Հունգարական կենտրոն Երեւանում, Հայագիտական ամբիոն՝ Հունգարիայում
Mon, 05 Oct 2026 21:15:03 +0400

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Հայաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիան, հյուպատոս Պիտեր Տարչայը և Ֆերենց Ռակոցի II-ի անվան Անդրկարպատիայի հունգարական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Նատալյա Վարադինը։ Բուհի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Հունգարիայի կրթական հաստատությունների միջև կապերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերը։
Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նշել է` Մանկավարժական համալսարանը պատրաստակամ է համագործակցելու տարբեր ուղղություններով՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդումն ու փոխադարձ փորձի փոխանակումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՊՄՀ-ի և Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես՝ կարևորվել է Պիտեր Պազմանի անվան համալսարանի հետ ակադեմիական շարժունության, համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հայաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիան ներկայացրել է դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել բուհերի հետ համագործակցությունը։ Նա ևս ընդգծել է Պիտեր Պազմանի անվան համալսարանում գործող Հայագիտական ամբիոնի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ այն մեծ աշխատանք է իրականացնում Հունգարիայում հայագիտության զարգացման ուղղությամբ։ Ալեքսանդրա Չիզմադիան անդրադարձել է նաեւ ՀՊՄՀ-ում գործող Հունգարական կենտրոնին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու կենտրոնի գործունեությանը և տարբեր ծրագրերի իրականացմանը։

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր