Զանգվածային քվեագողությունը՝ մեկ քայլ առաջ
Thu, 01 Oct 2026 19:15:15 +0400
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, որը դիտարկել էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում «մտահոգիչ» է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Հովակիմյանի՝ Է. Ա.) կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Հիշեցնեմ․ այդ մանիպուլյացիայի միջոցով խորհրդարանից դուրս թողեցին Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչի արդյունքում ՔՊ-ն հավելյալ աթոռներ զավթեց խորհրդարանում: ԵԽԽՎ դիտորդները նաեւ հստակ արձանագրել են, որ ԿՀԸ-ի այս որոշումն ազդել է ընդհանուր արդյունքի եւ խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Այսքանից հետո, ինձ թվում է, ԵԽԽՎ-ն ՀՀ ԿԸՀ-ին, այն է՝ Նիկոլ Փաշինյանին եւ Վահագն Հովակիմյանին պետք է ասեր․ «Տղերք, դուք քրեորեն հետապնդելի արարք եք թույլ տվել, իսկ ձեր երկրի դատախազությունն ու մյուս պատկան մարմինները կա՛մ էշի ականջում քնած են եղել, կա՛մ կույր են ձեւացել»: Այլապես, ԵԽԽՎ հարգելի դիտորդներ, «մտահոգվել» եք, որ ի՞նչ անեք: Քանի՞ կոպեկ արժե ձեր «մտահոգությունը», երբ այսքան բան գրելուց հետո, ՀՀ իշխանություններին ընդամենը հորդորել եք՝ փոփոխել Ընտրական օրենսգիրքը: Չէ, եղբայր, պետք էր պահանջել՝ դատի տալ ԿԸՀ-ին եւ, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանին, ով առաջինն ասաց՝ «մորթեք»: Ինքն ասաց՝ «մորթեք», ոտքերը բռնեց դատախազը, Հովակիմյանը «մորթեց»… Այս երեքը լիուլի բավարար են քրեական գործ հարուցելու եւ ԲՀԿ-ի ոտնահարված իրավունքը վերականգնելու համար: Իսկ թե դատավորն ինչքան կտա Փաշինյանին, դատախազին ու Հովակիմյանին, ինձ բացարձակապես չի հետաքրքրում:
ԵԽԽՎ պարոնայք եւ տիկնայք դիտորդներ, դուք միանգամայն իրավացի կլինեիք, եթե նույնիսկ պահանջեիք, որ 60 հազար ընտրողի ձայն գողացած Նիկոլ Փաշինյանը կտրեր իր վերջույթներից մեկնումեկը: Ժամանակին նա այդպիսի բան է խոստացել ՀՀ քաղաքացիներին եւ հայտարարել, որ ընտրակեղծիքների էջը Հայաստանում փակված է: Ձեր զեկույցից, սակայն, հստակ երեւում է, որ նա ստել է, խաբել, «ֆռռցրել» ՀՀ քաղաքացիներին, եւ արդեն երկրորդ համապետական ընտրություններն է, որ «հաղթում է» ընտրակեղծիքներով: Ասացեք, խնդրեմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ի՞նչ է տալու մեզ, եթե այդ օրենքը կիրառողն ու գործադրողն այլեւս հանրահայտ ընտրակեղծարարն է:
ԵԽԽՎ զեկույցում փաստված ու արձանագրված է նաեւ, որ «քարոզարշավը խիստ առճակատային էր՝ պառակտիչ հռետորաբանությամբ, ուղեկցվում էր ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների եւ ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետեւանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Սա, ինչպես նաեւ հանրային հատվածի աշխատողների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար գործադրվող ճնշումների եւ վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ առաջացրեց քարոզարշավ անցկացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ»: Բռավո, հարգելի դիտորդներ: Բայց դարձյալ դուք «մտահոգվելուց» այն կողմ չեք անցել: Գուցե դրանից ավել ոչինչ չէիք էլ կարող անել, կրկնում եմ, ի՞նչ արժե այդ մտահոգությունը, եթե ՀՀ սանձարձակ իշխանություններին կարգի հրավիրելու որեւէ կոչ չկա ձեր զեկույցի մեջ: Եվ, առհասարակ, ի՞նչ «առճակատային» քարոզարշավի մասին է խոսքը, երբ հայտնի է, որ ՀՀ Պնախարար Պապիկյան Սուրենը տանկերով էր դուրս եկել անպաշտպան ժողովրդի դեմ, իսկ Փաշինյան Նիկոլը՝ ուժային կառույցների ամենամարտունակ ստորաբաժանումներով: Այդ ո՞վ պետք է «առճակատեր» պետական մեքենային, որ առաջ էր շարժվում, մի ձեռքում՝ սվին, իսկ մյուս ձեռքում՝ ընտրակաշառք: Այս իրավիճակում, դուք ճիշտ եք, շատերը կհրաժարվեին «խաղաղ» իշխանափոխության էշ նահատակ դառնալ:
Վերջում, իհարկե, չեք մոռացել արձանագրել, որ հունիսի 7-ի ընտրությունները «մեկ քայլ առաջ էին ժողովրդավարության ճանապարհին»: Սա ձեր զեկույցի ամենածիծաղելի մասն է, հարգելի եվրոպացիներ: Դուք չգիտե՞ք, թե ում հետ գործ ունեք: Սա, ախր, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանն է, որտեղ ժողովրդավարությունն այնքան է առաջ գնացել, որ այլեւս առաջ գնալու տեղ չունի: Պատկերացրեք, թե ձեզ ինչ կասեին ամերիկացիները, անգլիացիները, թեկուզ՝ ֆրանսիացիներն ու գերմանացիները, եթե դուք նրանց ընտրությունները գնահատեիք որպես «մեկ քայլ առաջ ժողովրդավարության ճանապարհին»: «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանին դուք այդ ո՞ւմ տեղն եք դրել, որ այդպիսի գնահատական եք տալիս մեր ընտրություններին: Գոնե հասկանո՞ւմ եք, որ ձեր զեկույցը խոր հակասության մեջ է ձեր եզրակացության հետ: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները ժողովրդի հետ «առճակատվելով», փող բաժանելով, 60 հազար ձայն գողանալով, արդյունքների վրա էականորեն ազդելով եւ խորհրդարանի պատկերը փոխելով, հասցրել են նաեւ «մեկ քայլ առա՞ջ շարժվել» ժողովրդավարության ճանապարհին: Բա մի հատ էլ մեդալ տայիք Փաշինյան Նիկոլին ու Հովակիմյան Վահագնին՝ փայլուն ընտրություններ կազմակերպելու համար: