Որն է Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը
Fri, 02 Oct 2026 18:15:09 +0400

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր հարթակով տեղեկացրեց, որ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Երբ նայում ես նիստի մասնակիցներին, հասկանում ես, որ Հայաստանի անվտանգությանն ավելի մեծ սպառնալիք, քան այս մարդկանց՝ իշխանության ղեկին գտնվելն է, գոյություն չունի։ Քանի դեռ նրանք են իշխանության, Հայաստանը մշտապես վտանգված է, մյուս բոլոր սպառնալիքները բխում են իրենց գործունեությունից։ Դրա արդյունքում է Հայաստանը հիմա կանգնած ազգային անվտանգության լուրջ խնդրի առաջ՝ Ռուսաստանը կարող է դադարեցնել Հայաստանի գազամատակարարումը: Իսկ որ ՌԴ-ն կարող է նման քայլի գնալ, որեւէ կասկած չկա․ Ռուսաստանը հազարավոր հրթիռներ եւ անօդաչուներ է օգտագործում՝ Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամ առաջացնելու, առաջիկա ձմռանը երկիրն առանց գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման թողնելու համար, ինչո՞ւ նույնը չպետք է անի Հայաստանի դեպքում, երբ այստեղ հրթիռների կարիք էլ չկա, ընդամենը մի գազի փական ես փակում, եւ վերջ:
Ուկրաինայի եւ Հայաստանի համեմատությունը միանգամայն տեղին է, քանի որ 2 երկրների իշխանություններին էլ ՌԴ-ն մեղադրում է դեպի Արեւմուտք գնալու եւ Ռուսաստանի թշնամի կառույցներին անդամագրվելու ցանկության մեջ, որը, իրենց գնահատմամբ, սպառնալիք է ՌԴ ազգային անվտանգության համար, իրենք էլ իրենց հասանելի միջոցներով չեզոքացնում են այդ սպառնալիքը:
Մամուլը գրեց, որ Հայաստանի գազամատակարարումը կարող է դադարեցվել ջեռուցման սեզոնի մեկնարկին, իշխանությունը չարձագանքեց դրան, բացի նրանից, որ հայտարարվեց, թե կարող են գազ գնել Ադրբեջանից: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի մասնագիտական գիտելիքները կասկածի տեղիք չեն տալիս, վստահեցնում է, որ տեխնիկապես դժվար է Ադրբեջանից գազ բերել, առնվազն առաջիկա ձմռան ընթացքում: Ի՞նչ կլինի, եթե իսկապես Ռուսաստանը դադարեցնի Հայաստանի գազամատակարարումը: Հնարավոր է, որ արգելի նաեւ հեղուկացված գազի արտահանումը Հայաստան, եւ սա կարող է առաջացնել տնտեսական կոլապս, քաոս, այնպիսին, ինչպիսին Հայաստանը չի տեսել առնվազն վերջին 30 տարիներին:
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն իսկապես զրկվի ռուսական գազից: Առաջին հարվածը կկրի բնակչությունը՝ Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 90 տոկոսը ձմռանը ջեռուցվում է գազի միջոցով: Մարդիկ կմատնվեն ցրտահարության: Էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսը եւս իրականացվում է գազի միջոցով, նշանակում է, որ 30 տոկոսով կպակասի էլեկտրաէներգիայի արտադրությունը: Եվ դա՝ այն ժամանակ, երբ էականորեն կրճատվում է արեւային էլեկտրակայանների կողմից արտադրվող էներգիայի տեսակարար կշիռը․ ձմռանն այդ կայաններն աշխատում են իրենց դրվածքային հզորության 20 տոկոսով, ամպամած օրերին ընդհանրապես հոսանք չեն արտադրում՝ մինուս 16 տոկոս: Գազի բացակայության պայմաններում կմեծանա ճնշումը էներգահամակարգի վրա, մարդիկ կփորձեն տաքանալ կամ ուտելիք պատրաստել էլեկտրական վառարանների միջոցով, բայց Հայաստանի էներգահամակարգը չի դիմանա այդ ծանրաբեռնվածությանը՝ այն, ինչ տեղի ունեցավ օրերս Ծիծեռնակաբերդի խճուղու էլեկտրական ենթակայանի հետ, ընդամենը փոքր մանրակերտն է դրա, երբ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը կամ ավտոմատ անջատվում է, ինչին մենք ականատես ենք եղել 90-ականների սկզբին, երբ ամեն օր վթարվում կամ այրվում էին ենթակայաններ, գետնի տակ կտրվում էին կաբելներ: Կարելի է դատարկել Սեւանը՝ ջուրն ուղղելով ՀԷԿ-եր, բայց նախ Ադրբեջանը կարող է արգելել, երկրորդ՝ դա եւս իրավիճակը չի փրկի:
Ի տարբերություն 90-ականների, Հայաստանում հիմա տրանսպորտի զգալի մասը շահագործվում է բնական կամ հեղուկ գազով: Այն դիտվում է որպես բենզինի էժան այլընտրանք: Առանց գազի՝ տրանսպորտային կոլապսն անխուսափելի է: 90-ականների սկզբին բենզինի մեկ լիտրը 100 դրամ էր, հիմա՝ 600, այդ գինը հասանելի չէ շարքային քաղաքացիներին: Էլեկտրատրանսպորտի մասին խոսելն ավելորդ է. ովքեր էլեկտրական մեքենաներ են գնել՝ որպես թանկ բենզինին էժան այլընտրանք, կարող են մոռանալ դրանց շահագործման մասին: Հայաստանում գործող հարյուրավոր եւ հազարավոր ջերմատնային տնտեսությունները մի ժամում կվերանան, բույսերը ջերմոցներում րոպեների ընթացքում կցրտահարվեն, եւ դա կառաջացնի միլիարդների կորուստ: Սա նման չի լինի շուկան կորցնելու կորստի հետ, երբ պոմիդորը 250 դրամով վաճառելու փոխարեն վաճառում էին 100 կամ 150 դրամով, կամ իշխան ձկան մեկ կիլոգրամի գինը 2 800-ից իջավ 1500-ի․ դա կլինի ամբողջական ոչնչացում: Չեն կարող ասել՝ Ռուսաստան չեք կարող տանել, տարեք Սինգապուր կամ Միացյալ Էմիրություններ, որեւէ երկրում ցրտահարված բանջարեղենի պահանջարկ չկա: Ամբողջ արդյունաբերությունը, այդ թվում՝ հանքահումքայինը, որը Հայաստանի արդյունաբերության հիմնական ճյուղն է, կդադարի գործել: Ցեմենտի, մետաղի ձուլման եւ հարակից արտադրությունները կկանգնեն: Կկանգնի նաեւ Հայաստանի տնտեսության առաջամարտիկը` շինարարությունը, առանց ցեմենտի եւ մետաղի ի՞նչ շինարարություն:
Հեռախոսային, ինտերնետ եւ մյուս կապի տեսակները կաշխատեն խափանումով: Ճիշտ է՝ հեռախոսային կապի կայանները սարքավորված են եւ ունեն վթարային էլեկտրամատակարարման համակարգ, բայց դա նախատեսված է բացառիկ դեպքերի, ոչ թե համընդհանուր էներգետիկ ճգնաժամի համար: Իշխանության համար առավել ցավալի կլինի ֆեյքերի ֆաբրիկաների աշխատանքի արդյունավետության նվազումը: Սննդի արդյունաբերությունը եւս հսկայական վնաս կունենա՝ խոշոր թռչնաֆաբրիկաները եւ անասնաֆերմաները, որոնք զբաղվում են մսի, ձվի արտադրությամբ, կմնան առանց ջեռուցման, տեղի կունենա կենդանիների անկում: Թեթեւ արդյունաբերական ընկերությունները կկանգնեն, բայց վնասներն այդքան մեծ չեն լինի, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում: Հացի, կաթնամթերքի եւ այլ մթերքների արտադրության մասին իմաստ էլ չունի խոսել: Թե ջեռուցման եւ էներգամատակարարման խաթարումն ինչպիսի հարված կհասցնի տուրիզմին, հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսին, նույնպես պարզ է․ ոչ մի զբոսաշրջիկ չի ուզենա գալ մի երկիր, որտեղ ցուրտ է, մութ է, չկան կենցաղային բավարար պայմաններ: Բանկերը եւ նրանց կրած վնասները մեզ ամենաքիչն են հետաքրքրում:
Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ մյուս հզոր ՔՊ-ականները կփորձեն հայտարարել, որ Հայաստանի ոչնչացումը տեղի է ունենում երկրի ինքնիշխանության եւ անկախության մակարդակը բարձրացնելու ծրագրի շրջանակներում, բայց նրանց լսող չի լինի, քանի որ, ինչպես նշեցինք, ուղղակի չեն լինի հոսանք եւ ինտերնետ, բայց որոշ նիկոլամեռ զոմբիներ ինքնուրույն գլխի կընկնեն, թե ինչն ինչոց է: Թե ինչու պետք է Ադրբեջանը կամ Թուրքիան օգնեն կամ կանգնեցնեն Հայաստանի կործանումը, դժվար է հասկանալ, եթե կարելի է ընդամենը օգտվել ստեղծված իրավիճակից: Հայ ժողովուրդն էլ ամեն անգամվա նման կանիծի ու կհայհոյի Ռուսաստանին եւ ռուսներին՝ Հայաստանը կործանելու ցանկության մեջ, բայց դա որեւէ արդյունք չի տա: Բա որ մարդամեկն ասում էր ապոկալիպտիկ` աշխարհակործան, չէր հորինում, չէ՞:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր