Բաց նամակ ԱԺ նախագահին, պատգամավորներին, ՀՀ քաղաքացիներին
Fri, 02 Oct 2026 17:15:05 +0400

Հարգելի հայրենակիցներ
Անցել է ավելի քան երեք տասնամյակ այն օրվանից, երբ անկախության շրջափուլում մեկ գիշերվա մեջ փոշիացվեցին եւ զրոյացվեցին մեր ծնողների, տատիկների ու պապիկների տասնամյակների քրտինքով կուտակված խնայողությունները։ 1992 թ․ հունվարի 1-ի դրությամբ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ՀՀ քաղաքացիներն ունեցել են շուրջ 2,18 միլիարդ խորհրդային ռուբլու ավանդներ։ Տարիներ շարունակ տարբեր իշխանություններ սահմանել են չնչին, ծաղրական փոխհատուցման գործակիցներ (1 ռուբլու դիմաց՝ ընդամենը 29.4 դրամ)։ Մեզ տասնամյակներ շարունակ համոզել են, որ ավանդների իրական արժեքով վերադարձը կսնանկացնի պետական բյուջեն։ Սակայն սա միֆ է։ Այդ արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը/անցնելը) եւ 256-րդ հոդվածով (Վստահված գույքի հափշտակություն պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, մի խումբ անձանց կողմից՝ առանձնապես խոշոր չափերով):
Կա արդարացի եւ տնտեսապես հաշվարկված լուծում։ Սույն թվականի օգոստոսի 31-ին ես պաշտոնական դիմում-առաջարկ եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին՝ շրջանառության մեջ դնելու «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդները որպես պետական ներքին պարտք ճանաչելու մասին» ՀՀ օրենք, որով կվերականգնվի ավանդների իրական արժեքը եւ կվերադարձվի ՀՀ քաղաքացիներին։ Այս նախագծով առաջարկվում է ավանդները հաշվարկել պատմական արդարացի փոխարժեքով՝ 1 ԱՄՆ դոլարը = 0.56 խորհրդային ռուբլի սկզբունքով։ Որպեսզի պետական բյուջեն եւ շարքային հարկատուները չթիրախավորվեն, ստեղծվում է անկախ Նպատակային հիմնադրամ, որի ֆինանսավորման աղբյուրներն են դառնալու բացառապես.
1․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման միջոցների 100%-ը (նախկին պաշտոնյաներից հետ բերվող թալանված, յուրացված կապիտալը)։
2․ 1990-ականներին կոպեկներով մասնավորեցված խոշոր, ռազմավարական ձեռնարկությունների տարեկան մաքուր շահույթից 7% նպատակային մասհանումները։
Գործընթացը նախատեսվում է իրականացնել հստակ 5-ամյա քայլերով, տարիքային ժամանակացույցով (1-ին տարում՝ մինչեւ 1950 թ. ծնվածներին եւ այլն)՝ կիրառելով նաեւ օրինական ժառանգության իրավունքը զավակների ու թոռների համար։ Սա պետության կողմից սեփական քաղաքացիների հանդեպ ունեցած բարոյական եւ իրավական պարտքը փակելու, ինչպես նաեւ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը վերականգնելու միակ ռեալ ճանապարհն է։
Այս բաց նամակով դիմում եմ ԱԺ նախագահին եւ պատգամավորներին՝ կոչ անելով դրսեւորել քաղաքական կամք, սահմանված ժամկետում պաշտոնական ընթացք տալ իմ ներկայացրած նախագծին եւ կազմակերպել լայն խորհրդարանական լսումներ։
Դիմում եմ նաեւ հանրությանը. սա մեր ընտանիքներից կողոպտված, յուրացված ունեցվածքն է, որը պետք է տուն բերել։ Կոչ եմ անում բոլորին՝ միանալ այս նախաձեռնությանը։
Լեւ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՀՀ քաղաքացի
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր