29 Sep 2026 09:15:36 +0400

«Հրապարակի» զրուցակիցը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի եւ անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է:
– Պարոն Զանոյան, որպես էներգետիկայի եւ անվտանգության փորձագետ, ռուսական գազի հետ կապված՝ ի՞նչ ռիսկեր եք տեսնում: Տեսակետներ կան, որ ռուսական կողմը կարող է բարձրացնել գազի սակագինը, անգամ վարկածներ են շրջանառվում, թե Ռուսաստանը կարող է ոչ թե գինը բարձրացնել, այլ ուղղակի փակել գազատարը եւ Հայաստանին առանց գազ թողնել: Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այս ոլորտում, ի՞նչ պետք է անել՝ կոլապսից խուսափելու համար:
– Այս թեման անուղղակիորեն կապ ունի էներգետիկայի հետ, բայց նաեւ քաղաքական թեմա է: Արտաքին քաղաքականության հետ է կապված այս հարցը: Նման հարցերը քաղաքական դիրքորոշման արդյունք են, արմատներն այնտեղ են: Ես ընդհանրապես բավականին թերահավատորեն եմ վերաբերվում խաղաղության այս գործընթացին: Ես չեմ կարծում, որ կարող է լինել միակողմանի խաղաղություն, եւ, ինչպես տեսնում ենք, խաղաղության այս ձգտումը երկկողմանի չէ: Մենք Ադրբեջանում ունենք գերիներ, Ադրբեջանի խոսույթը, մեղմ ասած, կոշտ է, Գանձասարը եւ այլ վայրեր սրբապղծության են ենթարկվում: Պատերազմից հետո մեր պատերազմի բանտարկյալները պետք է ազատության մեջ հայտնվեին, սակայն մինչ օրս նրանք բանտարկված են: Այնպես որ, խաղաղության ձգտումը միակողմանի է: Մեր թշնամին չի ուզում խաղաղություն: Ադրբեջանից կախվածությունների մեջ ընկնելն էլ խոհեմ քայլ չէ: Եթե մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղություն հաստատած լինեինք, ապա, անշուշտ, գազի հետ կապված հարցերն էլ կարող էինք լուծել նրանց հետ, բայց այս իրավիճակում, կրկնեմ` Ադրբեջանից կախվածության մեջ ընկնելը խոհեմ քայլ չեմ համարում: Այս հարցն ավելի շատ քաղաքական է, այլ ոչ թե էներգետիկ: Հայաստանի էներգետիկայի անվտանգության հարցերով ատոմակայանը պետք է զբաղվի: Մենք բնական ռեսուրսներով հարուստ չենք: Թերեւս Հայաստանի համար ավելի ձեռնտու է Իրանի հետ համագործակցել` բոլոր ոլորտներում, քան Ադրբեջանի: Իրանը մեր թշնամին չէ:
– Հայաստանի տարածքով անցնող 42 կիլոմետրանոց TRIPP երթուղու ֆիզիկական աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականի սկզբին: Բոլորից գաղտնի՝ որոշվել էր դրա մեկնարկը տալ 2026-ին, սակայն այժմ փոխվել է ժամկետը, եւ այդ մասին հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին:
– Կարծիք ունենալը՝ TRIPP-ի հետ կապված, շատ դժվար է, քանի որ հստակ տեղեկություններ չկան: Գուցե չկա վերջնական որոշում, գուցե կա, բայց չեն հրապարակում այդ մասին ինֆորմացիա: Կդժվարանամ այս փուլում խոսել TRIPP-ի մասին: Պետք է հստակ հասկանալ` Հայաստանն ինչպե՞ս պետք է օգտվի դրանից:
– Ձեր կարծիքով` Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ի՞նչ փուլում են: Ի՞նչ վտանգներ կան այս պահին: Եվ այդ հարաբերություններն ինչպե՞ս են ազդում Հայաստանի տնտեսության, կենսագործունեության վրա:
– Ես համամիտ եմ, որ Հայաստանը պետք է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարի: Ես կողմ եմ, որ Հայաստանը բոլոր կողմերի հետ ունենա կայուն հարաբերություններ, մասնավորապես` ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, ինչու չէ` Չինաստանի հետ: Աշխարհաքաղաքական կարգը բազմաբեւեռ է դարձել, այն միաբեւեռ չի կարող լինել: Սառը պատերազմի ժամանակ կար երկու բեւեռ, բայց հետո այն դարձավ միաբեւեռ, կա՛մ ԱՄՆ-ի հետ էիր, կա՛մ` Ռուսաստանի, սակայն այսօր նման բան չկա: Անգամ արաբական նեղուցի (Հորմուզի նեղուց` Հ. Գ.) փոքր երկրները բոլորի հետ լավ հարաբերություններ ունեն, անգամ մրցակիցների հետ, օրինակ՝ նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ: Մենք չենք կարող եւ իրավունք էլ չունենք մեկ պետության վրա այդքան շատ հիմնվել, բայց նաեւ իրավունք չունենք կամուրջներն այրել: Ես կողմ եմ, որ Հայաստանն ունենա լավ հարաբերություններ Արեւմուտքի հետ, բայց նաեւ մտահոգ եմ, որ այս աստիճան Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացել են, կարիք չկար այսպես կապերը խզելու: Կարելի է բոլորի հետ արդյունավետ հարաբերություններ հաստատել: Ի վերջո, եթե մի պահ մոռանանք աշխարհաքաղաքական, ռազմավարական իրողությունները, երբեք չպետք է մոռանանք, որ առեւտրական կապերը Ռուսաստանի հետ են: Դրանք լուրջ կապեր են, ոչ միայն գազի հետ կապված, այլ մեր ընդհանուր տնտեսության: Հայաստանի արտահանման գլխավոր կետը Ռուսաստանն է, Հայաստանն այս պահին չունի արտահանման այլ խոշոր կետ: Պետք է ավելի ճկուն քաղաքականություն վարել՝ առանց ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր