«Հրապարակ»․ Ծրագիրը պարզ է՝ ժողովուրդը պետք է իրեն անտեր զգա
Sat, 03 Oct 2026 10:15:42 +0400

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Շաքի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ներթափանցման դեպքին անդրադառնալով, վստահեցնում է՝ նոր դեպքեր էլ են լինելու, սա սխեմա է, ծրագիր է իշխանությունների գիտությամբ եւ թողտվությամբ, որ ժողովուրդն իրեն անտեր ու անպաշտպան զգա: Այն իրականացնվում է լուռ, խաղաղության դարաշրջանի անվան տակ: Իրականում սա տարածքների հանձնման գործընթաց է:
Նա հիշում է իր զրույցները Մարտունու հովիվների հետ, որոնք այլեւս չգիտեին, թե որ կողմ տանեն հոտերը արածացնելու, հիշում է իր այցելությունները դիրքեր՝ 2020 թվականից հետո, երբ տեսնելով, թե ինչպես է երկարել սահմանը, ինչքան են հեռացել իրարից հայկական դիրքերը, պարզ գիտակցում էր՝ դրանք պահելն այլեւս անհնար է, ով ասես՝ կարող է մտնել Արցախ, եւ Ադրբեջանն անելու է, ինչ ցանկանա: «Ամեն օր Հայաստանում ես դեժավյու եմ ապրում մեր տեղահանումից հետո: Ադրբեջանի ցանկացած գործողություն, քաղաքական, թե ռազմական, կամ հոգեբանական բնույթի, ունեցել է նախադեպեր Արցախում, եւ կարելի է հասկանալ, թե դրանից հետո իրենք ինչ են անելու: Ինչ ցանկանում էին Արցախում անել, իրենց հաջողվեց, եւ ինչո՞ւ նոր բան մտածել, եթե արդեն ունեն հաջողված սցենար: Երբեք ոչինչ նրանց մոտ պատահական չի լինում»:
Մետաքսե Հակոբյանը նաեւ հիշում է, թե ինչպես սեպտեմբերի 17-ից սկսած Ադրբեջանը հայտարարեց, որ ականների վրա զինվորականներ, կամ բանվորներ են պայթում, ու պետք է հակաահաբեկչական գործողություն սկսել Արցախում: Երկու օր հետո սեպտեմբերի 19-նն էր: «Չկային ականի վրա պայթածներ, դա քարոզչություն էր, որ պետք է իրականացվեր: Տեսեք, մտնում են ո՞ր ուղղությամբ: Այսօր առավել անպաշտպան հատվածն է Սյունիքի այդ հատվածը, ու հենց այդտեղով գալիս է ադրբեջանցին», – ասում է Մետաքսե Հակոբյանը: Նա շեշտում է, որ վերաբերմունքը բանակի նկատմամբ այսօր «մինուս անվերջություն» է, մեր զինվորին թուլացնում են, դավաճանում են հենց իշխանությունները: «Մենք մի քիչ ավելի պաշտպանված էինք, քան Հայաստանը հիմա, որովհետեւ Արցախում կային ռուս խաղաղապահներ: Սյունիքի տարածքում էլ այն, ինչ որ ես տեսել եմ, շատ նման է Արցախի սահմանին 2020 թվականին», – նշում է Հակոբյանը: ՀՀ պաշտոնական արձագանքն այս դեպքին Մետաքսե Հակոբյանը համարում է «կաշկանդված»: «Առողջապահության նախարարը նկարագրում էր ընդամենը միջադեպ կնոջ հետ կատարված, բայց մենք պետք է լսեինք ՊՆ, ԱԱԾ հայտարարությունները, ինչու չէ, նաեւ ԱԺ Նախագահի, երկրի վարչապետի, որ ժողովուրդն իրեն պաշտպանված զգա: Բայց հիմա պետք է որ ժողովուրդը անիշխանություն զգա, անտեր զգա իրեն», – ասում է պատգամավորը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր