«Հրապարակ»․ Ամենափնթի ադրբեջանական զինվորը 3-4 օր գերազանցել է ՀՀ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
Sat, 03 Oct 2026 09:45:01 +0400

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:
– Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ մենք որպես պետություն բավականին թանկ ենք վճարում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, օրինակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Իսպանիայի Պաշտպանության նախարարի չափ աշխատավարձ է ստանում, սակայն Հայաստանի անվտանգության որակը հավասարազոր է Հարավային Սուդանի անվտանգության որակին: Այսօր տեղեկացանք, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից հարձակման ենթարկված հայ կինը կորցրել է իր երեք մատը: Ի՞նչ իրավիճակ է Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ է Հայաստանի անվտանգությունն այս աստիճան անմխիթար ու բարձիթողի վիճակում:
– Գործ ունենք հանցավոր անգործության հետ: Մեր երկրում հացավոր անգործության մթնոլորտ է տիրում, իսկ պատվախնդրությունը իսպառ բացակայում է: Կատեգորիկ անընդունակ են այս մարդիկ որևէ աշխատանք կազմակերպելու, և բացարձակ չեն ամաչում այդ ամենից, այդ ամենի հետևանքներից, և իրենց ձախողումներից առհասարակ, և չեն էլ վախենում պատասխանատվությունից: Մեր երկիրն այդ առումով բավականին ծանր վիճակում է գտնվում, որպես հանրություն մենք չենք կարողանում պատասխանատվության ենթարկել մարդկանց, ովքեր արտոնություններից օգտվում են ինչպես աշխարհի ամենահաջողված գործիչները, բայց աշխատում են կատաստրոֆիկ վատ:
– Օրինակ, իշխանական շրջանակներն ասում են, որ ադրբեջանցի զինծառայողը ուղղակի փախել է Ադրբեջանից, քանի որ նրա համար այնտեղ վատ պայմաններ էին ստեղծել, ու պետք չէ մեծ ողբերգություն դարձնել այս ամենը:
– Փաստորեն Ադրբեջանի բանակի ամենափնթի, ամենաճնշված, պրոբլեմներ ունեցող զինվորը ՀՀ սահմանապահ ուժերին, ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և բոլորին իրար հետ վերցրած կարողացել է երեք-չորս օր գերազանցել, իսկ վերջում կարողացել է հայ քաղաքացու վրա կրակել: Ես այս ամենից հետո առաջարկում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմիններում աշխատող պաշտոնյաները հանեն ու մի կողմ շպրտեն իրենց ուսադիրները, և գնան հանձնվեն այլ պետության: Ի՞նչ է նշանակում այնտեղ վատ է եղել, սահմանը հատել է, դրանից ի՞նչ է փոխվում, մեր իրավիճակը ինչո՞վ է լավանում:
– Դե իբրև Հայաստանն այնքան վստահելի է, որ ադրբեջանցին ցանկացել է այստեղ ապաստանել:
– Չեմ կարծում, թե օգնություն ակնկալելիս կրակում են: Իրենց որ մնա ադրբեջանցու արարքը ինքնապաշտպանություն կորակեն, կասեն` իսկ ո՞վ է առաջինը հարձակվել, իսկ եթե նա չտեսներ դանակը մի՞թե կաներ այդ քայլը:
– Գուցե հենց այդ տրամաբանությամբ էլ որոշեն հենց այնպես այդ հանցագործին հանձնել Բաքվին:
– Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ամեն բան սպասելի է: Նրա համար գերիների վերադարձի հարցը կարևոր հարց չէ:
– Ադրբեջանցի զինված զինծառայողը քանի օր Հայաստանի տարածքում է եղել, սակայն մարդկանց չեն իրազեկել, որպեսզի սահմանամերձ գյուղացիները գոնե պաշտպանվեն, ավելի ուշադիր լինեն:
– Այո, բայց մարդկանց մոտ դա տագնապ կհարուցեր, և կփչացներ Թաթայի համերգի ամբողջ արդյունքը: Մենք մեթադոնային կուրս անցնող թմրամոլների կարգավիճում ենք պահվում: Մեզ չի կարելի լինել լարված, մեզ չի կարելի լինել զգոն, սթափ: Հենց դոզան թողնում է պիտի նոր դոզա տան, համերգների տակ թաքցնելով բոլոր վատ լուրերը:
– Բայց միևնույն է այդ վատ լուրերը տեղ են հասնում, արդեն վատ հետևանքներով նաև:
– Այդտեղ էլ աշխատում է խաղամոլի հոգեբանությունը: Մտածում են` բախտներս չբերեց, կարող էր չէ՞ այսպես չլինել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր