Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր
Wed, 30 Sep 2026 00:08:59 +0400

Այսօր առավոտյան հանկարծ մտքովս անցավ, որ ահագին ժամանակ է մարդ չեն բռնել: Ու շատ արագ գտա բացատրությունը` Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր` գերմանական ինչ որ մրցանակ, Նյու Յորք… բայց արդեն օրվա վերջին «բացը» լրացրին` Վահրամ Սահակյանը` Արամայիս Սահակյանի որդին ձերբակալվեց` մի ֆեյսբուքյան գրառման համար:
Ի դեպ, սա այս իշխանությունների նորամուծությունն է յուրիսպրուդենցիայի պատմության մեջ` ամբողջ աշխարհը հեղեղված է ոչ ցենզուրային խոսքով, իշխանության ներկայացուցիչներն ատելության խոսքի, անհանդուրժողականության մաստեր- կլաս են ցուցադրում, ՔՊ-ական պատգամավորը ԵԽԽՎ ամբիոնն օգտագործում է հայոց եկեղեցու առաջնորդի հասցեին չարախոսելու համար…իրենք մի արվեստագետի են ձերբակալում, ով անհիշելի ժամանակներից և անխտիր բոլորի հասցեին բաց ու դաժան խոսելու սովորույթ ունի…
Վահրամ Սահակյանի ոճն իմը չի, անգամ մի հրապարակման առիթով կոնֆլիկտ ենք ունեցել, բայց սա այն դեպքն է, երբ մեր անձնական համակրանք-հակակրանքը ոչ մի նշանակություն չունի:
Մի երկրում, որտեղ իշխանական պատգամավորն ամբիոնից ասում է` պետք է արմատախիլ արվի հարյուրամյա կուսակցությունը, իսկ Քրիստինե Վարդանյանը պետք է վերջին դաշնակցականը լինի (չգիտես` անիծում է, թե կուսակցությունը փակելու կոչ անում), մի երկրում, որտեղ ՔՊ պաշտող ամեն երկրորդ թափթփուկ արցախցիներին ասում է` մեռնեք, սատկեք, Բաքվի բանտում խոշտանգվող անձանց մահն է ցանկանում և Ալիևին խրախուսում, որ ցմահ տա իր հայրենակիցներին…մի երկրում, որտեղ պետության առաջին դեմքը կամերայի առաջ վիզը կտրելու ժեստ է անում ու բղավում` «դու ինչի՞ չես զոհվել, այ ստահակ»…կարելի՞ է խոսել որևէ մեկի ատելության խոսքի մասին…
Իսկ ի՞նչ է ասել Վահրամ Սահակյանը, որ ատելության խոսք են համարել: Նախ, որևէ անուն չկա գրառման մեջ, ուստի տուժող չկա, դիմող չկա: Երկրորդ. հայհոյանքն ինքնին չի կարող ատելության խոսք համարվել, կարող է առնվազն վիրավորանք դիտվել` եթե անձը քաղհայցով դիմի դատարան: Երրորդ, մարդն ընդամենը իր վրդովմունքն է հայտնել` բյուջեից Անկախության տոնին ոմանց միլիոններ վճարելու առիթով:
Իսկ կա՞ որևէ նորմալ մարդ, ում չի զայրացրել Թաթայի 20 միլիոնը, մյուսների` 17, 10…միլիոնները մի քանի անճաշակ երգի համար…նախ այդ բյուջեն մեր հարկերից է ձևավորվում, իրենք էլ օրը հարյուր անգամ ասում են` ժողովուրդն է ամեն ինչ որոշում, իշխանությունը ժողովրդինն է: Հիմա ժողովրդից մեկը` այդ ժողովրդի անունից իր ցասումն է հայտնել ժողովրդի փողերը քամուն տալու համար…ի՞նչ սխալ բան է արել:
Բա եթե Անկախության օրը բազմահազարանոց լսարանի առաջ, իր երկրի գլխավոր տոնին մարդն անվճար չի երգում, երգելն իր համար պատիվ չի համարում, կամ էլ` առավելագույնը մի շատ սիմվոլիկ հոնորարով չի երգում, այլ մի թոշակառուի 30 տարվա թոշակին համարժեք գումար է պահանջում, ուրեմն իրեն հասնում են նման խոսքերը:
Հանրային միջոցների նման տնօրինումը և անօրինական է, և անբարոյական: Վահրամ Սահակյանն էլ այդ արարքին համարժեք գնահատական է տվել… արվեստագետին բնորոշ լեքսիկոնով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր