Առաջարկ երեք նախագահներին
Mon, 05 Oct 2026 14:22:03 +0400

«Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսում «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը քննադատության է ենթարկել Հայաստանի նախկին և գործող իշխանությունների գործունեությունը՝ հայտարարելով, որ անկախությունից ի վեր երկիրը չի կարողացել կառուցել այն պետությունը, որի մասին երազել են հայերը։
Կարապետյանցի գնահատմամբ՝ Հայաստանի բոլոր չորս իշխանություններն էլ սխալներ են թույլ տվել, սակայն, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին իրավիճակը հասել է այլ մակարդակի։
Նա պնդել է, որ եթե նախորդ իշխանությունների սխալները, իր գնահատմամբ, եղել են անուղղելի, ապա գործող իշխանությունը, ի տարբերություն նրանց, նպատակային կերպով իրականացնում է գործողություններ, որոնք Կարապետյանցը բնորոշում է որպես «ազգակործան»։ Նա Փաշինյանին մեղադրել է Սահմանադրության, օրենքների, քաղաքացիների իրավունքների, մարդկային արժանապատվության և հայկական ինքնության ոտնահարման մեջ։
Կարապետյանցը առանձնացրել է նաև Արցախի հարցը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում տեղի է ունեցել Արցախի կորուստն ու հայաթափումը։ Նա քննադատել է նաև իշխանությունների վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ այն գնահատելով որպես հակաիրավական և հակասահմանադրական գործընթաց։
Միևնույն ժամանակ, «ՆԺԱՐ» շարժման համահիմնադիրը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հրաժարվել հասարակության մեջ ձևավորված ատելության և բևեռացման մթնոլորտից ու անցնել համերաշխության։
Նրա խոսքով՝ միայն ներդաշնակ հասարակությունն է ի վիճակի ձևավորել կայացած պետականություն։
Կարապետյանցը առաջարկել է նաև Հայաստանի առաջին երեք նախագահներին տրամադրել անձեռնմխելիություն՝ պայմանով, որ նրանք հեռանան ակտիվ քաղաքականությունից։ Նա կոչ է արել դադարեցնել անցյալի և ներկայի շուրջ տարաձայնությունները, միավորել տարբեր ուժերի և սկսել, իր ձևակերպմամբ, «դե ֆակտո պետության կառուցումը»։
«Սկզբունք» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց նախաձեռնությունը նպատակ ունի նոր էջ բացել՝ այն հիմնավորելով սկզբունքների, արժեքների և արժանապատվության վրա՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր