«Հրապարակ»․ Երբ եւ ինչպես է ստեղծվել The New York Times-ը
Tue, 29 Sep 2026 21:00:52 +0400

Օրվա լրահոսին հետեւելիս, հատկապես միջազգային նորությունների լրահոսում հաճախ կարելի է հանդիպել համաշխարհային առումով ամենահեղինակավոր պարբերականներից մեկի՝ The New York Times-ի հիշատակությանը։ Այն այսօր գլոբալ առումով լրագրության էտալոններից է եւ իր գոյության ավելի քան 175 տարիների ընթացքում՝ ինչ-որ իմաստով ներկայացնում է լրագրության անցած ուղու խտապատկերը՝ 19-րդ դարի տպագիր մամուլից մինչեւ ներկայիս թվային հարթակների ժամանակները, նյույորքյան քաղաքային օրաթերթից մինչեւ համաշխարհային մակարդակի մեդիաբրենդ։
Այսօր The New York Times-ը միավորում է ամենօրյա լրահոսային լրագրությունը, հետաքննական եւ վերլուծական լրագրությունը, աուդիոկոնտենտը, սպորտային հրապարակումներն ու թվային ծառայությունները։ Զուգահեռաբար՝ միջազգային առումով այն դարձել է հանրային-քաղաքական կարծիքի ձեւավորման կարեւոր խոսափող եւ ձեւավորում է հանրային դիսկուրսի եւ քաղաքական օրակարգեր եւ ոչ միայն Միացյալ Նահանգների ներսում։ Իսկ ամեն ինչ սկսվել է հեռավոր 1851 թվականի սեպտեմբերին, երբ Նյու Յորքում լույս է տեսել The New York Daily Times-ի առաջին համարը։ Հիմնադիրներն են եղել լրագրող եւ քաղաքական գործիչ Հենրի Ջարվիս Ռեյմոնդն ու գործարար Ջորջ Ջոնսը։ 19-րդ դարի կեսերին Նյու Յորքն արագորեն վերափոխվում էր ու դառնում Միացյալ Նահանգների տնտեսական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։ Առեւտրի, երկաթուղային հաղորդակցության, արդյունաբերության զարգացումը եւ քաղաքային բնակչության աճը ստեղծում էին օպերատիվ լրատվության առարկայական մեծ պահանջարկ։ Թերթերը դառնում էին կարեւոր գործիք հանրային հաղորդակցության համար, իսկ հրատարակչությունների միջեւ մրցակցությունը լրագրությունն աստիճանաբար դարձնում էր ինքնուրույն ոլորտ։
Ռեյմոնդը ձգտում էր ստեղծել մի թերթ, որն օպերատիվությունը կհամատեղեր իրադարձությունների ավելի առարկայական, հիմնավորված ու զուսպ ներկայացման հետ։ Այնպիսի պայմաններում, երբ շատ պարբերականներ կապված էին այս կամ այն քաղաքական կուսակցության հետ, նման մեթոդը հատուկ նշանակություն էր ստանում։ Միաժամանակ, սակայն, պետք է ասել, որ The New York Daily Times-ն ամբողջապես անկախ ու քաղաքական առումով նեյտրալ լրատվամիջոց չէր։ Թեկուզեւ պայմանավորված նրանով, որ թերթն առաջացել էր որոշակի հանրային եւ քաղաքական միջավայրում, եւ հիմնադիրն էլ մասնակցում էր ամերիկյան ներքին քաղաքական կյանքին։ 1857 թվականին թերթի անվանումից հանվում է «Daily» բառը, եւ թերթը սկսում է անվանվել The New York Times։
Թերթի պատմության համար կարեւոր հանգրվան է դառնում հատկապես 1861-65 թթ․ քաղաքացիական պատերազմը՝ Միացյալ Նահանգներում։ Պատերազմական իրավիճակը կտրուկ ավելացնում է ռազմաճակատից օպերատիվ եւ հավաստի տեղեկությունների պահանջարկը։ Նաեւ՝ մարդիկ ավելի շատ են սկսում հետաքրքրվել կառավարության կատարած քայլերով։ Պատերազմից հետո արդեն ուշադրության կենտրոնում են հայտնվում քաղաքական գործիչների ասածներն ու արածները։ Այդ շրջանում ձեւավորվում է թղթակցական ցանցը, համակարգված կերպով սկսում են լուսաբանվել իրադարձությունները։ Թերթերը դառնում են ինֆորմացիայի փոխանակման կարեւոր աղբյուր, եւ NYT-ն բացառություն չէր։ Զուգահեռաբար, նաեւ ընդլայնվում է լուսաբանվող թեմաների ցանկը։ Արդեն մինչեւ 19-րդ դարի վերջը The New York Times-ը կայացել ու դարձել էր ամերիկյան իրականության առաջատար պարբերականներից մեկը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր