Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Չի կարելի բռնության դեմ պայքարի անվան տակ նման փոփոխություններ անել

Չի կարելի բռնության դեմ պայքարի անվան տակ նման փոփոխություններ անել

Sat, 03 Oct 2026 22:15:13 +0400


Տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Ընդդեմ ընտանեկան բռնության» շարժման համատեքստում մշակվել կամ ակտիվ քննարկման առարկա են դարձել մի շարք օրենքներում, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքում, լայնածավալ փոփոխություններ նախատեսող նախագծեր։

Ընդունելով տիկին Հակոբյանի՝ օրերս կայացած հանդիպման ընթացքում ինձ ուղղված առաջարկը և հաշվի առնելով քննարկվող խնդրի մասշտաբն ու առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները՝ հրապարակային ներկայացնում եմ Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իմ մասնագիտական դիրքորոշումը։
Բռնությունը, հատկապես ընտանեկան բռնությունը, միանշանակ դատապարտելի է։ Տուժողների պաշտպանությունն ուժեղացնելը և ընտանեկան բռնության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելը կարևոր և ընդունելի նպատակ է։
—–
Բայց ճիշտ նպատակը դեռ չի նշանակում, որ դրան հասնելու համար ընտրված իրավական ցանկացած գործիք ճիշտ է։
Ներկայացված նախագծով առաջարկվող՝ Քրեական օրենսգրքի փոփոխությունները, իմ գնահատմամբ, հենց այս խնդիրն ունեն․ փորձելով ուժեղացնել պաշտպանությունը՝ մենք սկսում ենք քանդել Քրեական օրենսգրքի կառուցվածքն ու ներքին տրամաբանությունը։
1․ Գործող հանցակազմերի կրկնօրինակում և Քրեական օրենսգրքի մասնատում և ուռճացում
Նախագծով առաջարկվում է ստեղծել հինգ նոր գլուխ՝ ընտանեկան և կենցաղային հարաբերություններում կատարվող հանցանքների վերաբերյալ։
Խնդիրն այն է, որ այդ արարքներից շատերն այսօր էլ հանցանք են։ Դրանք պարզապես նորից նկարագրվում են առանձին հոդվածներով՝ հիմնականում այն պատճառով, որ հանցանք կատարած անձի և տուժողի միջև կա ընտանեկան կամ զուգընկերային կապ։
Այսինքն՝ նույնաբնույթ սպանությունը, առևանգումը կամ մեկ այլ հանցանք առանձին հոդվածի է վերածվում միայն այն պատճառով, որ այն կատարվել է ընտանիքի անդամի նկատմամբ։
Այստեղ է համակարգային խնդիրը։

Գործող Քրեական օրենսգիրքն արդեն ճանաչում է ընտանեկան կապի քրեաիրավական նշանակությունը։ Մի շարք հանցագործությունների դեպքում ընտանիքի անդամի նկատմամբ արարք կատարելը նախատեսված է որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։

Նախագիծը գնում է այլ ճանապարհով․ ընտանեկան կապը դառնում է արդեն գոյություն ունեցող հանցակազմերը նոր հոդվածներով կրկնելու հիմք։
Արդյունքում Օրենսգիրքը ոչ թե դառնում է ավելի արդյունավետ, այլ արհեստականորեն ուռճացվում և մասնատվում է։

2․ Նոր հոդվածների պաշտպանական առավելությունը հիմնավորված չէ

Օրինակ՝ գործող Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված սպանության համար պատիժը տասնչորսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում է։
Նախագծով առաջարկվող 165.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված սպանության համար պատիժը ճիշտ նույնն է՝ տասնչորսից քսան տարի կամ ցմահ ազատազրկում։

Մինչդեռ, արդեն քրեականացված արարքի համար նույն սանկցիայով նոր հոդված ստեղծելը պաշտպանության ուժեղացման ինքնուրույն հիմնավորում չէ։

Օրենսգրքում ավելի շատ հոդված ունենալը դեռ չի նշանակում ավելի արդյունավետ պաշտպանություն։
Նույն խնդիրը կա պատասխանատվության տարբերակման հարցում։
Առաջարկվող 165.1-ին հոդվածի և՛ 1-ին, և՛ 2-րդ մասերով էլ նախատեսված է ցմահ ազատազրկում։ Իսկ լրացուցիչ ծանրացնող հանգամանքների դեպքում որոշակի ժամկետով ազատազրկման նվազագույն շեմն ընդամենը մեկ տարով է բարձրանում՝ 14-ից դառնալով 15 տարի։
3․ Խնդիր կա նաև պատիժների համաչափության հարցում
Օրինակ՝ ընտանիքի անդամի կողմից ընտանիքի մեկ այլ անչափահաս անդամին առևանգելու համար, եթե դա անզգուշությամբ առաջացրել է որևէ ծանր հետևանք, առաջարկվում է 8-ից 15 տարի ազատազրկում։
Համեմատության համար՝ վարձատրությամբ կամ պատվերով մանկահասակ երեխայի սպանության համար նախատեսված է 14-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
Այսինքն՝ առաջին դեպքում պատժի վերին շեմը՝ 15 տարին, նույնիսկ բարձր է երկրորդ հանցագործության նվազագույն շեմից՝ 14 տարուց։

Սա պատժաչափերի համաչափության վերաբերյալ էական առարկության հիմք է․ սուբյեկտիվ կողմով, պատճառված վնասի բնույթով և վտանգավորությամբ տարբեր հանցագործությունների սանկցիաների այս հարաբերակցությունը մասնագիտական տեսանկյունից խիստ խոցելի է։

4․ Եվ կա ևս մեկ՝ ավելի լայն խնդիր

Նախագծով առաջարկվում է ամբողջ Քրեական օրենսգրքում «մերձավոր ազգական» հասկացությունը փոխարինել «ընտանիքի անդամ» հասկացությամբ՝ միևնույն ժամանակ ընդլայնելով այդ շրջանակում ընդգրկվող անձանց ցանկը։
Սա պարզապես բառի փոփոխություն չէ։

Այդ հասկացությունն օգտագործվում է Օրենսգրքի բազմաթիվ նորմերում, այդ թվում՝ ընտանեկան բռնության հետ անմիջական կապ չունեցող դեպքերում։ Հետևաբար մեկ եզրույթի համատարած փոխարինումը կարող է իրավական հետևանքներ ունենալ ամբողջ Քրեական օրենսգրքի համար։
Նման փոփոխությունը չի կարելի կատարել որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի նախագծի ուղեկցող տեխնիկական փոփոխություն։ Այն պահանջում է առանձին և շատ մանրամասն գնահատում։
——————
Կարծում եմ՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը մասնագիտական շատ ավելի լայն քննարկման կարիք ունի՝ քրեական իրավունքի գիտնականների, փաստաբանների, դատավորների, դատախազների և քննիչների մասնակցությամբ։

Այստեղ քննարկման առարկան պետք է լինի Քրեական օրենսգրքի կառուցման սկզբունքները, կոդիֆիկացիան ու համակարգային ամբողջականությունը։
Ընտանեկան բռնության դեմ պայքարի նպատակը կարևոր է։ Եվ հենց այդ կարևորությունն է պահանջում, որ ընտրված իրավական գործիքները լինեն հիմնավորված, համաչափ և համակարգային։
Իմ հիմնական առարկությունը հենց սա է․ չի կարելի ճիշտ նպատակի անվան տակ մասնատել և արհեստականորեն ուռճացնել Քրեական օրենսգիրքը, կրկնօրինակել արդեն գոյություն ունեցող հանցակազմերը և դա ներկայացնել որպես պաշտպանության ուժեղացում։

Գևորգ Բարսեղյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը․ «Հայաստան» դաշինք

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը․ «Հայաստան» դաշինք Sat, 03 Oct 2026 11:57:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով