Կարևոր որոշում ցեմենտի հետ կապված․ ինչ է փոխվում շուկայում
Thu, 01 Oct 2026 11:38:06 +0400

ՀՀ կառավարությունը որոշել է չեղարկել երրորդ երկրներից Հայաստան ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Ներմուծման արգելքը սահմանվել էր 6 ամիս ժամկետով՝ 2026 թվականի հուլիսի 23-ից մինչև 2027 թվականի հունվարի 23-ը։ Դրան զուգահեռ գործում էր նաև ներմուծման լիցենզավորման կարգ, որի պայմաններում ներմուծվող յուրաքանչյուր տոննա ցեմենտի համար սահմանված էր 8 հազար դրամ պետական տուրք։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ սահմանափակման վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է ցեմենտի ներքին շուկայում ստեղծված իրավիճակով։ Ներկրման գործընթացում առաջացած լոգիստիկ խնդիրները հանգեցնում են փոխադրման ծախսերի և մատակարարման ժամկետների ավելացմանը։
Միաժամանակ ներմուծման գործող կարգավորումները և շուկայում առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության փոփոխությունները հանգեցրել են մրցակցային պայմանների անհավասարակշռության։ Այդ պայմաններում կառավարությունը նպատակահարմար է համարել վերանայել ժամանակավոր սահմանափակման շարունակականությունը՝ շուկայում ցեմենտի բավարար առաջարկ ապահովելու և մրցակցության համար առավել հավասար պայմաններ ստեղծելու նպատակով։
Հայաստան ցեմենտի հիմնական մատակարարներից մեկը ներկայում Իրանն է։ Սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծումներ իրականացնել նաև այլ երկրներից, այդ թվում՝ Վրաստանից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր